ԻՍԼԱՆԴԱՑԻ ԿԻՆՈԲԵՄԱԴՐԻՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՇՆՉՈՒՄԸ

1

Ավստրալական «Սաթըրդեյ փեյփըր» հոկտեմբերի 23-ի համարում լույս է տեսել Ռոմի Աշի «Վիպասան եւ Բյորքի համագործակից Սյոնը» հոդվածըՙ նվիրված իսլանդացի բանաստեղծ, գրող, սցենարիստ եւ դերասան Սյոնին (Սիգուրյոն Բիրգիր Սիգուրդսոն):

Անդրադառնալով Սյոնի եւ բեմադրիչ Վալդիմար Յոհանսոնի համատեղ սցենարով վերջինիս նկարահանած «Գառը» ֆիլմին (2021)ՙ Ռոմի Աշը նշել է, որ այն «մեծապես ազդված է հայ բեմադրիչ Հարություն Խաչատրյանից, որի կինոնկարները սահմանակցվում են վավերագրությանը: Խաչատրյանի ֆիլմերում երկար տեղ է տրվում պարզապես վազող մարդկանց: Սյոնն ասում է, որ իրենք որոշել են պատկերացնել, որ թիրախային լսարանը մտածում է իրենց իսկ կյանքի հերոսները լինելու մասին: Ասում էՙ եթե հետաքրքրված ես ժողովրդի կյանքով, պետք է պարզապես նայես նրան, քանի որ դու էլ ես ժողովուրդ»:

2016-ին Ռեյկյավիկի Սթոքֆիշ կինոփառատոնում կայացել է Հարություն Խաչատրյանի կինոնկարների հետահայաց ցուցադրությունը, սակայն դժվար է ասել, թե նրա գործերից հատկապես ո՛րն է ազդել «Գառի» վրա, որն այս տարի Կաննի փառատոնում արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակի եւ արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրել կինոքննադատների եւ հանդիսատեսների շրջանում: