RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1353, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԿՈՉԵՐՈՎ ՈՒ ԹՂԹԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ, ԱՅԼ ԶԵՆՔՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել մեծամասամբ հայոց պատմության եւ մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվումՙ 161 վանք ու եկեղեցիներ, 591 խաչքար, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր եւ այլ հուշարձաններ: Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակութային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականությունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիեւի մասնակցությամբ Շուշին ամբողջ թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մասին Ադրբեջանի ճարտարապետների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու եւ թատերականացված «ծիսական» արարողությունների ցուցադրությունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտարարությունն այդ քաղաքականության կենսագործման ակնհայտ վկայություններն են: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ` այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատեւող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարեւոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրեւ «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող եւ ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները:

Գիտական առումով որեւէ քննադատության չդիմացող եւ քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունեցող նման գործելակերպի ամբողջ զազրելիությունն ավելի հստակ է դառնում, երբ hետադարձ հայացք ենք նետում Աղվանից եկեղեցու պատմությանը եւ ուդի ժողովրդի անցած պատմական ուղուն: Ծիծաղ առաջացնող հայտարարություններն ադրբեջանական կողմը բացատրում կամ հիմնավորում է նույնքան ծիծաղելի փաստերով, որոնք փոշիանում են հենց միայն հարեւանցի աչքի անցկացնելուց հետո: Ծիծաղելուց առաջ սակայն պետք է հակազդել ու հնարավոր բոլոր հարթակներով բարձրաձայնելՙ պատմական հայկական տարածքներում թե՛ եկեղեցիներ, թե՛ վանքեր ու հուշարձաններ կառուցողը հենց հայեր են եղել:

Ճարտարապետ Սամվել Այվազյանն «Ազգ»ի հետ զրույցում վստահեցնում էՙ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներն ու վանական համալիրները, որ կառուցվել են տարբեր դարերում, հոգեւոր, գործառութային, ճարտարապետական, շինարարական տեխնիկայի, ստեղծագործական առումներով նման են ամբողջ Մեծ Հայքի հուշարձաններին: Ճարտարապետական ամեն մի հորինվածք ու դետալ բնորոշ է միմիայն հայկականին, օրինակ այն, որ համալիրներն իրենց մեջ տարբեր գործառույթների համար նախատեսված առանձին շինություններ են միավորումՙ տնտեսական, աշխարհիկ ու հոգեւոր բնույթի, եւ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ հայկական շեշտադրումն ունի:

Այվազյանը, որ Դադիվանքի վերականգնող ճարտարապետն է, վանական համալրի խիստ հայկական պատկանելիությունը Դադիվանքի օրինակով է բացատրում: Նախ պատմիչների փաստարկներն է վկայակոչում, ապա կառույցների շեշտակի հայկական հորինվածքներն ու կառուցողներին: Կաթողիկե եկեղեցին, օրինակ, կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214-ին: «Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձեւ, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկարազարդ շենք է: Հարավային եւ արեւելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ: Արեւմուտքից երկհարկանի զանգակատունն է ու սյունասրահը: Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը»,- ներկայացնում է մեր զրուցակիցըՙ ընդգծելով եկեղեցու տիպիկ հայկական լինելու հանգամանքը:

Կաթողիկե եկեղեցին առանձնանում է նաեւ իր բարձրարժեք որմնանկարներով` Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի պատկերներով: Վանքի նախկին հոգեւորական Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Դադիվանքի այցելուներին մշտապես պատմում էր, թե ինչպես 1950-ականներին Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ Դադիվանքի տարածքում ազգությամբ քուրդ ընտանիք է բնակեցվել:

Բազմանդամ ընտանիքը բնակվել է հենց եկեղեցու ներսում: Նրանք իրենց անասուններին վանքի տարբեր կառույցներում են տեղավորել, ու ամեն օր եկեղեցու ներսում կրակ վառել, որ տաքանան, կերակուր պատրաստեն, ինչի հետեւանքով էլ ծխից եկեղեցու պատերը սեւացել ու մրոտվել էին:

Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ազատագրվում է Քարվաճառի շրջանն ու եկեղեցին հայկական վերսհսկողության տակ անցնում, պարզվում էՙ մուրը, ինչ որ առումով, փրկել է որմնանկարները: Եթե ադրբեջանցիները իմանային, որ ծխի ներքո դարերից եկող որմնանկարներ են պահպանվում, ասում էր Տեր Հովհաննեսը , հաստատ ամբողջ վանքը կավերեին:

Ճարտարապետ Այվազյանն ասում է, որ Դադիվանքի հայկականության մասին են վկայում որմանկարների ոչ միայն թեմատիկան եւ զուտ հայ որմնանկարչությանը բնորոշ ստեղծագործական ու գունային լուծումները, այլեւ հայատառ արձանագրությունները: «Այսինքնՙ որմնանկարներն էլ են հուշում, որ այդտեղ արպել ու արարել են հայերը, այլապես ինչո՞ւ պետք է հայատառ արձանագրություններ լինեին»,- շեշտում է նա:

Դադիվանքի տարածքում պահպանված եւ շինությունների վրա տեղադրված, միջնադարից սկսած մինչեւ 19-րդ դար, մի քանի տասնյակ խաչքարերը, որոնք մեծ մասամբ հայատառ պատմական եւ այլ վավերագրական արձանագրություններ ունեն, ինչպես նաեւ կառույցների վրայի նույնպես հայատառ արձանագրությունները, ինքնին վկայում են տվյալ տարածաշրջանում հայ էթնոսի առկայության փաստը:

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը շեշտում է, որ յուրաքանչյուր պետության եւ հասարակության կենսագործունեության ու զարգացման հեռանկարների հիմքում առանցքային են մշակույթն ու արվեստը: Ազգի ինքնատիպության, նրա անկախության պահպանության եւ ամրապնդման գործում անառարկելի են պատմամշակութային արժեքները, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերնդից սերունդ: Այդ հուշարձանները, շարունակում է տեր Հայրը, մեծագույն արժեք լինելուց բացի, վկայությունն են այն բանի, որ հազարամյակներ շարունակ այնտեղ ապրել ու արարել են մեր նախապապերը: «Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանքն, օրինակ, ըստ հայկական միջնադարյան ճարտարապետության եւ առհասարակ միջնադարի տարբեր հարցերի ուսումնասիրության ասպարեզում հայագիտության երախտավորներից մեկիՙ Անատոլի Յակոբսոնի ՙ ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլեւ բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ որեւէ այլ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա: Իսկ ֆրանսիացի հայտնի պատմաբան, պրոֆեսոր Շարլ Դիլը Գանձասարը ներառել է հայ ճարտարապետական արվեստի հինգ գլուխգործոցների շարքում, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցնում համաշխարհային ճարտարապետության գանձարանում: Այն, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի եւ շրջակա հայկական գավառների համար, արձանագրված է IX-X դարերի պատմական սկզբնաղբյուրներում»,- նշում է հոգեւորականը:

Արցախի Հանրապետության կաեւորագույն կառույցներից է Դադին կամ Խութավանքը: Դադի եւ Խութա անունների ստուգաբանությունը հայ մատենագրության մեջ, ըստ տեր Հեթումի, երկու կերպ է տրվումՙ կապվելով սուրբ Թադեւոս առաքյալի 70 աշակերտներից մեկիՙ Դադիի կամ Դադոյի անվան հետ, որն Արցախում 1-ին դարում քրիստոնեություն է քարոզել եւ այստեղ էլ նահատակվել: «Խութ» բառը, շարունակում է մեր զրուցակիցը, հոմանիշ է «բլրին», հետեւաբար «Խութավանք» բառացի նշանակում է բլրի վրա գտնվող վանք. «Արզու-Խաթունի կաթողիկե եկեղեցին գտնվում է վանական համալիրի արեւելյան մասում: Կաթողիկեի ներսի կիսասյուները եւ դրանք կապող կամարները սպիտակ եւ գորշ քարերից են`զարդարված նուրբ քանդակներով: Ներսում պահպանված են որմնանկարներ: Առ այսօր մնացած նկարներից երեւում են հայկական որմնանկարչության ավանդական ձեւերը`գույների առատությունը, նկարելու պարզ եղանակը, նախշազարդումը, վառ արտահայտված արեւելյան տիպի դեմքի պատկերումը: Դրանց կատարելությունը վկայում է, որ միջնադարյան Արցախում ստեղծագործել են հրաշալի վարպետներ, որոնք ոչ միայն տիրապետել են պատերը նկարազարդելու տեխնիկային, այլեւ գունավոր նկարներով ձեռագրեր պատկերազարդելու արվեստին»:

Հոգեւորականի փոխանցմամբՙ Արցախի Հանրապետությանՙ տարբեր դարաշրջանների պատկանող հուշարձանների առատությունը բացատրվում է նրանով, որ Արցախը հնագույն ժամանակներից ի վեր պայքարել է իր գոյատեւման, ազատության եւ լուսավոր ապագա կերտելու համար: Ընդգծում էՙ մեզ հասած վանքային համալիրները քարե վկաներ են, որոնք գալիս են հեռվում մնացած պատմության ակունքներից եւ արտացոլում են սերունդների աշխարհիկ եւ հոգեւոր կյանքը, երկրամասի բազմադարյան պատմությունը: Հարկ է նշել, հավելում է տեր Հեթումը, որ վերը նշված հուշարձանները թեեւ ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, բայց բոլորն էլ միանշանակ կրում են հայ ճարտարապետության ավանդույթները, կառուցողական ձեւն ու ոճը, դրանք տարածված են եղել ինչպես Արցախի, այնպես էլ հարեւան Սյունիքի բնակավայրերում: Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ կառուցման ժամանակ հայ շինարարներն օգտագործել են իրենց հին ավանդույթները եւ դրանով իսկ վերադարձրել գմբեթավոր կառույցների տիպը, որն ամենատարածվածն էր հայ ճարտարապետության նախորդ շրջաններում` 6-9-րդ ու 11-13-րդ դարերում:

Դիտարկմանըՙ ի՞նչ քայլեր պետք է անել հակառակորդի լոբբիինգը կանգնեցնելու ու միջազգային հարթակներում դրանք մեզանից պոկելու քայլերը կանխելու համար, քահանան այսպես է արձագանքում. «Նախ միջազգային մակարդակով պետք է իրավական քայլեր նախաձեռնել, ապա մշակութային կոթողների պահպանության համար հատուկ միջազգային կառույցներ ստեղծել, որոնք օժտված կլինեն նույն իրավասություններով, ինչ, օրինակ, խաղաղապահ զորքերը: Հայաստանը կարող է եւ, իմ կարծիքով, պետք է սրա նախաձեռնողն ու առաջատարը լինի միջազգային ասպարեզում: Մշակութային յուրաքանչյուր կոթող նույնքան ունիկալ է եւ եզակի, որքան մարդկային կյանք, այն վերարտադրելի չէ, եւ նրա պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի: Այն պետք է պաշտպանել ոչ թե կոչերով ու թղթի մակարդակում, այլ զենքով: Այլ ելք պարզապես չեմ տեսնում: Հայաստանում եւ Արցախում պետք է հզորացնել, արդիականացնել եւ գործնական կիրառման հենքի վրա դնել թանգարանների, այսինքնՙ մշակութային ժառանգության շարժական պաշտպանության հարցը: Դրան վերաբերվող միջազգային կոնվենցիաներ կան, որոնց սակայն թանգարանի շարքային աշխատողները չեն տիրապետում: Բացի այդՙ արվեստի գործերի տարհանման համար համապատասխան միջոցներ չկան: 44-օրյա պատերազմը վերջապես դաս պետք է լինի լիազոր մարմնի համար, որ զբաղվի վերոնշյալ բոլոր հարցերով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ