RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2619, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ

ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ, գրող, հրապարակախոս

Արցախապատում, ասել է թեՙ Հերոսապատում...

Եվ այդ հերոսապատումը տեւել է չորս տարիՙ հանուն հայի կենաց

Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ, եւ սա սոսկ անմիտ հռետորաբանություն չէ: Մեզՙ հայերիս, դրա ապացուցման կարիքը չկա, բայց եւ անընդհատ պիտի կրկնենք, որպեսզի հանկարծ մեզնից որեւէ մեկը չմոլորվի օտար բարբաջանքի բավիղներում:

Արցախապատում-Հերոսապատումը մեր ժողովրդի հաղթանակների պսակի դալար ու շքեղ դափնիներից է, եւ ծնունդով ու ոգով արցախցի Անժելա Սահակյանը միշտ ապրել է արցախապատումի տիրույթում: Կյանքի հանգամանքների բերումով Ֆրանսիայում ապրելը թեեւ նրան կտրեց հայրենի հողից ու ջրից, բայց արցախցու ոգին երբեք չլքեց նրան: Իր լրագրողական տարիների փորձը Անժելա Սահակյանին տարավ Փարիզի AYP FM հայկական ռադիոկայան եւ նա ասես բազեի թեւեր առավ բարձր թռիչքի համար: Տարիներ առաջ ես ինձ համար բացահայտեցի Անժելա Սահակյանի հայրենաշունչ եւ ճանաչողականՙ «Բաց նամակ Ճշմարտության պարտադրանքով» եւ «Արցախապատում» հաղորդաշարերը, որոնց նպատակն էր ոչ միայն ծանոթացնել Սփյուռքում ապրող մեր քույրերին ու եղբայրերին մեր ազգային արժեքներն ու արժանիքներն, այլեւ թույլ չտալ, որ մոռացվեն դրանք: Ոգեղեն եւ հաղթական տարիների եւ օրերի մասին ամեն մի պատմությունը լսելիս համոզվում ես, որ, այո՛, հաղթողը Ոգին է, զենքը լոկ միջոց է...

2002 թվականից եթեր է հեռարձակվել հինգ հարյուրից ավելի հաղորդում, ուր Անժելա Սահակյանը հաջորդաբար ներկայացրել է Արցախի հինավուրց պատմությունը, դարավոր մշակույթը, բանահյուսությունը, ավանդույթները, Արցախի ազատագարական պայքարը, հայ- ադրբեջանական հակամարտությունը, մեր նահատակ հերոսների սխրանքը:

Հաղորդումներ համար hիմք է եղել Մեծ հայքի, Արցախ նահանգի, Արցախի պատմության, Արցախի ազատագրական պայքարի տարիներին հրատարակված գրքերը, ինչպես նաեւ հայ եւ օտար մամուլի նյութերը:

Յուրաքանչյուր հաղորդման օրը եւ տարեթիվը նշված է այն պայմանով, որպեսզի ընթերցողի կողմից ճիշտ ընկալվի տվյալ ժամանակահատվածի իրադարձությունը:

Իր «Արցախապատում», «Հայ մամուլի տեսություն», «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարերովՙ Անժելա Սահակյանը ստեղծեց հայրենաշունչ, ամեն հայի համար ազգային ինքնությունը բացահայտող եւ օտարության մեջ ապրող հային հայ լինելու հպարտություն ներարկելու ոգեղեն պատվաստանյութ, եւ դա նրան հաջողվել է:

«Արցախապատում» գիրքը 18 տարի շարունակ Փարիզի հայկական ռադիոյով հնչած հաղորդաշարի վավերացումն է գրքի տեսքով: Դրանք ժամանակին հնչել են եթերումՙ որպես լրագրողի խոհեր ու վերլուծություններ եւ անէացել անմիջապես նախՙտարածության, ապա նաեւ ժամանակի օվկիանոսում: Բարեբախտաբար ռադիոյի արխիվում պահպանվում են ձայնագրությունները, եւ ունկնդիրը կարող է վայելել Անժելա Սահակյանի հուզառատ ու թրթռուն ձայնի լուսավոր ելեւէջները: Սակայն գիրքը եղել ու մնում է մարդկության ստեղծած այն հրաշքներից մեկը, որը Մարդուն Մարդ է պահել հազարամյակներ:

2012 թվականին Անժելա Սահակյանը իր «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարի նյութերով հանրությանը ներկայացավ «Ճշմարտության պարտադրանքով» գրքով, ուր նկարագրում է 20- րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն իրագործվեց հայ ժողովրդի բնաջնջումով եւ ահազանգում, որ վայրագ թուրքի բարբարոսությունը որպես չպատժված եղեռն այսօր շարունակվում է Արցախում:

Գիրքը մեծ արրձագանք է ունեցել: Թարգմանվել է ֆրանսերեն եւ թուրքերեն:

Այո՛, Արցախը Հայաստան է, Արցախը Հայաստանի մի մասն է, այն Մեծ Հայքի Արցախ նահանգն է եւ ոչ միայն աշխարհագրորեն է սերտ կապված Հայկական լեռնաշխարհի մյուս շրջանների հետ իր բնությամբ, այլեւ բարբառով, ազգագրական եւ բանահյուսական մշակույթովՙ բնականաբար ունենալով տեղվույն որոշակի առանձնահատկությունները:

«Արցախապատում»ը արցախյան հերոսամարտի հաղթանակներն են, վկանՙ գրքում տեղ գտած պատումներն են...

Գիրքը կարդալիս վերադառնում ես դեպի ցուրտ ու մութ, սակայն հերոսական օրերն ու տարիները, իսկ նրանք, ովքեր դեռ չէին ծնվել այդ տարիներին, այս գիրքը կարդալիս կհասկանան այն մեծ հերոսականությունը, անկախ ցուրտ ու մութից եւ կիսաքաղց օրերից, որ շատրվանեցին հայ ժողովրդի հոգումՙցրելով այն սին եւ միտումնավոր բարբաջանքները, թե մենք չենք կարող դիմագրավել թուրքին...Դիմագրավեցինք ու հաղթեցինք...

Ահա մի դրվագ գրքիցՙհեղինակիՙորպես լրագրողի, Արցախ կատարած գործուղումից.

«1991թ. նոյեմբերի 15, գյուղ Վանք, ուղղաթիռը հենց որ պոկվեց տեղից, մի աննկարագրելի զգացողություն ապրեցի. արդյոք մեկ էլ ե՞րբ կլինեմ իմ հայրենի գյուղում: Անընդհատ աչքերիս առաջ էին նրանք, ում հետ հանդիպել էի:

...Ամուր են, քարի պես անկոտրում, իրենց լեռների պես անառիկ:Այո՛, իրենց տոկուն կամքով են դիմակայում նրանք: Ժողովրդի հոգում մարմնավորվել է 1988-ի համազգային շարժումըՙ Արցախը Հայաստանին միանալու վաղեմի երազանքը»:

2002թ. նոյեմբերի 3-ին եթեր է հեռարձակվում «Արցախապատում»-ի անդրանիկ հաղորդումը Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) ալիքովՙ«Արցախը պատմական Հայաստան է » վերնագրով: Գրեթե երկու տասնամյակ ֆրանսիայի հայկական Սփյուռքը, հետո նաեւ համացանցի շնորհիվ ողջ հայությունը հնարավորություն ունեցան հաղորդվելու արցախյան հերոսամարտի ոգեղեն պատմությանը, ինչպես հաղորդվում են սրբությանը...

«Արցախապատում» գիրքն իսկապես մի վավերագիր է, ահա գրքում տեղ գտած ռադիոհաղորդումներում հնչած հոդվածների վերնագրերից մի քանիսըՙ

«Ստատուս քվո», եթեր է հեռարձակվել 2007թ. 5-ը փետրվարի, որտեղ հանգամանորեն վերլուծվում է Արցախի 19-ամյա խաղաղությանՙ իրավաբանորեն չկարգավորված եւ չհաստատված կարգավիճակը:

«Սումգայիթյան եղեռն». 05.03.2007թ. 1988թ. փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին մոտ արդյունաբերական Սումգայիթում սկսվում է հայերի կոտորածՙ ի պատասխան Արցախում ինքնորոշման եւ Հայաստանի հետ վերամիավորման մասին հանրահահավաքների: Սումգայիթյան բարբարոսությունները ամենաիսկական ցեղասպանություն էինՙուղղված ազգությամբ միայն հայերի դեմ: Գորբաչովյան վերակառուցումն ու դեմոկրատիան խեղդվեցին Սումգայիթումՙ հայերի արյան մեջ, իսկ Կրեմլը դա համարեց պարզապես խուլիգանություն: Բաքվի այս արյունոտ հակազդեցությունն էլ դարձավ արցախյան ինքնապաշտպանական պայքարի դրդող ուժը:

«Պատառիկներ արցախյան բանահյուսության» .02.04.2007 թ.

«Ժողովրդական հին բանահյուսությունը ոսկեթեւ հավքի է նման, որ գալիս է մարդկային խորին խորքերից ու ժամանակի հետ գնում է հավերժություն: Ղարաբաղյան ավանդություններն ու զրույցները խտացված իմաստություններ են,արհավիրքների բովով անցած կենսափորձ... Հեղինակը մեջբերումներ է անում արցախյան բանահյուսությունից մեր վաղնջական այս բարբառով, ապա տալիս նաեւ դրանց գրական թարգմանությունը.

Մարդն էն ա,վեր խեղճը կենդան պահում ա,

Մարդն էն ա,վեր աշխարհքս ավար պահում ա,

Մարդն էն ա, վեր քամակ յեշըմ ա, ամա քամակ չի իննում...

Թարգմանությունը, թեեւ չեմ կարծում, որ որեւէ հայ չհասկանա.

Մարդը նա է, որ խիղճը մաքուր է պահում,

Մարդը նա է, որ աշխարհը շեն է պահում,

Մարդը նա է, որ հետ է նայում , բայց հետ չի մնում...

Կամՙ

Ժառանգ թողէ, կամար կապե,

Մին կիր (գիր) կիրի,մին ծառ տնկե,

Հավատդ էլ ղայիմ փռնե...

Սա հայ մարդու, արցախցի հայի կենսափիլիսոփայությունն է...

«ՀԱՂԹԱԿԱՆ ՇՈՒՇԻ» 07.05.2007թ.

Հանգամանորեն նկարագրվում են Շուշիի ազատագրման ռազմական եւ ռազմավարա-մարտավարական գործողությունները. Շուշիի գրավումը համարժեք է 1877 թվականի ռուսական բանակի ՙԿարսի հզոր բերդի գրավմանը, որի գլխավոր հրամանատարը հայազգի գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովն էր:Կարսի բերդը ամրացված էր անգլիական եւ գերմանական պաշտպանական -մարտավարական վերջին տեխնիկական հզոր կառույցներով, այդ էր պատճառը, որ Կարսի ամրոցի ռազմական պարետը հոնքն անգամ չի շարժում ամրոցի վրա հարձակման ժամանակՙ վստահ լինելով բերդի անառիկության մեջ:

Լոռիս - Մելիքովի մարտավարությամբ երեկոյան ժամը 8-ին սկսված գրոհը չորս ժամ հետոՙ ժամը 12-ին, ավարտվում է հաղթանակով: Կարսի բերդը նույնպես բարձունքի վրա էր Շուշիի պես, եւ ընկնում է Շուշիի պես, որովհետեւ զորավար-հրամանատարը հայ իշխանական տան շառավիղ, Լոռվա մելիքական գերդաստանի զարմ էր...

Կարսի գրավումը մեծ արձագանք է գտնում նաեւ Եվրոպայում, իսկ մեր ազատամարտիկներիՙ Շուշիի գրավելը լռության մատնեցին ռազմարվեստի համաշխարհային գիտակները....Ավելի վատ իրենց համար, նրանք անհաղորդ մնացինՙ «Զենքը միջոց է, հաղթողը Ոգին է» աստվածային բանաձեւին...Ավա՜ղ, մեր աննման Շուշին դավադրորեն հանձնվեց թշնամուն... Բարեբախտաբար պատմությունն ապացուցել է, որ հողի կորուստն անդառնալի չէ:

«ԱՐՑԱԽԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ » 07.06.2007թ.

Գանձասար, Խութավանք, Դադիվանք, Ամարաս, Երեք մանկուք, բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր ու վիմագրություն, եւ այս ամենը հայկական ճարտարապետության անգնահատելի մեծ ժառանգության անբաժան մաս են...

«N 38401 ԶՈՐԱՄԱՍ», 03.09.2007թ.

Արցախի պաշտպանության բանակի հերթական տարեդարձ, զորամասն իր ռազմավարական եւ մարտավարական հրաշքով բեկում մտցրեց ռազմաճակատում:

«ՀԱՇՎԵՏՈՒ ԵՄ» 13.12.2007թ.

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն իրՙ «Հաշվետու եմ» գիրքը գրել է մոսկովյան բուտիրկայի բանտից ազատվելուց հետո, նա բանտարկվել էր արցախյան շարժման կազմակերպիչներիՙ«Ղարաբաղ կոմիտեի» տղաների հետ: Հետաքրքրական են նրա մտորումները, երբ բանտից ազատված տղաներին դիմավորելու համար Երեւանը դարձյալ ոտքի է կանգնում, ու հայրենասեր ակադեմիկոսը բառացիորեն աղոթում է, որ իրենքՙշարժման գլուխ կանգնած իր ընկերները, հանկարծ չչարաշահեն ժողովրդի հավատն ու վստահությունը, ինչը, ինչպես ինքն է գրում, ցավոքՙ եղավ...

«ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍ», 06.05.2008թ.

Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի խոսնակ,

Բոլորիս է հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսի անշահախնդիր, քաղաքական, բարոյական եւ մարդասիրական աջակցությունը Արցախինՙ պատերազմի տարիներին եւ պատերազմից հետո:

Ահա մի հատված Լորդերի պալատում արտասանած նրա ելույթից. «Որքա՞ն ժամանակ Բրիտանիան կարող է հանդուրժել այսպիսի վարքագիծըՙ պատճառ բերելով Ներքին գործերի բարդությունը: Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ազատության եւ իր նախնիների հողում ապրելու համար: 4-րդ եւ 5-րդ դարերի քրիստոնեական հուշարձանները վկայում են հայերիՙայդ հողում ապրելու մասին. նրանք պայքարում են հանդուգն խիզախությամբ, որը նրանց հնարավորություն է տալիս դիմադրելու Ադրբեջանի կատաղի հարձակումներին»:

Քերոլայն Քոքսի այս ելույթը, ցավոք, այսօր էլ արդիական է, քանի որ քաղաքական անմտությամբ մենք կորցրեցինք մեր ազատագրած հայրենիքի մի մեծ հատված եւ մնացել ենք թուրքի բարեգթության հույսին...

«ՀԻՏԼԵՐՆ, ԻՀԱՐԿԵ, ԻՐԱՎԱՑԻ ԷՐ»... 06.04.2010թ.

Անժելա Սահակյանն իր ունկնդիրներին ներկայացրել է Փարիզում հրատարակվող «Le monde» թերթիՙ Զորի Բալայանի վերլուծական հոդվածը, որն ասես մեր այս օրերի համար է գրվել. նա հոդվածում վավերացնում է այն փաստը, որ թուրքական բոլոր երեք կառավարություններիՙսուլթանի, երիտթուրքերի եւ քեմալական կառավարությունների, այսօր նաեւ էրդողանյան կառավարության միակ նպատակը հայ ժողովրդի ոչնչացումն է եղել եւ մնում է այսօր էլ, քանի որ Հայաստանը պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին խոր մխրճված այն սեպն է, որն այս էլ քանի դար, մեր անհետեւողականության պատճառով այդ վաչկատուն եւ բարբարոս ցեղին թույլ տվեցինք ապրելու մեր հայրենիքում , ու դարձավ նա մեզ հարեւան եւ շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը: Ցավալին այն է, որ այս ամենի մասին գիտեր մեր ժողովուրդըՙ իր պետական պաշտոնյաներով հանդերձ, սակայն 30 տարիների ընթացքում ողջ ժողովուրդը թմբիրի մեջ էր, իսկ երկրի ղեկավարները դրսեւորեցին քաղաքական ապիկարություն...Այս դաժան պարտությունը, որ պարտադրվեց մեզ, այդ ամենի դառը հետեւանքներն են...

Եթե Անժելա Սահակյանի ՙ«Արցախապատում»-ի Ա գրքում (330 էջ) զետեղված բոլոր հաղորդումները այսպես մեկ առ մեկ մեկնաբանենք, մի նոր գիրք կգրվի: Իսկապես պետք է նորից ու վերստին կարդանք գրքում տեղ գտած այս հոդվածները եւ սխալների ուղղում կատարենք:

Այս գրքի հրատարակումը ցավալիորեն սթափության մի հզոր ապտակ է մեզՙհայերիս, որպեսզի այսուհետեւ քաղաքականության մեջ լինենք զգոն ու զգաստ եւ մեր Հայրենիք-Պետության շահը երբեք չստորադասենք անգամ Աստծո կամքին... Աստծուն հավասար Հայրենիքն է միայն եւ պատահական չէ հեղինակի գրառումը. «Սիրով, ցավով ու նվիրումովՙ Արցախի ազատագրական պայքարում զոհված մեր հերոս նահատակների խնկարկող հիշատակին»:

Շուտով լույս կտեսնի «ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ»- ի երկրորդ հատորը, որն ամբողջությամբ հերոսական պայքար է, պայքարՙ հանուն պապենական հողերի, նրա սահմանների ամրագրման ու մշտական խաղաղության հաստատման:

Շնորհակալություն լրագրող, գրող, Անժելա Սահակյանինՙ իր հայրենասիրական մեծ ոգորումների համար...

Հաղթական խաղաղություն մեր Հայրենիք-Պետությանը եւ Հայ ժողովրդին...

13.10.2021թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ