RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2620, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳԼԱԶԳՈՅԻ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Նրա կամակորությունը Թուրքիայում ընդդիմությունը պատճառաբանում է առողջական խնդիրներով

Հոկտեմբերի 31-ին Հռոմում ավարտվեց «Մեծ քսանյակ»-ի (G-20) համաժողովը: Դրա ավարտին մասնակից երկրների ղեկավարները մեկնեցին Գլազգո, բացի Թուրքիայի նախագահ Էրդողանից, որտեղ նոյեմբերի 1-ին բացվեց ՄԱԿ-իՙ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ գագաթաժողովը (COP26): Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում էր Իտալիայի համագործակցությամբ, մասնակցել են 100-ից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Գագաթաժողովին մասնակից ղեկավարներին դիմավորել են Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որոնց հետ կարճատեւ զրույց է ունեցել նախագահ Ա. Սարգսյանը:

Գալով Էրդողանին, ապա նա մասնակցությունից հրաժարվելը պատճառաբանել է նրանով, որ, ըստ իրեն, կազմակերպիչները չէին հետեւում օտարերկրյա ղեկավարներին ընդունելու արարողակարգին, չէին ապահովում իր անվտանգությունը եւ դրանով վիրավորում էին ոչ միայն անձամբ իրեն, այլեւ Թուրքիայի ազգային արժանապատվությունը: Էրդողանի ասածներին արձագանքեցին կուսակիցներն ու իշխանամետ լրատվամիջոցները: Հակառակ դրան, օրինակՙ ընդդիմադիր «Halk TV» հեռուստատեսությունը, արարողակարգի առնչությամբ նշեց, որ Էրդողանը Գլազգոյի գագաթաժողովին մասնակցելու համար պահանջել է Թուրքիայից բերել իր ծառայողական մեքենան: Երբ կազմակերպիչները նրան առաջարկել են այդ նույն մակնիշի «Մերսեդես», այս անգամ էլ նա մատնացույց է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, թե նա իր մեքենան բերել է:

Կազմակերպիչները փորձել են համոզել Էրդողանին, որ Բայդենի մեքենան ամերիկյան է, հետեւաբար իրենք չեն կարող ԱՄՆ-ի նախագահին առաջարկել այդ նույն մեքենայից: Հետո պարզվել է, որ Էրդողանի խնդիրը մեքենան չէ, այլ ավտոշարասյունը, ինչպես Նյու Յորքում նա շրջել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելիս: ԱՄՆ-ում Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Յուրթեր Օզջանը, որ հետեւել էր նստաշրջանի աշխատանքներին, ասաց, որ Էրդողանի շարասյունը զարմացրել էր քաղաքի բնակիչներին, որովհետեւ Անգլիայի վարչապետ Ջոնսոնը մետրոյով էր եկել ՄԱԿ-ի կենտրոնակայանՙ մասնակցելու նստաշրջանին:

Ի դեպ, Գլազգոյի գագաթաժողովի մասնակիցներին էլ, բացառությամբ Ջո Բայդենի, ինչի համար ամերիկյան մամուլը քննադատել է ԱՄՆ-ի նախագահին, երկհարկանի ավտոբուսով են բերել միջոցառմանը: Այսինքն խնդիրը Էրդողանի ծառայողական մեքենան չէր: Թեեւ նախագահ Բայդենի հետ հանդիման արդյունքները ամենեւին չէին բավարարել Էրդողանին, սակայն Թուրքիան, ըստ «Reuters»-ի, Փարիզի կլիմայի կոնվենցիան կյանքի կոչելու դեպքում ստանալու էր 3.1 մլրդ. եվրո աջակցություն: «Halk TV»-ն, հաշվի առնելով այն, որ թուրքական գանձարանը դատարկ է, Էրդողանի կամակորությունները պայմանավորեց նրա առողջական խնդիրներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ