RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2560, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ՔՊ-Ն ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Նոր քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է

Սամվել Բալասանյանը Գյումրու արդեն նախկին քաղաքապետն է, բայց համայնքային իշխանությունն այժմ կգլխավորի հոկտեմբերի 17-ի տեղական ընտրություններում առավելագույն թվով ձայներ ստացած հենց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածու, նոյեմբերի 1-ին նոր ավագանու առաջին նիստում քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանը : Վերջինս մինչ այդ ղեկավարում էր քաղաքի կոմունալ ծառայությունը:

Կայացած ընտրությունների արդյունքներով, որոնց մասնակցեց Գյումրու ընտրողների ընդհանուր թվի սոսկ 24,14 տոկոսը, 33 տեղանոց համայնքային ավագանիում 14 մանդատ ստացավ հիշյալ դաշինքը, 11 մանդատՙ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը, 4 տեղՙ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, 2-ականՙ Հայաստանի հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Հետընտրական օրերին խոսակցություններ եղան, թե բալասանյանցիները հավանաբար դաշինք կկազմեն «Զարթոնքի» հետ, սակայն անդրկուլիսային բանակցություններից հետո հոկտեմբերի 30-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի միջեւ, որով նաեւ պայմանավորվածություն եղավ, որ վերջինիս ներկայացուցիչները կնշանակվեն երկու փոխքաղաքապետների պաշտոններին: Մի կողմից սա գուցե կարելի է պայամանավորել իշխանության կողմից հնարավոր ճնշումներով ու «նախազգուշացումներով», մյուս կողմից երեւի տրամաբանությանը հակառակ չէ, որ համատեղ պատասխանատվություն են ստանձնում առաջին եւ երկրորդ ամենաշատ քվեները ստացած խմբակցությունները, ինչպես իրենք են նշելՙ ի շահ քաղաքի:

Վարդգես Սամսոնյանն ինքն ասել է, թե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ համագործակցությունը կօգնի ավելի լավ լուծել քաղաքի առջեւ ծառացած խնդիրները: Նա նաեւ հույս է հայտնել, որ ավագանու նիստում իր թեկնածությանը դեմ քվեարկած «Զարթոնք», ՀՀԿ եւ «Ապրելու երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները եւս, տեսնելով իրենց աշխատանքը, ի վերջո կսկսեն համագործակցել իրենց հետ:

Դիմելով ավագանու անդամներին ու գյումրեցիներին եւ շնորհակալություն հայտնելով կայացած ընտրության համար, Սամսոնյանը վստահություն է հայտնել, որ հինգ տարվա համատեղ անցնելիք ճանապարհն իրենց հնարավորություն ու իրավունք է տալու պարզճակատ կանգնել համաքաղաքացիների առջեւ եւ փաստել, որ արել են հնարավորն ու անհնարինըՙ ավելի լավ Գյումրի ունենալու համար: Ինչպես ասում են, կապրենք կտեսնենք: Իսկ առայժմ շնորհավորենք ու հաջողություն մաղթենք քաղաքային նոր իշխանությանը:

Նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը կայացավ երեկ, նոյեմբերի 4-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ