RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2673, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԲԱԽՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Սառը պատերազմի սկզբնավորումից ի վեր Թուրքիան օգտվել է արեւելք-արեւմուտք հակամարտությունից: Հաճախակի օգտագործված արտահայտությունը, թե Թուրքիան ժողովրդավարության պատվարն է հանդիսանում ընդդեմ Խորհրդային Միության ծավալապաշտությանը, պարզապես մեղմասություն (էվֆեմիզմ) է այն գործնական առաքելությանը, որ Անկարային է հանձնարարված կատարելու: Խոսքն այն կեղտոտ աշխատանքին է վերաբերում, որ Արեւմուտքը բացահայտորեն չէր ցանկանում իրագործել, կորեական պատերազմից սկսած մինչեւ Արաբական գարուն: Այդ ժամանակահատվածում Անկարան հզորացրեց իր զինված ուժերը, եւ այն աստիճանի բարձրացրեց իր տնտեսությունը, որ այսօր կարող է մարտահրավեր նետել իր այսպես կոչված բարեգործներին:

Մասնավորապես Թուրքիայի հանդեպ Մ. Նահանգների ցուցաբերած առատաձեռնությունը առասպելական չափերի է հասնում: Բայց այսօր Թուրքիան արժեքների եւ քաղաքականության հարցերում գտնվում է Մ. Նահանգների հետ բախման եզրին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական AKP կուսակցության համար կրոնը ծայրահեղական զանգվածներին վերահսկելու եւ կառավարելու հնարավոր տարբերակ է հանդիսանում: Էրդողանի համոզմամբ ռազմականացված կրոնը հավասարապես արդյունավետ է ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտասահմանյան արկածախնդրություններ ծավալելու համար:

Թուրքիայում 2016-ին կատարված հեղափոխության փորձից ի վեր, Էրդողանը բանտարկել է տվել հարյուր հազարավոր դատավորների, զինվորականների եւ մտավորականների, որոնք տարբեր կարծիք ունեն Թուրքիայի ապագայի նկատմամբ: Դրանով նա ամրապնդել է իր իշխանության դիրքերը երկրի ներսում, միաժամանակ համապատասխան երկրների պաշտպանության հիմքերի վրա, արտաքին քաղաքականությունում խաղալով իսլամական աշխարհի առաջնորդը լինելու դերը:

Այդ պատճառով էլ ժողովրդավարության երբեմնի պատվարը այսօր դարձել է բռնակալության աղբյուր` հակադրվելով արեւմտյան երկրների արժեքային համակարգերին, որոնք հավատացած էին, որ ժամանակակից Թուրքիան արեւմտյան ժողովրդավարությունների անքակտելի մասնիկը կդառնա:

Թուրքիայի եւ արեւմտյան երկրների միջեւ առաջացած այս հակամարտությունը երկար ժամանակ է ինչ նախապատրաստվում էր եւ բարեգործ ու գործարար Օսման Կավալայի ազատ արձակումը պահանջող տասը դեսպանների շուրջ ծավալված ներկա ճգնաժամը պարզապես բացահայտեց, ջրի երես հանեց հարաբերությունների վատթարացման խորությունը:

Հրանդ Դինքի նման, Օսման Կավալան էլ երազում էր տեսնել առաջադիմական մի Թուրքիա, որը հակասում էր երկիրը կառավարելու Էրդողանի միջնադարյան փիլիսոփայությանը:

«Բանտարկության 29 ամիսների ընթացքում Կավալային (եւ նրա ընկերներին) ամենաշատը հուզող հարցն է, թե ինչու են իշխանությունները այդքան խիստ վարվում նրա հետ: Պատասխանը պարզ է. «այն ամենի համար, որ նա պայքարում է», գրել էր դեռ 2020-ի ապրիլին Կառլոտտա Գոլը «Նյու Յորք Թայմսում»: Մինչ «Արտաքին հարաբերությունների խորհրդի» վերջերս հրատարակած հոդվածում Սթիվ Կուքը ավելացնում է. «Կավալան անձնապես սպառնալիք չէ Էրդողանի համար, բայց Թուրքիայի նրա տեսլականը սպառնում է երկիրը «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գծած ուղիով բռնի կառավարելու Էրդողանի երկարամյա ջանքերին»:

Թուրքիայի արդարադատության քաղաքականացված համակարգի պայմաններում, Օսման Կավալային քարշ են տալիս մի դատարանից մյուսը` ահաբեկչության, գյուլենիզմի եւ սորոսիզմի ներկայացուցիչը լինելու անհիմն մեղադրանքներով:

Իրականում նա բարեգործ է եւ հիմնադրել է «Անադոլու Կուլտուր հիմնադրամ» կենտրոնըՙ ուսումնասիրելու համար հազարամյակների ընթացքում Անատոլիայում ապրած Թուրքիայի փոքրամասնությունների բազմաթիվ մշակույթների արժեհամակարգերը:

Կավալայի այս նպատակը դեմ է Թուրքիայի կառավարության եւ թուրք պատմաբանների գործադրած ջանքերին: Վերջիններս ժողովրդին փորձում են համոզել, որ թուրքերն են անհիշելի ժամանակներից ապրել այդ տարածքում, եւ ոչ մի այլ էթնիկական խմբավորում չի եղել Անատոլիայում:

Կավալային կալանավորելով Թուրքիան ցած էր գլորվում դեպի անհայտ, մութ մի արահետ, երբ Անկարայում հավատարմագրված տասը դեսպաններ Էրդողանի կառավարությանը դիմեցին հետապնդումներին վերջ տալու եւ Կավալային ազատ արձակելու խնդրանքով: Նրա հարցն այդպիսով տեղափոխվեց միջազգային ասպարեզ: Այդ տասը դեսպանները ներկայացնում էին հետեւյալ երկրները` Մ. Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան: Զայրացած նախագահ Էրդողանը արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին հանձնարարեց այդ տասը դեսպաններին «անցանկալի անձնավորություններ» (persona non grata) ճանաչելու գործընթացն սկսել եւ վտարել երկրից:

Արձագանքելով Կավալային ազատ արձակելու դեսպանների կոչին, Չավուշօղլուն նշեց. «Այդ կոչը անընդունելի էր, որովհետեւ ներառում էր հրահանգներ ուղղված Թուրքիայի արդարադատությանը: Ես նրանց (դեսպաններին) խորհուրդ տվեցի իրենց տեղն իմանալ»:

Դիվանագիտական այս վեճը կարող էր է՛լ ավելի խորանալ եւ խաթարել Թուրքիայի հարաբերությունները իր դաշնակիցների հետ, բայց, բարեբախտաբար, փակուղուց ելքը գտնվեց, ինչքան էլ տարօրինակ թվա, ոչ թե Թուրքիայի կառավարության, որի տնտեսական շահերն էին դրված նժարի վրա, այլ հենց այդ տասը դեսպանների կողմից:

Մ. Նահանգների դեսպանը որպես ձիթենու ճյուղ իրավական մի փաստաթուղթ ներկայացրեց, որը կոչ էր անում ՄԱԿ-ի պայմանագրի հիման վրա չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին: Սա անշուշտ հաղթանակ էր Էրդողանի համար: Մի լրագրողի հարցին պատասխանելով նա հոխորտաց. «Այդ ինչպե՞ս է, որ ես հետքայլ կատարեցի: Ես հարձակվող կողմն եմ: Հետքայլ անելն իմ բառապաշարում գոյություն չունի»:

Էրդողանը կարող է հոխորտալ իր «հարձակողական» դիրքորոշումով, որը շատ հեռուն գնալ չի կարող, որովհետեւ հաջորդ խոչընդոտը Մարդու Իրավունքների Եվրոպական Խորհուրդն է: Վերջինս վճռել է, որ Կավալայի երկարաձգված նախադատական կալանավորումը խորհրդի դավանած իրավունքների կոպիտ խախտում է» եւ կոչ է արել, որ Կավալան ազատ արձակվի մինչեւ նոյեմբերի վերջը, այլապես Թուրքիան կարող է վտարվել Խորհրդից:

Այս կոչը երեւի անձամբ շատ չմտահոգի ամբարտավան Էրդողանին, բայց Թուրքիայի բնակչությունը, ինչ խոսք, էլ ավելի խորն է գլորվելու դեպի վաղ ֆեոդալիզմի դարաշրջան:

Թուրքիան խախտում է Եվրոմիության բոլոր կանոնները, բայց դեռ համարձակվում է այդ միությանը անդամակցել: Դեսպանների այս ճգնաժամը, այնուամենայնիվ, սառցաբեկորի միայն երեւացող մասն է: Արեւմուտքին դեմ գնալու խնդիրները շատ ավելի բարդ են ու խորը: Անցյալ սեպտեմբերին, երբ Նյու Յորքում Էրդողանը մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի նիստերին, Մ. Նահանգների նախագահ Բայդենը խուսափեց հանդիպել նրան: Հայտնի է, որ նրանք հակակրանք են տածում միմյանց նկատմամբ: Չմոռանանք, որ նախքան նախագահ ընտրվելը, Բայդենը նրան բնութագրել էր որպես բռնապետի եւ քաջալերում էր նրա քաղաքական հակառակորդներին տապալել նրան:

Իր հերթին Էրդողանը հրապարակայնորեն խոստովանել էր, որ Բայդենի վարչակազմի հետ իր հարաբերությունները շատ դառն են, մինչդեռ Թրամփի վարչակազմի հետ նա ազատ գործելու լայն հնարավորություններ ուներ:

Հակառակ այս նախազգացումներին, Բայդենը Հռոմում, G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում, 20 րոպե հանդիպեց Էրդողանին:

Դա փակ հանդիպում էր: Նշանակում է, որ կողմերը կարող էին այն ներկայացնել հանրությանը իրենց հայեցողությամբ: Թուրքական կողմը հանդիպումը «դրական եւ կառուցողական» որակեց, բայց օրակարգի հարցերի քննարկումները վերանայելով կարելի է նշել, որ հանդիպումը բնավ էլ «դրական» չէր: Այսպես, արջի ծառայություն մատուցելով Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր, ամերիկյան կողմը իր դժգոհությունն է արտահայտել ռուսական S-400 տիպի հրթիռների ձեռքբերման առնչությամբ: Կողմերը նաեւ քննարկել են երկրագնդի «թեժ կետերի» հետ կապված հարցեր եւ ոչ մի նշում չկա, որ ինչ-որ համաձայնության են եկել դրանցից որեւէ մեկի պարագայում: Սիրիան, օրինակ, օրակարգի հարցերից մեկն էր, եւ Էրդողանը բողոքել է, որ Մ. Նահանգները ԻՊ-ի դեմ պայքարող քրդական զորքերին է պաշտպանում:

Այլ կնճռոտ հարցերի թվում են եղել նաեւ ընտրությունները Լիբիայում, Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը արեւելյան Միջերկրականում, Աֆղանստանը եւ Հարավային Կովկասի խառնաշփոթը: Այս վերջինը այն տարածաշրջանն է, որտեղ Անկարան Ռուսաստանի հետ է համագործակցում դուրս մղելու համար այդ վայրից Մ. Նահանգներին եւ ընդհանրապես Արեւմուտքին:

Ռուսաստանն ու Թուրքիան առաջ են քաշում 3+3 ձեւաչափը լուծելու համար հակամարտությունը Կովկասում եւ չեզոքացնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հենվում է այն գաղափարի վրա, որ բոլոր անլուծելի գործերը պետք է հանձնել համատեղ հանձնախմբերի դատին: Դրանով Անկարան հույս ունի ձանձրացնել, մաշեցնել իր զրուցակիցներին: Չմոռանանք, որ համատեղ հանձնախումբ ստեղծելու գաղափարը Թուրքիան Հայաստանին էր ներկայացրել Ցեղասպանության հարցի առնչությամբ: Այն փաստը, որ երկու նախագահները` Բայդենն ու Էրդողանը, ավարտել են իրենց հանդիպումը` բոլոր խնդիրների քննարկումները թողնելով համատեղ հանձնախմբերի հույսին, խոսում է այն մասին, որ երկու կողմերի միջեւ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Դրանցից մեկը զինամթերքի եւ կործանիչների հարցն է: Այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս մղվեց F-35 գերձայնային կործանիչներ ձեռք բերելու ծրագրից, Էրդողանը հույսեր էր փայփայում, որ կկարողանա համոզել Բայդենին դրանց փոխարեն գնելու 40 F-16 տիպի ինքնադիրներ եւ պահեստամասերի 80 հանդերձանք: Թուրքական կողմը հանդիպումից դուրս եկավ լավատեսական տրամադրությամբ, բայց Բայդենը պնդեց, որ նման գործարքը պետք է կոնգրեսի քննարկմանը հանձնվի, որտեղ դրան դեմ արտահայտվողները բավական շատ կլինեն:

Բայդեն-Էրդողան հանդիպմանը զուգահեռ լսվեցին նաեւ տարակարծությունների վերաբերյալ այլ կարծիքներ, որոնք զգուշացնում էին, որ հետագայում ավելի կսրվեն հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Կարծիքներից մեկը Թուրքիայում Վաշինգտոնի նոր դեսպանի` Ջեֆ Ֆլեյքի հաստատումն է, իսկ մյուսը` Էրդողանի ներքին հակառակորդ` Քեմալ Կիլիջդարօղլուի ակտիվ ներկայությունը:

Սենատում լսումների ժամանակ Ֆլեյքը զգուշացրեց Թուրքիային եւ Էրդողանին, ասելով. «Ռուսական զենքի որեւէ հավելյալ գնում պատճառ է դառնալու հավելյալ պատժամիջոցների: Մենք Թուրքիային պատասխանատվության ենք կանչելու»: Նա իր խոսքում նշեց նաեւ բավականին սուր, քննադատական արտահայտություններ, ինչպես օրինակ` «Էրդողանի վարչակարգը (ռեժիմը)», «ճնշում», «ժողովրդավարության ուրացում», եւ այլն: «Լուրջ մարտահրավերներ են սպասվում Թուրքիայի հետ մեր հարաբերություններում», ավելացրեց նա:

Կիլիջդարօղլուն տագնապահար արձագանքեց նոր դեսպանի արտահայտություններին, հարցնելով. «Նրանք ձեզ ասացին Թուրքիային կարգի բերեք նորից եւ Սիրիա դարձրեք այն»: Ասացին` «Կանգնեցրեք Թուրքիային, եւ եթե չեք կարող կանգնեցնել, ապա ահաբեկիչների օգնությամբ խեղդամահ արեք այն», «Պարոն Ֆլեյք, դո՞ւք եք իրականացնելու, ի վերջո, հեղափոխության գործընթացը, որին Բայդենը անդրադառնում է ասելով` մենք ընդդիմությանն ենք աջակցելու եւ Էրդողանին տապալելու»:

Էրդողանի հոխորտանքները կարող են վախեցնել իր ներքին ընդդիմադիրներին, բայց գլոբալ առումով կարող են նաեւ բացասական ազդեցությունը ունենալ:

Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ