RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2716, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Դիվանագետ, իրանագետ

Նոյեմբերի 29-ը միջազգային մեկուսացումից դուրս գալու նոր մեկնակե՞տ

Վերջապես պաշտոնական Թեհրանն իր համաձայնությունը հայտնեց վերսկսել բանակցությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) բխող պայմանավորվածությունները վերականգնելու համար: Այսպիսով, նոյեմբերի 29-ը կարող է Իրանի համար միջազգային մեկուսացումից դուրս գալու եւ պատժամիջոցների բեռը թոթափելու նոր մեկնակետ դառնալ:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, բանակցությունների վերսկսման ժամկետը հետաձգելու Իրանի ռազմավարությունը հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թեհրանը ցանկանում էր բարձրացնել բանակցություններում իր սակարկելու հնարավորությունները:

Այսօր արդեն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը, որ դատելով տարբեր ուղղություններով վերջինիս ձեռնարկած ակտիվ դիվանագիտությունից, նաեւ ցանկություն ունի ՀԳՀԾ-ի շուրջ պայմանավորվածությունները վերականգնելու միջոցով իրագործել երկրի տնտեսական բարեփոխումների մասին նախընտրական շրջանում տված խոստումները:

Այնուամենայնիվ, դժվար է Վիեննայի բանակցությունների արդյունավետության մասին կանխատեսումներ անելը, քանի որ բանակցությունները վերսկսելու համար Վաշիգտոնն ունի երկու գլխավոր նախապայման, համաձայն որոնց Թեհրանը պետք էՙ ա) ուրանի հարստացման աստիճանը հասցնի ՀԳՀԾ-ով նախատեսված ելակետային սահմանին, եւ բ) սահմանափակի հեռահար հրթիռների արտադրությունը:

Սակայն Թեհրանը ոչ միայն չի ընդունում ԱՄՆ նախապայմաններն, այլեւ ակնկալում է ամերիկյան կողմի հավաստիացումներն առ այն, որ ԱՄՆ հաջորդ իշխանություններն այլեւս չեն հրաժարվի ՀԳՀԾ-ից, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ նախագահ Թրամփի օրոք: Թեհրանը, որպես նախապայման, ԱՄՆ-ից պահանջում է նաեւ բանակցությունների մեկնարկին չեղարկել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:

Հոկտեմբերի 18-ի հեռուստաելույթի ժամանակ, ԻԻՀ նախագահ Ռայիսին նշել է, որ Իրանը երբեք բանակցությունների սեղանը չի լքել, եւ պատրաստ է վերսկսել «արդյունահեն» բանակցությունները, ակնկալելով հակառակ կողմի պատրաստակամությունըՙ պատժամիջոցները վերացնելու հարցում:

Սակայն, Իրանի հետ երկխոսելու նախապայմաններ ունի ոչ միայն Վաշինգտոնը: Մեծ Բրիտանիայի Գլազգո քաղաքում նոյեմբերի 1-ին կայացած կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակներում, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է, որ ԻԻՀ նախագահը պետք է ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում վճռական քայլեր ձեռնարկի, քանի որ, ըստ հայտարարության, միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանխել վերահաս վտանգը: Հայտարարությանը միացած պետություններն ընդգծել են, որ միայն ՀԳՀԾ-ից բխող պարտավորությունների վերստանձնման դեպքում հնարավոր կլինի չեղարկել պատժամիջոցները, ինչը կնպաստի Իրանի տնտեսական զարգացմանը:

Բնականաբար, «պարտավորությունների վերստանձնում» նշանակում է ուրանի հարստացման աստիճանը հասցնել ՀԳՀԾ-ով նախատեսված ելակետային սահմանին, ինչը թուլացնում է Իրանի դիրքերը նախատեսվող բանակցություններում:

Սեփական դիրքերը բանակցություններում ամրապնդելու համար Թեհրանն ակնկալում է Մոսկվայի ու Պեկինի աջակցութունը, որի համար էլ Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը հոկտեմբերի վերջերին հայտարարել էր. «Մենք միջուկայինի թեմայով բանակցությունները երեք եվրոպական երկրների հետ տրամաբանական ու ընդունելի ենք համարում, սակայն քննարկումները դիտարկում ենք միայն այն ձեւաչափով, որի մեջ ներգրավված լինեն Չինաստանն ու Ռուսաստանը»:

Դեռեւս ապրիլին, Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի ՙ ԻԻՀ ԱԳ նախարարության արխիվի համար արված ձայնագրությունների գաղտնազերծումից հետո, միջազգային հանրությունն Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի շուրթերց լսեց, որ Ռուսաստանի մոտեցումները ՀԳՀԾ-ի հարցում եղել են պատեհապաշտական: Զարիֆի մեղադրական խոսքերի համաձայն, սկզբնական շրջանում ռուսները համոզված չէին, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, եւ միայն բանակցությունների ավարտական փուլին, նկատելով դրանց դրական ընթացքը, Ֆրանսիայի հետ միասին հանդես եկան նոր առաջարկովՙ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ միջուկային գործունեության համար ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությունն ստանալու պարտադիր պայմանի մասին: Դա նշանակում էր, որ ՀԳՀԾ-ի ժամկետը երկարաձգելու համար Իրանը վեցամսյա պարբերականությամբ պետք է բանակցեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների եւ 10 ոչ մշտական անդամների հետ:

Այնուամենայնիվ, փոխվստահության բացակայության պայմաններում, Իրանն ու Ռուսաստանը միշտ էլ կարողացել են փոխադարձ շահերի հիման վրա կառուցել հարաբերվելու յուրօրինակ մոդել, ինչը դարձել է երկկողմ հարաբերությունների առաջընթացի շարժիչ ուժ:

Հարկ է նշել, որ 4+1 ձեւաչափի մեջ են մտնում ԱԽ 4 մշտական անդամներըՙ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը, ինչպես նաեւ ԱԽ մշտական անդամ չհանդիսացող Գերմանիան: ԱՄՆ-ի մասնակցությունը իրականացվում էր անուղղակիՙ Իրանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի միջոցով, որը բանակցային գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունն ստանում էր իր եվրոպացի գործընկերներից: Հենց նա էլ հոկտեմբերի վերջերին Իրանին զգուշացրել է, որ դիվանագիտության անհաջողության դեպքում Իրանին զսպելու այլ միջոցներ էլ կարող են դիտարկվել:

Թեհրանն ու Մոսկվան ՀԳՀԾ-ի հարցում նույն մոտեցումներն ունեն, սակայն շահերի հակադրման առումով կողմերը շարունակում են պահպանել հակասությունները: Թեեւ շահերի բախումն Իրանին ու Ռուսաստանին թույլ չի տալիս ռազմավարական գործընկերներ դառնալ, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում մերձավորարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ստիպել են Մոսկվային ու Թեհրանինՙ մերձեցմանը միտված նոր քայլեր ձեռնարկել:

Մոսկվան ու Թեհրանը աշխատում են ԱՄՆ-ի ազդեցությունը նվազեցնելու նպատակով ընդլայնել իրենց համագործակցությունը տարբեր ոլորտներում: Կողմերը ձգտում են ՀԳՀԾ-ին վերադառնալու եւ Վիեննայի առկախված բանակցությունները վերականգնելու հարցում հանդես գալ միեւնույն դիրքերից:

Հոկտեմբերի 7-ին Ամիր-Աբդոլլահիանի մոսկովյան այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ երկկողմ բանակցությունների գլխավոր թեման, անկախ երկու երկրների շուրջը տեղի ունեցող անցուդարձերից եւ անկախ Հարավային Կովկասում ընթացող իրադարձություններից, եղել եւ մնում է ՀԳՀԾ-ին վերաբերող խնդիրը: Թեհրանի տեսակետով, առաջնային է համարվում նաեւ ՀԳՀԾ-ի թեման Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, ինչպես նաեւ Պեկինի հետ քննարկումների ժամանակ: Եվ քանի դեռ բոլոր ճանապարհները տանում են դեպի ՀԳՀԾ, եւ քանի դեռ այդ ոլորտը, ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է նշումՙ Թեհրանի հետ հարաբերություններում Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունն է, ուստի մնացյալ այլ ոլորտները, այդ թվումՙ Հարավային Կովկասին, Աֆղանստանին, անգամ Սիրիային վերաբերող հարցերը, երկկողմ հարաբերություններում երկրորդական եւ նույնիսկ երրոդական են:

Այսօր այլեւս Իրանի կապակցությամբ Մոսկվայի պատեհապաշտական մոտեցումների տպավորությունը, որը բացահայտվել էր ԻԻՀ նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գաղտնազերծված ձայնագրությունների շնորհիվ, կորցրել է իր արդիականությունը, եւ Մոսկվան փորձում է մեկը մյուսին հաջորդող ՀԳՀԾ-ի կապակցությամբ հրապարակած հայտարարություններով ցուցադրել իր իրանանպաստ մոտեցումներն ու Թեհրանի նկատմամբ գործընկերային հավատարմությունը:

Արդյո՞ք Իրանին նոր հուսախաբություն է սպասվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ