RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2700, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՌԱԲԼՈՒՐԻՆ ՆՈՐԻՑ ՔԱՀԱՆԱ Է ՊԵՏՔ»

ՆԱԻՐ ՅԱՆ

Եռաբլուրը կարծես նոր կառուցվող քաղաք լինի: Ամեն անկյունից, անգամ շատ ավելի հեռվից շինարարական աշխատանքների թխկոց-չխկոց, սղոցի ձայն, մուրճի զնգոց է լսվում:

Միաժամանակ շիրիմներ են կառուցապատվում, բետոնապատվում, սալիկապատվում, տղերքի հարազատներն են ամեն օր այցի գալիս, ու... նոր գերեզմաններ են փորվում:

Եռաբլուր առաջին անգամ այցելողը թերեւս կխելագարվի այս պատկերներից: Թվում էՙ դաժան միջնադարում ես, որտեղ մարդկային խիղճը ծախվում էր մի ճոթ հացով, մարդկային կյանքըՙ դրանից էլ էժան:

Եռաբլուրը գրոտեսկային է, խտացված գույներով, ծանրացած ասելիքով, բայց սա է իրական իրականությունը: Այո՛, մի տեղ Հերոսի ծնունդն են նշում, մի տեղՙ մահվան տարելիցը, մի շիրիմ այնպես է ծածկվել գունեղ ծաղկեփնջերով, որ տապանաքարը չի երեւում: Կան շիրիմներ, որոնց վրայի ծաղիկները շատ վաղուցվա ենՙ չորացած, խունացած. երեւում էՙ այցելուներն էլ են քիչ ու հազվադեպ:

Շիրիմների մի ամբողջ շարք, թվում է, ուր որ է փուլ կգա. բանվորները կառուցապատում են, ցեմենտ-բետոնի աշխատանքներ իրականացնում: Սիրտները մղկտում է. մի ամբողջ ջահել սերունդ է սպանվել, բայց պիտի գործ անեն, այդպես է որոշվել: Տղաները մնացել են բետոնի հաստ շերտի տակ, դեռ պիտի քարով երեսպատվեն, նոր միայն տապանքարի արժանանան: Բոլորըՙ միանման, բոլորըՙ միագույն ու միաձեւ:

Սարսափ-ֆիլմ չէ, այլ իրական իրականություն:

Նոյեմբերի ութի լուսադեմին Նիկոլ Փաշինյանը մեն-մենակ Եռաբլուր է եկել: Ավելի ճիշտՙ մեն-մենակ չէ, թիկնապահների զորախմբով, անձնական օպերատոր-լուսանկարչով: 15 րոպե է մնացել Եռաբլուրում, սովորության համաձայնՙ մեկ ոտքով չոքել տղերքի շիրիմներին, ծաղիկներ դրել. 15 րոպեանոց այցելության հանրագումարը եղել է 16 լուսանկարը, որ հրապարակվել է պաշտոնական կայք-էջերում:

Ըստ էությանՙ Փաշինյանը թաքուն, գաղտագողի է գնացել Եռաբլուր: Այս անգամ բեմադրություններ չեն եղել, օրինակՙ անցյալ անգամվա պես ոչ մի որդեկորույս մայր չի խոնարհել ու չի համբուրել նրա ձեռքերն ու չի ասել. «Որդուս կորցրի, գոնե քեզ չկորցնեմ»:

Եթե լուսադեմին չգնար Եռաբլուր, այլ կեսօրին, միգուցե նրան նմանատիպ «հաճելի անակնկալներ» սպասվեին: Բայց չի բացառվում, որ տհաճ, սարսափելի տհաճ անակնկալներ էլ սպասվեին: Օրինակՙ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրըՙ տիկին Լիդան, արդեն մեկ տարի սպասում է նման մի առիթի, որ կանգնի Փաշինյանի դիմաց, նայի նրա աչքերի մեջ ու ասի. «Դու չգիտե՞ս, որ Հերոսների շիրիմների առաջ երկու ոտքով են չոքում, ոչ թե մի ոտքով: Դա կզել-կռանալ չի նշանակում, հարգանքն այդ տեսքն է ունենում: Իսկ կզել-կռանալ, դու լավ գիտես, թե ում առաջ է լավ ստացվումՙ Ալիեւի:

Նիկոլ, ես հպարտ չեմ, որ հերոսի մայր եմ, հպարտ կլինեի, եթե որդուս չլինելու գինը փրկված, թուրքից ազատագրված հայրնեիքս լիներ: Բայց հիմա ոչ մինուճար որդիս կա, ոչ հայրենիքս: Ես շահումյանցի եմ: Երեսուն տարի առաջ Շահումյանը հանձնեցինք թուրքին, ես եկա Արցախի ազատագրված վայրեր, ազատագրված Արցախը դո՛ւ հանձնեցիր թշնամուն, հիմա էլ Հայաստանն ես հանձնում: Ես պատմական երեք հայրենիքից եմ զրկվել, հասկանո՞ւմ ես:

Նիկո՛լ, վիրժառու Արամ Երկանյանը երբ սատկացնում է երիտթուրք հայսպաններ Շաքիրին ու Ջեմալ Ազմիին, ասում էՙ այդ գիշեր ես մանկան քնով քնեցի: Ես չեմ քնելու, Նիկոլ, գիշերով գալու եմ Եռաբլուր, տղերքին աչքալուսանք տամ»:

Տիկին Լիդան այսքանը բարձրաձայն է ասում, բայց ոչ Փաշինյանի առջեւ կանգնած, Փաշինյանը լուսադեմին է եկել-գնացել, որ Հերոս Դավթի մայր Լիդային, Հերոս Մխիթարի մայր Աստղիկին, Հերոս Հայկազի մայր Աննային, Հերոս Էրիկի մայր Սոնային չհանդիպի: Նրանք ոչ մի դեպքում չեն խոնարհվի իր առաջ ու թույլ չեն տա, որ Նիկոլն իրենց զավակների շիրիմներին մոտենա, առավել եւս ծաղիկ դնի ու մի ոտքով չոքի:

Տիկին Լիդան ասում էՙ եթե Նիկոլն է եկել, ուրեմն պիտի քահանա բերենքՙ Եռաբլուրը օծի, օրհնի, ախտազերծի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ