RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2834, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵԼՄԱՆ ԿԵՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետեւանքով սպանվեց Արցախի ջրմուղկոյուղու մեկ եւ վիրավորվեցին երեք աշխատակիցներ, իսկ դրանից առաջ, հոկտեմբերի 19-ին, ուղիղ, շատ ուղիղ նշանառությամբ զոհվեց արցախցի տրակտորիստը, որի կողքին նստած էր իր, իբր, անվտանգությունը հսկող ռուս խաղաղապահ զինվորը, ցցուն այն դեպքերն են, որոնք ոչ թե հիշեցնում, այլ գրեթե նույնությամբ կրկնում են անցյալ դարի 20-ական թվականներից ի վեր տիրող վիճակըՙ գորբաչովյան բնորոշմամբՙ «Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջը»: Սպանություններ, բռնաբարումներ, ունեզրկումներ, վարչական ու տնտեսական սեղմումներ, ճանապարհների եւ, նորօրյա բնորոշմամբ, կոմունիկացիաների կտրատումներ, որոնք ավելի քան 70 տարի կուտակվելով 1988 թ.ին պոռթկացին որպես ազատագրական պայքար, այնուհետեւ միջազգայնորեն բնորոշվեցին իբրեւ ինքնորոշման իրավունք, մինչդեռ ամենապարզ բացատրությամբ դա պայքար էր կյանքի համար, սեփական հողի վրա ապրելո՛ւ համար:

Իրավիճակը նույնն է հիմա. արցախցուն, նա լինի տրակտորիստ, ջրմուղի աշխատող թե սովորական խաղաղ բնակիչ, չեն թողնում ապրել իր հողի վրա: Սպանում են օրը ցերեկով, աշխատանքի պահին, խաղաղապահ զինվորի կողքին թե աչքերի դիմաց: Եվ որակումները, ինչպես 90-ականների վերջերին, երբ Մոսկվան ԼՂԻՄ-ում տիրող իրավիճակը բնութագրում էր որպես «անհանգստություններ», այսօր հնչում են ոչ այնքան տարբեր, բոլոր պարագաներումՙ տիրող իրադրությանը ոչ համարժեք, ոչ էլ համապատասխան: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը այսօր դրանք կոչում է «ողբերգական միջադեպեր», արդյունքՙ «կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության», որոնք սակայն, «ընդհանուր առմամբ», չեն խանգարում, որքան էլ որ «բարդ» լինի, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն «արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու եւ իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու» գործին: Փնտրելուն չի՛ խանգարում, բայց ապրելուն խանգարում է:

Ամերիկացիք, ի տարբերություն Ռուսաստանի դեսպանի, Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի խողովակով, «դատապարտում» են Շուշիի մոտ պատահածը, «որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան», միաժամանակ կոչ անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում Մինսկի խմբի համանախագահների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար»: Այսինքնՙ ամերիկյան կողմի համար Շուշիի մոտ պատահածը թեեւ դատապարտելի արարք է, սակայն չի մատնանշում «դատապարտելի» կողմին, այլՙ խորհուրդ է տալիս կրկնությունից խուսափելու համար վերադառնալ Մինսկի խմբի ձեւաչափին...

Տարօրինակ էր նաեւ Հայաստանի եւ Արցախի պետական ներկայացուցիչների գնահատանքը նույն արարքի վերաբերյալ: Տարօրինակՙ որովհետեւ, մինչ ՀՀ ներկայացուցիչները կատարվածը որակեցին իբրեւ «սպանություն», Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն այդ արարքը բնորոշեց շատ ավելի հստակ եւ ուղիղՙ «ահաբեկչություն»: Արդարեւ, կատարվածը ահաբեկչություն էր, որին (նկատի ունեմՙ նոյեմբեր 9-ի սպանդը) զոհ կարող էր դառնալ ոչ թե մեկ, այլ միանգամից 4 անձ, անզեն եւ բոլորովին անմեղ: Իսկ այն «բացատրությունը», որը հնչեց Բաքվի կողմից, թե այդ պահին Շուշիում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը ստիպում էր ապահովության արտակարգ հսկողություն կատարել, ինչպես ասում ենՙ եփած հավի ծիծաղն անգամ կարող է շարժել:

Իսկ ի՞նչ ենք անում մենք, ավելի շուտՙ ի՞նչ պետք է անենք: Մի կողմ թողնենք հետաքննություն անցկացնելու, դրանք ռուսական կողմի հետ համատեղ քննարկելու վերաբերյալ ոչնչի չհանգող խոստումները, որոնք ոչինչ չեն կարող տալ մեզ, ինչպես ոչինչ չտվեց, ժամանակին, Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի ուսումնական սեմինարների շրջանակում, հայ քնած սպային կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովի գործը: Շատ շուտ մոռացանք, ինչպես մոռացել էինք Բաքվի, Սումգայիթի, Գանձակի եւ ավելի շուտՙ 1920 թ.ին Շուշիի պոգրոմները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Միջազգային ատյաններում, դատական եւ լրատվական բոլոր հարթակներում ոչինչ չարեցինք Ղարաբաղյան հարցի ծագման հիմքը, պատճառն ու էությունը կազմող ցեղասպանական արարքների դատական հետապնդումը կազմակերպելու ուղղությամբ, ու թողեցինք, փոխարենը, որ Բաքուն Խոջալու-Խոջալու խաղա ու խաղացնի ամեն տեղ:

Այդ եւ այլ նախադեպերի համար եթե Բաքուն համարժեք պատժի արժանացած լիներ, վերջին ոճիրները կարող էին եւ չպատահել: Իսկ պատահելու դեպքում...

Արցախյան հարցը ոչ այնքան ինքնորոշման, որքան գոյութենական կռիվ է այսօր, ինչպես երեկ, շարունակվո՛ղ գոյամարտ: Եվ մարտ ասվածը իր անխախտելի կանոններն ունի...

Այսքանը կարո՞ղ ենք բացատրել աշխարհին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ