RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2658, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՀՐԱՆԸ ԿԴԻՏԱՐԿԻ՞ ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կյանքի կոչված ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական բաղադրիչներն էինՙ ա) երկրի տարածքային ամբողջականության ապահովումը, բ) Իրանի ռազմաքաղաքական ազդեցության ոլորտում գտնվող երկրների գործընթացների վերահսկումը, եւ գ) սահմանակից երկրների հետ հարաբերությունների կառավարումը:

Ըստ այդմ, առաջին բաղադրիչից ելնելով, երկրի տարածքային ամբողջականության ու քաղաքական միասնականության ապահովման ընկալումները Թեհրանի տեսանկյունից խարսխվում էին պաշտպանական կարողությունների ամրապնդման վրա: Իսկ Իրանի ռազմաքաղաքական ազդեցության ոլորտում գտնվող երկրներում գործընթացները վերահսկելու Թեհրանի նպատակները հիմնականում առնչվում էին իսլամական գաղափարախոսությանն ու մասնավորապեսՙ շիիթական ինքնությանըՙ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի ազդեցության չեզոքացման հաշվառմամբ:

Ինչ վերաբերում է սահմանակից երկրների հետ հարաբերությունների կառավարմանը, ապա այդ ուղղությունը պայմանավորված էր աշխարհաքաղաքական ու աշխարհամշակութային գործոններով: Այդ ուղղությամբ, Թեհրանը հանրային դիվանագիտության միջոցով եւ իրանական մշակութային գրավչություններն ի ցույց դնելով, փորձում էր ամրապնդել կապերը հարեւան երկրների, իր տեսակետովՙ իրանական մշակույթի ազդեցությունը կրող ազգաբնակչության հետ:

Ըստ երեւույթին, տարածաշրջանային նոր իրողությունները, այդ թվումՙ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, թալիբների հաղթական մուտքն Աֆղանստանի մայրաքաղաք, խորհրդարանական ընտրություններով պայմանավորված իրաքյան դեպքերն ու դրանց զուգահեռՙ ԻԻՀ-ում իշխանափոխության արդյունքում բարեփոխականների նկատմամբ պահպանողականների հաղթանակն ու նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսիի պաշտոնավարման մեկնարկը պատճառ դարձան, որ Իրանի անվտանգային հայեցակարգում ավելի մեծ տեղ հատկացվեն սահմանակից երկրներին:

Իրանի հայեցակարգային մոտեցումների վերանայման մտադրության մասին են վկայում ընտրությունների արդյունքում գործադիր իշխանության ղեկն ստանձնած Էբրահիմ Ռայիսիի առաջին մամուլի ասուլիսում տեղ գտած շեշտադրումները, որոնք նաեւ իրենց արտացոլումը գտան ԻԻՀ նորանշանակ արտգործնախարար Ամիր-Աբդոլլահիանի տարածաշրջանային այցելության արդյունքներն ամփոփելու ժամանակ: Այդ մասին են վկայում նաեւ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Իրանի ձեռնարկած դիվանագիտական քայլերը:

Արցախի երկրորդ պատերազմից հետո Իրանի իշխանությունները բացահայտեցին, որ ընդունված ստանդարտներն այլեւս չեն համապատասխանում ռեալ իրողություններին: Հայ-ադրբեջանական ռազմական բախումների ողջ ընթացքում Իրանի աչքից չէին կարող վրիպել հայ-ադրբեջանական հակամարտությունների նկատմամբ Ռուսաստանիՙ նախկինից տարբերվող գործելաոճը եւ Բաքվին ցուցաբերվող Անկարայի ռազմաքաղաքական անվերապահ աջակցությունը:

Եվ այս բացահայտումների շնորհիվ, այսօր Իրանում զգացվում է ռեալ իրողությունների վրա հիմնված Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների նոր ռազմավարության անհրաժեշտությունը, քանի որ դիվանագիտական հռետորաբանության շնորհիվ Իրան-Ադրբեջան հարաբերությունների երեսնամյա պատմությանը եղբայրական որակումը տրված նախկին գնահատականներն այսօր աստիճանաբար խամրում ու կորցնում են իրենց երբեմնի նշանակությունը:

Անկասկած է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բարիդրացիական համարող շրջանակները վերջապես կբացահայտեն «խավիարային» ու «նավթադոլարային» անվանումն ստացած «ճկուն դինանագիտության» էությունն ու կվերհիշեն հակամարտությունների բազմաթիվ դրվագներով հագեցած երկկողմ հարաբերությունների պատմությունը:

Կարծում ենք, այլեւս Իրանին հաջողվել է բացահայտել, որ Ադրբեջանի ռազմական հայեցակարգում Իրանը Բաքվի համար անվտանգության տեսակետից դիտվում է որպես սպառնալիք:

Թեհրանը նաեւ վաղուց է բացահայտել, որ Ադրբեջանի նախագահն իրեն աշխարհի ազերիների առաջնորդ հռչակելով` սկիզբ է դրել Իրանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ քարոզչությանը: Թեհրանի տեսադաշտից չի վրիպել նաեւ Ադրբեջանի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու բազմաթիվ փաստեր, ու հասկացել է, որ «Հարավային եւ Հյուսիսային» Ադրբեջանների միացման կեղծ օրակարգը թմբկահարելով, Բաքուն հետեւողական քայլեր է ձեռնարկում Իրանի ներքաղաքական կյանքում խնդիրներ առաջացնելու համար:

Թեհրանն այլեւս կասկածներ չունի, որ Ադրբեջանը հակված է ոչ թե դեպի իրանական իսլամական մոդելը, այլ դեպի թուրքական աշխարհիկ համակարգը:

Կարծում ենք, թվարկվածը բավարար է Թեհրանին հանդես գալու Իրան-Ադրբեջան նոր հայեցակարգի մշակման նախաձեռնությամբ, որի անհրաժեշտությունն զգացվեց հատկապես իրանական սահմաններին հարող տարածքներում «անխախտ եղբայրություն» անվան տակ Թուրքիայի ձեռնարկած համատեղ զորավարժություններից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ