RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2840, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԵՆ-ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ «ԲԱՌԱՐԱՆ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարիներ առաջ, երբ Շուշիում Հորովել էր հնչում, ոչ թե մուղամ, հադրութեցի Ասյա բաբոն էլ գիշերն աչք չէր կպցնում, քանի որ կուրկուտը թոնրի մեջ էր, Հայաստանում բոլոր խոսակցություններն այն մասին, թե պետք է սովորել ադրբեջաներեն, հանդիպում էին լավագույն դեպքումՙ հեգնանքի, վատագույն դեպքումՙ գրեթե դավաճան համարվելու սպառնալիքի:

Բայց անցան տարիներ եւ հիմա, երբ հայերեն խոսող ադրբեջանցիներն սկսեցին Շուշիում մուղամ լսել ու Հադրութում թոնիր պղծել, Հայաստանում խորապես հասկացան թշնամու լեզվով խոսելու կարեւորությունը: Նույնիսկ Արցախում բացվեց ադրբեջաներենի կենտրոն, որտեղ սովորում են ոչ միայն թշնամու լեզուն, այլեւ թշնամի պետության պատմությունը: Այ սա, անհամեմատ ավելի հետաքրքրական է: Բանն այն է, որ Ադրբեջանի պատմությունը սովորական պատմություն չէ: Այո՛, այն հազարամյակներ չի ներառում, այո՛, այն եթե հատորներով է, ուրեմն կեղծված է, այո՛, դրա էջերում հերոսները հիմնականում Ալիեւ ազգանունն ունեն, իսկ որոնք էլ չունենՙ կացին ունեն, բայց այդ պատմությունը սովորական չէ, քանի որ այն ուսումնասիրելիս կարելի է սովորելՙ ինչպես քոչվոր ցեղից դառնալ նորագույն զենքով կռվող պետություն, որին աշխարհում ներվում է շատ բանՙ շնորհիվ ունեցած էներգետիկ հարստությունների ու դրանից բխող հսկայական փողի, որը, ճիշտ է, կենտրոնացած է հիմնականում երկու ընտանիքներում, բայց այս ընտանիքները բացի ապարանքներ կառուցելու մոլուցքից, «ազգային-հայրենասիրական» նպատակներ էլ ունեն, օրինակՙ սիրում են պարբերաբար թարմացնել երկրի զինանոցըՙ հասկանալով, որ իրենց հարստությունը կփոշիանա, եթե իրենց երկիրը զենք չունենա:

Ուրեմն Ադրբեջանի պատմությունը կարող է դասագիրք դառնալ Հայաստանում, քանի որ բազմաթիվ ադրբեջանցիներ արդեն իսկ կարողանում են հանգիստ կարդալ ու հասկանալ հայերեն, չեմ ասի, թե ինչու: Ուրիշ բան կասեմ, երբ 27 տարի առաջ Ադրբեջանը պարտվեց արցախյան պատերազմում, երբ Հայաստանն սկսեց ննջել դափնիների վրաՙ վստահ լինելով, որ թշնամին այլեւս երբեք չի համարձակվելու վերսկսել պատերազմը, երբ Հայաստանում գրեթե բոլորը համարեցին պատերազմն ավարտված, դրա արդյունքներն էլ գոհացուցիչ, Ադրբեջանում սկսվեց մի շատ ուշագրավ գործընթաց: Եթե կարճ, ապա գործընթացն այդ կոչվում է «սեփական երկրի պաշտամունք»: Ընդ որում, խոսքն ամենեւին էլ, օրինակ, իրանական մշակույթի ներկայացուցիչներին ադրբեջանցի սարքելու պետական քաղաքականության, կամ ամեն հայկական բանՙ իրենցը համարելու մասին չէ, այլՙ «Ադրբեջան» անունը մեծարելու մասին: Նույնիսկ լրատվական կայքերում ամեն 3-րդ, 4-րդ վերնագրերում պարտադիր կար «Ադրբեջան» անունը: Մամուլը տքնաջան պեղում ու գտնում էր աշխարհի տարբեր վայրերում կամ խուլ ադրբեջանական գյուղերում (հատուկ շեշտելով, որ այդ գյուղերն ադրբեջանական են) հաջողության հասած ադրբեջանցիների ու ներկայացնում նրանց պատմությունները: Սա իհարկե տեղի էր ունենում մանկապարտեզ-դպրոցներում հայատյացություն սերմանելուն զուգահեռ, ինչի հետեւանքով հային ատելը Ադրբեջանում համարվում է ադրբեջանցուն սիրելու հոմանիշ, բայց թշնամուն ատելը պարտվածի խարանից ազատվելու համար ամենեւին էլ պարտադիր պայման չէ. պարտադիրը սեփական ազգը, պետությունը սիրելն է, դրանց անսխալականության ու հավերժության հավատն է, ինչը, փաստորեն, հրաշալի արել է 27 տարի առաջ պարտված Ադրբեջանը:

...Ու մի բան էլ, արդեն ադրբեջաներենից: Այդ լեզվով (նաեւ թուրքերենով) «նվաճել» բառը որեւէ բացասական իմաստ չունի, հայերենում «նվաճողները» լավ չեն, որովհետեւ հայ չեն: Տեսնես ինչո՞ւ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ