RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2861, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այն բանից հետո, երբ հրապարակ բերվեցին արտահոսքերՙ իբր նոյեմբերի 9- ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ փաստաթղթեր ստորագրելու մասին, Հայաստանում շունչը պահած սպասում են այդ ամսաթվին: Ընդդիմությունը սեւ կանխատեսումներ է անում, իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են փարատել դրանք. չգիտեսՙ դրանց տակ որն է ավազ, որըՙ ջուր:

Մի բան հստակ էՙ Հայաստանի ու Արցախի համար ամենակարեւոր հարցերը, այո, կարող են լինել սեղանին, քանի որ նոյեմբերիննյան սեւ փաստաթղթի տարելիցն է մոտենում, ու հավանական է, որ Մոսկվան, Անկարան, Թուրքիան իրենց նպատակներն իրականություն դարձնելու ճանապարհին ամեն ինչ կտայինՙ ունենալու համաձայնագիր անունով թղթեր երկու ուղղությամբ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ապա նաեւ հաղորդուղիների բացման, որն թուրքադրբեջանական կողմն անվանում է «Զանգեզուրի միջանցք», հայկական կողմըՙ ճանապարհ:

Հիմա չսխալվելու եւ ճնշումներին դիմակայելու համար մեզ պետք են խելացի հուշումներ, դե իսկ խելացի հուշումնրը խելացի մարդկանցից պետք է ծագեն, դիվանագիտության այբուբենին լիարժեք տիրապետողներից, անցյալի դասերը յուրացրածներից: Այդպիսի հուշումներ քաղաքական դաշտում չեն երեւում, կա սարսափելի աններդաշնակ քաղաքական աղմուկ, միմյանց փռելու գործընթաց, իսկ Հայաստանի եւ Արցախի շուրջ սողացող գործընթացը կարծես մոտենում է առաջին արարի հանգուցալուծմանը:

Փաստորեն աշխարհաքաղաքական հակադրությունը մեր տարածաշրջանում մտավ ավելի առարկայական փուլ, քանի որ օրեր առաջ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի ՙ Թբիլիսիում «3+3» ձեւաչափն ընդունելի չլինելու, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ առաջարկի մերժելի համարելու հայտարարությանը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան մեկ օր առաջ հակադրվեց, թե իր երկիրն աջակցում է այդ ֆորմատով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների առաջարկին, ու դա համապատասխանում է ԲՈԼՈՐԻ շահերին, ու պետք է սկսել դրա գործնական ներդրումը: Ո՞ւմՙ բոլորի, եթե այս առաջարկում բոլոր առումներով անտեսված են լինելու Հայաստանի շահերը, եւ ամեն ինչ հենց կառուցվելու է Հայաստանի շահերի հաշվին: Բայց ուժեղների քաղաքականությունը հենց այն է, որը բոլոր տեսակի անտրամաբանական բաները կմոտեցնի իրարՙ հանուն ուժեղների շահերի, մանավանդՙ նույն ԱՄՆ-ի նախագահ Բայդենը, ըստ Սպիտակ տան ներկայացուցիչների, անցած կիրակի կառուցողական բանակցություններ է անցկացրել Էրդողանի հետ Մեծ քսանյակի գագաթնաժողովում:

Տեսնես նույն գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բանակցությունները տասնյակ երկրների ղեկավարների հետ նույնքան կառուցողակա՞ն են եղել մեզ համար, էն, որ նա զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի, Մոնակոյի արքայազնի, Քաթարի շեյխի, Եգիպտոսի նախագահի ու տարբեր ազդեցության տասնյակ այլ երկրների ղեկավարների հետ, ԵԽ նախագահ Շառլ Միշելն էլՙ վրադիր:

Հայաստանը դեռ պաշտոնապես ձայն չի հանում «3+3» ձեւաչափի մասին, ԱԺ-ում կենտ կարծիք երեկ է հնչելՙ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանն ասել է, թեՙ տարածաշրջանային համագործակցության ձեւաչափերը չպետք է կրկնօրինակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ասել է թեՙ անընդունելի է Մինսկի խմբին դուրս մղելու այդ գործընթացը:

Վրաստանը դեմ է «3+3»-ին, բայց կարող է գալ պահը, որ Վրաստանին չհարցնեն էլ (Վրաստանում էլ հիմա կայուն չէ), մնում է, որ որոշիչ եռյակի մյուս անդամի դերում նշանակվող Իրանն արտահայտվի, քանի որ այդպիսի ձեւաչափը, որտեղ միջնորդավորված արտացոլված են նաեւ Իսրայելի շահերը, պիտի որ Իրանի սրտով չլիներ...

Քանի որ այս ձեւաչափն Արեւմուտքին տարածաշրջանից դուրս դնելու խնդիր ունիՙ հազիվ թե դա արագ իրականություն դառնաՙ մեծ շահառու երկրների ազդեցությունը եթե նկատի առնենք Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ անգամ Իրանի վրա: Դուք տեսե՞լ եք համագործակցության ձեւաչափՙ իրար թշնամի կամ մրցակից այնպիսի զույգ երկրների մասնակցությամբ, ինչպիսին Վրաստանն ու Ռուսաստանն են, Իրանն ու Թուրքիան են, Հայաստանն ու Ադրբեջանն են, Հայաստանն ու Թուրքիան են, սա մի տեսակ անկարելին կարելի դարձնելու ռուս-թուրքական ջանք էՙ Կովկասը տնօրինելու ցանկությամբ: Փորձագիտական մակարդակով, այո, գնահատականներ կան, օրինակՙ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ չի կարող աշխատել մի ձեւաչափ, որում միաժամանակ ներկա են Վրաստանն ու Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը, այսինքն դա չի կարող իրական աշխատանքային ձեւաչափ լինել: Համենայնդեպսՙ ենթադրվում է այս ձեւաչափին առավել առարկայական հակադրությունՙ Կովկասում շահեր ունեցող մյուս մեծ երկրներից, բայց դե նրանց հույսին մնալով բան դուրս չի գա:

Այս ֆոնին նոյեմբերի իննի զինադադարի հայտարարության տարելիցին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ղեկավարության ինչ-որ անհայտ հանդիպման սպասումը առավել քան լարում է ինտրիգը, հասկանալի է, որ Զախարովայի հայտարարությունը, թեեւ նա տեղյակ չէր եռաչափ կոնկրետ հանդիպումից, ենթադրում է Ռուսաստանի ինչ-որ մտադրություն մոտակա օրերին...

Վտանգն այն է, որ ինչ-որ քայլ կարող է էլի մեր հաշվին լինել, ինչպես միշտ, ու պարտադրանքը կարող է լինել Ռուսաստանի կողմից:

Պատերազմից ու պարտությունից հետո պետության ղեկին մնացած իշխանությանը չենք կարծում, որ ներվի Հայաստանի եւ Արցախի շահերի նոր ոտնահարումներով փաստաթուղթ: Առհասարակՙ նոյեմբերի իննի հայտարարությունն, առանց այնտեղ եղած պարտավորություններն արձանագրող համաձայնագրերի, իրավական առումով որեւէ բան չի նշանակում միջազգային հարաբերությունների տեսակետից: Այս իմաստով որեւէ համաձայնագրի ստորագրման հետաձգումն արդեն մեկ տարի հայկական պետությունների շահից են բխելՙ բայց վերապահումով, եթե, իհարկե, մենք պատրաստած լինեինք այն գործիքակազմը, որով կարողանայինք դիմակայել պարտադրանքներին ու ճնշումներին: Կա՞ այդպիսի գործիքակազմՙ հազիվ թե , մեր երկրում ընդդիմությունն ու իշխանությունը այդպիսի գործիքակազմ հավաքելու փոխարեն իրար միս են կերել արդեն մեկ տարի, փոխանակ մշակելու եւ իրականացնելու այն քայլերը, որոնք հայկական կողմին հնարավորություն կտային գոնե ինչ-որ չափով դիմակայելու ռուսական եւ թուրքական ճնշումներին դիվանագիտորեն կամ իրավական առումով:

Փոխարենը նկատելի է պլան Բ-ի առկայություն, եթե ամեն ինչ տապալվի (նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի արտաքին քաղաքական շփումները, Ազգային ժողովրդական բեւեռի, կամ Քոչարյանի վերսկսած հանրահավաքները դրա մասին են վկայում), այն էՙ արտաքին ինչ-ինչ ուժերի համաձայնությամբ ամենածայրահեղ իրավիճակում ֆիգուրի փոփոխության հնարավորություն, բայց անգամ դա վկայում է, որ մերոնք լավ բանի հույս չունեն, համենայնդեպսՙ այդպիսի շշուկներ կան կուլիսներում, չգիտենքՙ իրական, թե՞ կեղծ:

Ռուսները խոսում են Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման հարցը կարգավորելուՙ իրենց Գլխավոր շտաբում առկա ինչ-որ քարտեզներից, որ իբր մենակ Ռուսաստանն է դրանց տիրապետողը, մերոնք պատասխանում են, որ Հայաստանը եւս ունի այդ քարտեզները, ամենաբարձր մակարդակներով խոսվում է այդ քարտեզներիՙ մեզ շահեկան կամ անշահեկան բաղադրիչներից, արտահոսքերով մեր հանրությանը նախապատրաստում են ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, որն ըստ թուրք-ադրբեջանական բարձրաձայնումներիՙ Ադրբեջան-Նախիջեւան միջանցք է Հայաստանի տարածքով, կամ Արցախի ինքնավարությունՙ Ադրբեջանի կազմում, ըստ Հայաստանի պաշտոնյաներիՙ մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհի տրամադրում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումՙ Արցախի փաստացի անկախության կամ անգամ ռուսական ենթակայության մանդատով (վերջինը Սամվել Բաբայանն ասացՙ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում):

Անգամ վերջին հանդիպումներում վարչապետ Փաշինյանն է սկսել խոսել առանց Արցախի կարգավիճակի հստակեցմանՙ Արցախի հետ կապված որեւի խնդրի լուծման անհնարինությունից, մի տեսակ հակադրվելով ռուս-թուրքական ազդակներին. «Մենք կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաեւ համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվումՙ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումըՙ վերջնական եւ համապարփակ եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը», ասել է Փաշինյանըՙ Արցախի նախագահի հետ երեւանյան հանդիպման ժամանակ:

Օդում առկա է սպասումը գլխավոր հարցումՙ ինչ է սպասում Հայաստանին ու Արցախինՙ նոր աննպաստ փաստաթղթերի ստորագրո՞ւմ, թե՞ այնպիսի փոխակերպումներ, որոնք, սակայն, իրենց անդրադարձները կունենան Հայաստանի ներքաղաքական կյանքի, տնտեսության ու ներքին կայունության վրա:

Մինչ այդ Հայաստանում զբաղված են առօրյա գործերովՙ ԱԺ հանձնաժողովներում եկող տարվա բյուջեի նախագիծն են քննարկում, ամեն օր հանրության ականջին հասցնում զայրացնող լուրեր այն մասին, որ դատախազների աշխատավարձերը հասցնում են առաստաղի մակարդակիՙ թոշակառուների կենսապահովման հարց չլուծող թոշակների, բազմաթիվ շերտերի ցածր աշխատավարձերի ֆոնին. Հայաստանի պարտքը հատել է անթույլատրելիության սահմանը, հասնելով ՀՆԱ-ի 63.5 տոկոս մակարդակը, մինչդեռ օրենքով թույլատրելի է 60 տոկոսից ցածր պետական պարտքի շեմ: Ծախսերն էլ շատ են հարկային եկամուտներից, մինչդեռ պետք է հակառակը լինի, այսինքնՙ տնտեսության մեջ էլ մտահոգող վտանգներ կան:

Գյումրիի ու Մեղրիիՙ ՏԻՄ ընտրություններում չհաղթած իշխանությունը կոալիցիոն կոնֆիգուրացիաներով հնար է գտել կրկին իշխանության ղեկին մնալ այդ քաղաքներում (Մեղրիում Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանն են զարմանահրաշ միություն կազմել, Գյումրիում «Բալասանյան» դաշինքն ու հաղթած ուժերից մեկը նույն կերպ բարդ օպերացիայով պահպանում են իշխող ուժի ղեկավարումը, Շիրակի մարզպետ էլ կնշանակվի իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ Նազելի Բաղդասարյանը): Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են ցնցող հարցազրույցներ տալ սեփական լրատվամիջոցներին կամ ցնցող գրառումներ անել սոցիալական ցանցերովՙ իշխանությանը փռելով ասֆալտին, իշխանությանՙ էպատաժային ներկայացուցիչները շարունակում են խելացի դեմք սարքած այնպիսի բաներ արտաբերել, որ նորմալ մարդկանց խաչը թռցնեն, ու էդպես...

Ստորագրվելիք փաստաթղթերի սպասումը, սակայն, ստվերել է քովիդով, ներքաղաքական աղմուկով, թանկացումներով, առաջիկայում ՏԻՄ նոր ընտրությունների տուրեւառով լցված առօրյան:

Այս բոլորի մեջ արժե հիշատակել ԱԳՆ Արարատ Միրզոյանի մի միտքըՙ «Նուվել դ՛Արմենիին», եւ ԱԳՆ տեղակալ Վահե Գեւորգյանի մի քանի տեսակետներըՙ ԱԺ հանձնաժողովում բյուջեի քննարկմանը, միգուցե դրանք ինչ-որ հուշումներ լինեն իրավիճակի առումով.

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանային կայունությանը» (Արարատ Միրզոյան):

«Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման խնդիր է, այլեւ` երկրի եւ ընդհանուր հայ ժողովրդի անվտանգության: Մենք դա արձանագրել ենք բոլոր հիմնարար փաստաթղթերում եւ շարունակելու ենք աշխատել այդ ձեւաչափով», սա Վ. Գեւորգյանն է ասելՙ մի այլ հարցի ի պատասխան հավելելով, որ այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ, ապացուցեց, որ Ղարաբաղի հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ: Գեւորգյանը նաեւ նշել է, որ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության, կենսական շահերի հաշվին:

Բաքվում հնչած Ալիեւի երեկվա նվնվոցն էլ գումարենք. «Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները: Մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին: Մենք առաջարկել ենք սկսել սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Բայց, ցավոք, պատասխան չի ստացվել»:

Սպասումը լսենք նաեւ ընդդիմությունից Սեյրան Օհանյանի խոսքով.« Այս իշխանությունների օրոք, որ երկիրը տարել են պարտության, պարտությունների շարանը շարունակվում է սահմաններում, շփման գծում: Հիմա խոսվում է, որ նոյեմբերի 9-ին էլ երկու երկրների միջեւ ինչ-որ բան է ստորագրվելու: 2021 թվականի այս իրականության մեջ կան խոսակցություններ փաստաթղթերի ստորագրման մասին, որոնք ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը»:

Դե իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ համազգային դիմադրություն է հայտարարում նոյեմբերի 8-ինՙ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հանարհավաքի կանչելով:

Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզՙ այս բոլորից հետո...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ