RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2677, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՏԱՐԵԼԻՑԻ ՇԵՄՆ ԱՆՑՆԵԼՈՎ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ցեղասպանությունից հարյուրվեց տարիներ անց, ուրացումը շարունակող եւ անպատիժ մնացած կազմակերպիչ-հանցագործը դեռեւս արթուն է դռան մոտ եւ միեւնույն ամբարտավանությամբ առաջ է տանում իր պանթուրանական ծրագրերը ի հաշիվ Հայաստանի:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մազապուրծ փրկված հայերին «սրի ավելցուկներ» է անվանում, հասկացնել տալով, որ նրանք էլ արժանի էին իրենց զոհված հարազատների ճակատագրին, բայց նրանց բնաջնջումը պարզապես խնայվել է դահիճների կողմից:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է հայերին բնութագրել որպես թշնամիների եւ հոխորտում է, որ ադրբեջանական բանակը հայերին «շների նման» դուրս է շպրտել իր երկրի տարածքից: Նման արտահայտությունները 21-րդ դարում քաղաքական բանավեճի պատշաճ բառապաշար չեն կարող համարվել: Սակայն, Հայաստանը, ըստ երեւույթին, մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել այդպիսի մտայնության տեր ղեկավարների հետ:

Տրամաբանության հեգնանքը բացահայտելու համար պետք է մեջբերենք Շուշիի «հաղթանակի» տոնախմբությունների վերաբերյալ թուրքական «Սաբահ» օրաթերթի լուսաբանումը: Թուրքական պատվիրակությանը, որին առաջնորդում էր պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը , անձամբ դիմավորել էր նախագահ Ալիեւը: Տոնախմբության ժամանակ ելույթ ունենալով Աքարը նշեց. «Հաղթանակը ձեռք է բերվել, բայց նոր պայքար է մղվում հաստատելու համար տեւական խաղաղություն, որը երկար տարիներ անց, վերջապես կայունություն կբերի Կովկասին»:

«Երկուշաբթի օրը Շուշայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշեց, որ երկիրն ի վիճակի եղավ զորակոչի ենթարկելու իր բոլոր ուժերը եւ երկրից դուրս շպրտելու թշնամուն», նկատի ունենալով հայ զինվորներին, որոնք գրավել էին Ղարաբաղը 1991-ին: «Հայաստանն այժմ պարտված պետություն է»: «Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կառուցողական մոտեցում են ցուցաբերել խաղաղություն պարգեւելու համար հաջորդ սերունդներին: Նրանք կայունության եւ համագործակցութան հիման վրա մի նոր դարաշրջանի դուռն են բացել», ասաց Աքարը, շարունակելով. «Բոլորն էլ գիտեն, որ ապագան չի կարող հիմնվել ատելության եւ ոխի վրա: Հայաստանը պետք է հրաժարվի թշնամությունից եւ հայացքն ուղղի դեպի ապագան»:

Այսպիսի հռետորաբանությունը բնորոշ չէ հաղթական կողմի համար: Դա ընդամենը բխում է թուրք եւ ադրբեջանցի ղեկավարների հուսախաբությունից: Եթե նախագահ Ալիեւը իսկապես հավատում էր, որ «ի զորու է իր բոլոր ուժերը հավաքագրել եւ թշնամուն դուրս մղել», ապա նա կարիքը չէր ունենալու ապավինելու իսրայելական եւ թուրքական ԱԹՍ-երին: Ոչ էլ սիրիացի ջիհադիստներին եւ Պակիստանի օդուժի կրակահերթերին: Ուժերի այդ «հավաքագրումի» պայմաններում, Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենամարտունակը լինելու իր համբավը արդարացրեց 44 օր շարունակ դիմադրելով թշնամուն եւ երեք անգամ ավելի զոհ պատճառելով (18 հազար) նրա բանակին:

Պատերազմից հետո կացությունը չափազանց հեղհեղուկ էր եւ թվում էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են բռնի ուժով իրենց համար բացել «Զանգեզուրի միջանցքը»: Սակայն համագործակցված ուժերի ներկայությունը խափանում է նրանց այդ ծրագիրը: Նախքան պատերազմը ադրբեջանցիները զայրանում էին, որ հայկական բանակը իր հսկողության տակ է վերցրել «իրենց տարածքի» մի մասը: Այսօր նրանք պարտավոր են հանդուրժել երկու բանակների ներկայությունը. Ղարաբաղի պաշտպանության ուժերի, որոնք դեռեւս Ստեփանակերտում են, եւ ռուսական խաղաղապաշտպան ուժերի, որոնց ադրբեջանցիք ներկայացնում են որպես «զավթիչների»: Երկրի անհանգիստ ընդդիմությունը նպաստում է հակառուսական տրամադրություններին` մեղադրելով Ալիեւին ռուսական բանակի ներկայության համար:

Չնայած ալիեւյան կլանը Շուշին ներկայացնում է որպես ռազմական ավար, Ադրբեջանի ոչ մեկ քաղաքացի դեռ ոտք չի դրել այնտեղ, ինչը նպաստում է, որ Ալիեւի բռնատիրական ռեժիմի դեմ ժողովրդի զայրույթը սաստկանա:

Թուրքիան, իր հերթին, կարող էր ավելի ամուր հաստատվել Ադրբեջանում, թեկուզ ռուսական զորքերի հետ, բայց Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների բանակցությունների արդյունքում դուրս մնաց այդ տարածքից:

Մեկ տարվա ընթացքում (սկսած 2020-ի նոեմբերի 9-ից) կայացած ութ հանդիպումներից հետո այդ բանակցությունները ընդամենը հանգել են, որ պետք է բացվեն, ապաշրջափակվեն բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության միջոցները:

Անցած մեկ տարվա ընթացքում Արեւմուտքը քաղաքական սուր քննադատական ուղերձներ է հղել Թուրքիային եւ Ռուսաստանին, ոչ անպայմանորեն պաշտպանելով Հայաստանին, բայց վստահաբար վերջինիս թշնամիներին ի նկատի ունենալով: Այդ ուղերձների շնորհիվ է, որ Հայաստանը փրկվել է շնչահեղձ լինելուց եւ հնարավորություն է ստացել խուսանավելու:

Ուղերձներից մեկն, ակնհայտորեն, Հայոց ցեղասպանության ճանաչումն էր նախագահ Բայդենի կողմից, ուղղված Թուրքիային` ՆԱՏՕ-ի իր չհամագործակցող դաշնակցին: Պետքարտուղարության Էրիկա Օլսոնի այցը Երեւան նույնպես հստակ ուղերձ էր: Նա եկել էր խորհրդակցելու Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում հավատարմագրված Մ. Նահանգների դեսպանների հետ: Այդ խորհրդակցությունը մեկ այլ մայրաքաղաքում բոլորովին տարբեր ուղերձ էր հղելու: Նախագահ Բայդենը Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարներին Վաշինգտոն է հրավիրել դեկտեմբերի 9-10-ին ժողովրդավարության հարցի շուրջ խորհրդակցելու համար: Նա ցուցադրաբար Թուրքիային եւ Ադրբեջանին` որպես բռնապետական երկրների, դուրս է թողել ադ քննարկումներից:

Տարվա ընթացքում, Մ. Նահանգների պաշտպանության քարտուղար Լոյդ Օստինը Վրաստան էր այցելել խափանելու համար տարածաշրջանում հակամարտությունները կարգավորելու 3+3 ձեւաչափը: «Ռուսաստանը պարտավոր է հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը նախքան նման գաղափարներ առաջ քաշելը», ասել էր նա:

Մյուս կողմից, Եվրոպայի խորհրդարանական համաժողովը (PACE) մեղադրել է Ադրբեջանին խախտելու համար անդամակցության իր գլխավոր սկզբունքներից մեկը, որն արգելում է հակամարտությունները կարգավորել ուժի կամ պատերազմի միջոցով, դա համարելով պատժամիջոցների կիրառմանն արժանի արարք: Պատերազմի սանձազերծումով Ադրբեջանը նախ խախտել է ԵԱՀԿ-ի (OSCE) դավանած սկզբունքները, սակայն, դժբախտաբար, մինչ օրս ոչ մի երկիր չի քննադատել Բաքվին դրա համար:

Կովկասում ընթացող քաղաքական զարգացումների եւ դրանց վերաբերյալ անցկացվող բանակցությունների հիմքում ընկած են երկու հակասական ձեւաչափեր: Մեկը Անկարայի եւ Բաքվի առաջարկած 3+3 ձեւաչափն է, որին Մոսկվան աջակցում է: Այս ձեւաչափը կարգավորումների պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի վրա, բայց որպես մասնակիցների հրավիրելով նաեւ Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին:

Վրաստանը կտրականապես հրաժարվել է մասնակցել նման ձեւաչափի քննարկումներին, որովհետեւ չի ցանկանում գործ ունենալ Ռուսաստանի հետ: Հայկական կողմը տատանվում է առնել նման քայլ` Կրեմլին չվրդովեցնելու համար:

Քանի որ այդ ձեւաչափի գլխավոր նպատակը Կովկասից Արեւմուտքին դուրս թողնելն է, Իրանը դրական է վերաբերվում դրան: Սակայն պետք է նշել, որ մասնակից այդ երկրներից եւ ոչ մեկը չի ցանկանում քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ռուսաստանի համար դա կարելի է անել ապագայում, երբ անկլավի ամբողջական ռուսականացումը ամբողջանա:

Մյուս ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններն են, որոնք դեռեւս պնդում են, որ ղարաբաղյան կարգավիճակի հարցը լուծված չէ տակավին: Հայաստանն իր հույսերը կապել է Մինսկի խմբի առաջարկած այս ձեւաչափի հետ, չնայած հստակ չէ, թե այդ խմբի համանախագահները ինչ կարգավիճակ են նախատեսել անկլավի համար:

Եռակողմ բանակցությունների ամբողջ ընթացքում Կրեմլը երկդիմի հղումներ է կատարել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, սիրաշահելով Ալիեւին ի հաշիվ Հայաստանի անկախ պետականությանը: Բայց կարծես թե Արեւմուտքի պատգամներն ու կովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումները որոշ հստակություն են մտցրել Ռուսաստանի դիրքորոշման մեջ:

Վերջերս, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այցելեց Հայաստան: Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդվզումին, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի արձանագրության իր պարտավորությունները, Օվերչուկը ասաց. «Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարության ղեկավարները մեծ առաջընթաց են կատարել Ռուսաստանի միջնորդությամբ անցկացված բանակցություններում, որոնք միտված են երկու երկրների միջեւ տրանսպորտային կապեր հաստատելուն»: Առավել նշանակալի էր նրա անդրադարձը երկու երկրների ինքնիշխանության հարցին. «Այժմ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ ունենք իրականում: Ճանապարհների վիճակը քնննարկելով մենք, ըստ երեւույթին, ավելի ենք մոտենում կոնկրետ որոշումներին, որոնք առաջին հերթին հիմնված են այն տեսակետի վրա, որ երկրները պետք է պահպանեն իրենց տարածքով անցնող ճանապարհների վերահսկողությունը»:

Սա, ինչ խոսք, անուղղակի ակնարկ էր միջանցքի հարցի վերաբերյալ: Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը այնուհետեւ ամրապնդեց Օվերչուկի խոսքերը, հստակ նշելով «Զանգեզուրի միջանցք» եզրույթը:

«Լրատվամիջոցներում քննարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտության վերաբերյալ պակաս կարեւոր չէ իմանալ, որ բանակցություններին մասնակցող եռակողմ խմբի անդամները համաձայնել են, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված բոլոր ճանապարհները գործելու են իրենց համապատասխան երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պայմաններում»:

Նշված հայտարարությունները կարող են բավարարել հայկական կողմին, եւ գուցե սա է պատճառը, որ Մոսկվան պատրաստվում է հեռակա հանդիպումների ձեւաչափով պայմանագիր ստորագրել տալ կողմերին մոտ ապագայում:

Սա, գուցե, վերջապես հանգիստ կթողնի միջանցքի հարցը: Բայց Հայաստանի ընդդիմությունը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում ցույց էր կազմակերպել` բողոքելով ընդդեմ «Հայաստանի թուրքացմանը»:

Հենց պայմանագրի մանրամասները հայտնի դառնան, Հայաստանի քաղաքացիները տեղեկանալու են, թե որ կողմն էր իրավացի. կառավարությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը:

Սա, իհարկե, երկար ճանապարհի սկիզբն է: Ճանապարհների ապաշրջափակումը կամ հաղորդակցության նոր ճանապարհների կառուցումը կարող է, ի վերջո, բարենպաստ լինել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար, սակայն այդ ճանապարհների ցանցի շինարարությունը կախված է լինելու ներդրողներից եւ գերհզոր պետություններից, որոնք անշուշտ հետապնդելու են իրենց շահերը:

Հաջորդ քայլը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն է, որը փշոտ հարց է, բայց ոչ այնքան փշոտ` որքան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակնկալվող խաղաղության պայմանագիրը: Ադրբեջանը առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, որտեղ վերջինս պետք է հրաժարվի Ղարաբաղի նկատմամբ իր բոլոր պահանջներից: Թուրքիայի խաղաղության պայմանագիրը նախատեսում է վերջնականապես որոշել Հայաստանի հետ իր սահմանները` հիմնված 1921 թվի Կարսի պայմանագրի վրա, եւ ներել Թուրքիային կատարած Ցեղասպանության համար:

Երկու պայմանագրերն էլ նույնքան թունոտ են, որքան պատերազմը, որ այդ երկրները սանձազերծեցին Հայաստանի դեմ:

Մենք այժմ գտնվում ենք հանգուցալուծման երկար ճանապարհի սկզբում:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ