RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2641, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ ԵՎ ԱՏԱՄՙ ԸՆԴ ԱՏԱՄԱՆԻ» ՓՈԽԱՐԵՆՙ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ

ՆԱԻՐ ՅԱՆ

Նոյեմբերի 8-ին Շուշի-Ստեփանակերտ ճանապարհինՙ չեզոք գոտում, նոր ջրատարի անցկացման աշխատանքներ կատարելիս հայ քաղաքացիական անձանց վրա կրակ է արձակվել: Պաշտոնական հայտարություններում նշվել է, որ կրակն արձակվել է ադրբեջանական կողից: Տարբեր աղբյուրներ հետո հստակեցրին, որ ոչ թե ադրբեջանականի դիրքերից է կրակն արձակվել, այլ մի զինված ադրբեջանցի բղավելով, հայհոյելով մոտեցել է շինարարական աշխատանքն իրականացնող հայ քաղաքացիական անձանց ու կրակահերթ բաց արել նրանց վրա: Որոշ աղբյուրներ նշում են, որ ադրբեջանցին Իլհամ Ալիեւի թիկնապահներից մեկն է, հրազենային վերք ստացած բանվորները պատմում են, որ նա եղել է հատուկջոկատայինի համազգեստովՙ զինված ատրճանակով ու ավտոմատով: Նրա ադրբեջաներեն գոռգոռոցներին ի պատասխանՙ հայ բանվորները ռուսերեն ասել են, որ ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական կողմը տեղյակ են, թույլատրել են ջրատարաների նորոգման աշխատանքներ կատարել, ինչից հետո ադրբեջանցին ուղղակի գնդակահարել է աշխատակիցներից մեկինՙ 22-ամյա Մարտիկ Երեմյանին , որը տեղում մահացել է, այնուհետեւ կրակահերթ է բացել նաեւ մյուսների ուղղությամբ, տեսնելով, որ նրանք վիրավոր վազում են, շարունակել է հետապնդել: Մյուս երեքը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց: Մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Բոլորս գիտենքՙ նոյեմբերի ութն ինչ օր է: Ադրբեջանցի թիկնապահի կամ հատուկջոկատայինի շեֆը Շուշիում տոնում էր բերդաքաղաքի օկուպացման մեկամյակը: Փաստորեն, նա տոնի առթիվ իր շեֆին նվեր մատուցեցՙ հային մատաղ արեց իր տիրոջ ոտքերի տակ:

Արցախի ԱԱԾ-ն արձանագրեց դեպքըՙ տարածելով հայտարարություն: Հայաստանյան գերատեսչությունները, իշխանությունները, իհարկե, գլուխներն էլի ավազի մեջ խրեցին. Ալիեւը Շուշիում քեֆ է քաշում, հրավառություն է անում, ինչ-որ 22-ամյա մատաղ արված երիտասարդի համար արժե՞ վատամարդ դառնալ, Ալիեւին զայրացնել: Զոհ է, էլի, 5-6 հազարը տվել ենք, մի զոհ ավել, մի զոհ պակաս...

Փաշինյանն առավոտից երեկո խաղաղության օրակարգի, թուրքի հետ բարեկամություն անելու քարոզչություն է անում, հազարավոր զոհերին, գերիներին, անհետ կորածներին տեր չկանգնեց, 22 տարեկան Մարտիկ Երեմյանի սպանությունն ի՞նչ է որ:

Ողբերգական դեպքի կապակցությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անմիջապես հայտարարություն տարածեցՙ նշելով. «Արձանագրված միջադեպը հայ ժողովդրի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորահգրումից ի վեր բազմիցս հայտնել ենք:

Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունների ուսումնասիրության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը , հղում կատարելով Արցախի իր գործընկերոջն ու կիսելով նրա մտահոգությունները, հայտարարեց, թե Հայաստանում եւ Արցախում այս խախտումները բնույթով նույնն են ու դրանց իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է: 2020 թվականի պատերազմից հետո այն ոչ միայն չի նվազել, այլեւ ծայրահեղ դրսեւորումներ է ստացելՙ ի ցույց դնելով ֆաշիստական բնույթը:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, իսկ երեկոյան Ալիեւը Շուշիում ելույթ ունեցավ ու ասաց. «Հայաստանը հավերժ ապրելու է պարտված ժողովրդի եւ պետության խարանով, նա երբեք չի շտկի իր մեջքը: Այսուհետեւ այս հողում տիրելու է ադրբեջաներենը: Մենք հասանք նրան, որ Շուշիի մզկիթից ազան է հնչում»:

Հաջորդ օրըՙ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեցՙ կատարվածը համարելով «Հայաստանի հերթական սադրանքի հետեւանք»: Հայտարարության մեջ նշված է. «Այդ ժամանակ Շուշիում Ադրբեջանի նախագահի եւ պետական այլ պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառման անցկացման համար անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել: Դա իմանալովՙ տեղանքին հարող տարածքում ջրի խողովակների վերանորոգման աշխատանքների կատարումն անտրամաբանական է»:

Արբեջանի ԱԳՆ-ը տեղեկություն է տարածել, թե խողովակների նորոգման աշխատանքների մասին խաղաղապահ ուժերը տեղեկացված չեն եղել, նրանք այդ աշխատանքներում մասնակցություն չեն ունեցել:

Իհարկե, ինչպես միշտ, բոլորը չոր են դուրս գալիս ջրից, միակ տուժողը դարձյալ հասարակ հայ մարդն է, որը կա՛մ հողը վարելիս է ադրբեջանական ագրեսիայի զոհ դառնում, կա՛մ ջրատարի խողովակ անցկացնելիս:

Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական դեպքից ժամեր անց ադրբեջանական դիրքերից կրակ են բացել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի տրակտորիստի վրա: Տրակտորը վնասվել է, տրակտորիստը, բարեբախտաբար, ոչ:

Ինչ լինում է, հասարակ մարդուն է լինում, ադրբեջանական սադրանք լինի, թե պատերազմ, ոչ մի պաշտոնյայի, ղեկավարի մազն անգամ չի ծռվի: Եթե ծռվերՙ Մարտիկների, Տիգրանների, Արմեններիՙ ադրբեջանցիների կրակոցներից սպանվելն այս աստիճանի անտարբերության չէր մատնվի:

Արցախի դատախազությունը վիճակագրություն է ներկայացրել. անցած մեկ տարվա ընթացքում Արցախի բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն:

Դրանց հետեւանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ եւ 9 զինվորական, սպանության փորձի է ենթարկվել 24 քաղաքացիական եւ 44 զինվորական անձ, տարբեր աստիճանի հրազենային վերք է ստացել 9 քաղաքացիական եւ 28 զինվորական անձ, ֆիզիկական բռնության է ենթարկվել 6 անձ, սպանության սպառնալիքիՙ 2-ը:

Խաղաղ բնակիչներին հասցվել է 18 միլիոն դրամի գույքային վնաս, թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղտեխնիկա, 7 տրանսպորտային միջոց, խոշոր եղջերավոր անասուններ:

Բոլորս գիտենք, որ Հայաստանի իշխանությունների խաղաղասիրական կոչերը ոչ ոք լուրջ չի ընդունում, ադրբեջանցիները սարկազմով, ծաղրով են արձագանքում Փաշինյանի խաղաղության օրակարգին: Ապացույցըՙ արդեն սովորական դարձած ադրբեջանական ոտնձգությունները, մահաբեր կրակոցները, սադրանքները:

Ալիեւն ու նրա հասարակությունը, զինվորները գիտեն, որ Հայաստանի իշխանությունները հանցավոր անգործության են մատնված, նրանք ավելի շուտ նորից 5000 հայ տղաների կզոհեն, քան մի մարդասպան, հայատյաց ադրբեջանցու քթից արյուն կբերեն, գիտեն, որ Հայաստանի իշխանություններն իրենց միակ թշնամի համարում են Հայաստանի ժողովրդին ու միայն նրա հետ հաշվեհարդար կտեսնեն: Բնականաբար, ադրբեջանական հայատյացությունն իրենց սրտով է:

Եթե թշնամին իմանար, որ Հայաստանի իշխանություններն իրեն թշնամու տեղ են դնում ու թշնամու պես վերաբերվում, ինչպես իրենց երկրի նախագահըՙ մեզ, եթե թշնամին իմանար ու տեսներ, որ սպանված ամեն հայի համար մենք 5 ադրբեջանցի ենք սպանում, ինչպես արել ենք մինչեւ 2020 թվականը, իրեն այսչափ սանձարձակ ու լկտի չէր պահի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ