«ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՐՄԱՐԵ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

1

Հայ արվեստագետ Վիգեն Ավետիսը Կոոպերատիվ արվեստանոցում իրականացրել է իր հարգանքի տուրքը մեծ բանաստեղծին

Ալեսսանդրա Պոջի

Արվեստը նման է Ավետարանի: Քանդակագործը նման է մարգարեի, հույսի սուրհանդակի: Այս փիլիսոփայությամբ հատիչի միջոցով ձեւավորվում են հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի աշխատանքները, որն այս պահին ավարտին է հասցնում «Աստվածային կատակերգություն» քանդակը Կառարայի Սան Մարտինո թիվ 1 հասցեում գտնվող Քանդակագործների կոոպերատիվ արվեստանոցում: Ստեղծագործությունը երեքշաբթի առավոտյան տանելու են Բրյուսել, որտեղ հոկտեմբերի 4-ից 14-ը ցուցադրվելու է Սե Մինե Գենկ թանգարանումՙ «Դանթե – 700: Աստվածային բառեր» ցուցահանդեսում, որ հովանավորել են Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարությունը, արտասահմանի իտալացիների գլխավոր միությունը: Տասնյոթ արվեստագետի ցուցահանդեսում միակ մարմարե աշխատանքը Վիգենինն է: Բացի Հայաստանը եւ Կառարան ներկայացնելուց, այս գործը կարողացել է մեկ քանդակի մեջ խտացնել Դանթեի երեք երգերը: Ստեղծագործությունը ոչ պատահականորեն վկայակոչում է այն երկրաչափությունը, որը կրում է «Աստվածային կատակերգության» կառուցվածքըՙ խորանարդ (դժոխք), գունդ (քավարան) եւ բուրգ (դրախտ): Հենց սպիտակ եւ հղկված մարմարե բուրգն է կրում հույսի ուղերձը: Խորանարդի ներսում կա մի անցք, որտեղ զետեղված է Դանթեի եւ Վիրգիլիոսի արծաթե մանրաքանդակըՙ լուսավորված մեկ այլ ճեղքով, որը կարողանում է ստեղծել խորհրդածության մղող մի օպտիկական էֆեկտ: Այն դիտելու համար պետք է մոտենալ եւ, ինչպես Վիգենն է ասում, «քիթը մտցնել քավարանի մեջ»:

Վիգենը (հայ առաքելական) մեծ բանաստեղծի գիտակ է, կատարելապես գիտի «Աստվածային կատակերգությունը» եւ խիստ հավատացյալ է: «Արվեստը նման է Ավետարանի,- ասում է նա,- եւ արվեստագետը նրա առաքյալն է»:

«Իլ տիրրենո», հոկտեմբերի 2, 2021

Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ