RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1533, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՊ-Ն «ԹԱՎՇԵ» ՄՈՒՐՃՈՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին ավագանու մանդատ ձեռք բերելու համար կպայքարեն Վանաձորում, Իջեւանում, Կապանում ու հանրապետության տարբեր այլ համայնքներում: Մի քանի խոշոր քաղաքներում ՙ Գյումրիում, Գորիսում ու Մեղրիում պարտություն կրելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» լծվել է ամեն գնով մյուս համայնքներում առաջատար լինելու ու հաղթանակ գրանցելու գործին: Աննկարագրելի խանդավառությամբ, ջանք ու եռանդ չխնայելով են ՔՊ-ականները քարոզարշավ իրականացնում, տնետուն, դռնեդուռ հանդիպումներ ունենում, համոզում, անգամՙ խնդրում, որ իրենց ձայն տան:

Իշխող ուժն այժմ թույլատրելի ու արգելված մեթոդները գործի է դրելՙ մյուս համայնքներում հաղթանակ ապահովելու համար: Եթե նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի հսկայական պամֆլետ «կձոներ» կառավարության նիստը նախընտրական քարոզի վերածող Հանրապետականին, ապա այժմ պամֆլետը գովեստի խոսքի է վերածել ու իր իսկ կաբինետի կատարած աշխատանքի մասին հիացմունքով է խոսում: Գործադիրի վերջին նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեցՙ իր կառավարության կատարած ինչ-որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքների մասին իրազեկելով: Տպավորություն էր, թե նախընտրական շրջանում ընտրողներին ներկայացնում էՙ ինչ «աննախադեպ» աշխատանքներ են իրականացրել իրենք «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների» համար: Փաշինյանի ասածներին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հավելեցՙ զարգացնելով թեման, թե սուբվենցիոն ծրագրերի իրականացումից հետո նկատել են բնակիչների վերաբերմունքի կտրուկ ու դրական փոփոխություն: Սա, ասես, նիստ էր այն մասին, որ «հարգելի՛ քաղաքացիներ, եթե առաջիկա ընտրություններին ընտրեք ՔՊ-ին, ապա այդ ծրագրերը շարունակական կլինեն»:

Ի տարբերություն կառավարական կաբինետի, օրենսդիրի իշխանական թեւը Ազգային ժողովի ամբիոնը բացահայտորեն քարոզարշավի համար է օգտագործում: Նորաթուխ պատգամավոր ու «40 տարվա մանկավարժ» Մարինա Ղազարյանը , որ ամբիոնից 2-րդ կամ 3-րդ անգամ էր ելույթ ունենում, առանց կաշկանդվելու հայտարարեցՙ գնացե՛ք ու ընտրե՛ք իշխող ՔՊ-ին:

«Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի հանդգնության, նախկին հայտարարությունների ու քննադատության ճիշտ հակառակն անելու եւ դրանից դույզն-ինչ վատ չզգալու վրա, անխոս, զարմանալ պետք չէ, ու ոչ էլ զարմանում ենք: Տարակուսում ենք, սակայն, թե ինչ կարող է լինել բոլոր համայնքներում սեփական թեկնածուներին թագավոր կարգելուց հետո. նախկինների աշխատաոճը լավագույնս յուրացրած «թավշականները», ըստ երեւույթին, որպես կարգախոս, կընտրեն Սերժ Սարգսյանի ՙ «ինչքան ուզում, էնքան խփում ենք» հայտնի խոսքն ու պողպատյա մուրճով աջուձախ «կբամփեն» բոլոր նրանց գլխին, ովքեր կհամարձակվեն ասել, թե աչքիդ վերեւն ունք կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ