ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԱՆԱԼ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՊՆ-ԻՆ

1

Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը վստահեցնում էՙ սահմանագծում ու սահմանազատում իրականացնելու հարցում կարեւոր դեր ունեն նաեւ քարտեզագետներն ու գեոդեզիստներ, որոնց պակաս հանրապետությունում չկա: «Ազգ»ի հետ զրույցում նշում է, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները հստակ կանոնակարգ ունենՙ սկսած միջազգային փաստաթղթերից, վերջացրած ներպետական նորմերով: Ասում է, որ սահմանազատման աշխատանքները մեկնարկում են արխիվային նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրմամբ, իսկ այդ ուսումնասիրությունն իրականացնում են ոչ միայն գեոդեզիստներն ու քարտեզագիրները, այլ նաեւ տարբեր ոլորտների մասնագետներՙ գյուղատնտեսներ, պաշտպանական ոլորտի ներկայացուցիչներ, իրավաբաններ: Մասնագետներն ուսումնասիրում են սահմանազատման աշխատանքների բոլոր ասպեկտները, հաշվի են առնում դրական ու բացասական բոլոր կողմերը: «Այսինքնՙ միայն թղթով սահմանազատում իրականացնել չի կարելի»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

Շահինյանն ընդգծում է, որ սահմանազատումն ու սահմանագծում այնպես պետք է իրականացվեն, որ դա նվազագույն ազդեցություն ունենա պետության ու պետական շահի վրա: Իսկ սահմանազատում իրականացնող երկրները դրական են տրամադրված այդ աշխատանքներին, բացատրում էՙ երկուստեք փոխզիջումների են գնում, ու գործն առաջ է գնում, այսինքնՙ հարեւանիդ ինչ-որ մի բան տալովՙ ինքդ էլ ինչ-որ մի բան ստանում ես: «Բայց այս պահին այն ազդակները, որ ստանում ենք Ադրբեջանից, թշնամու, ոչ թե հարեւան երկրից եկող «մեսիջներ են»: Առավել քան պարզ էՙ նրանք փոխզիջման կամ բանակցությունների գնալու պատրաստ չեն: Անձամբ ծանոթ չեմ իրավիճակի, երբ թշնամի երկրները սահմանազատում են իրականացրել: Անգամ հարեւան Վրաստանի հետ, որի եւ Հայաստանի հարաբերությունները բարիդրացիական են, սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել: Դրանք կատարվել են 75 տոկոսով»,- նշում է Շահինյանը:

Քարտեզագետը վստահեցնում էՙ հայկական ու ռուսական քարտեզների համաձայն, Սեւ լճի տարածքը, որտեղ մուտք են գործել ադրբեջանցիները, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է: Բացատրում էՙ Խորհրդային Միության գոյության տարիներին ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի վերաբերյալ քարտեզները այդ երկրներում չեն տպագրվել: Անդրկովկասի երկրների քարտեզների մի մասը Թբիլիսիում, մյուսՙ առավել մեծ մասը Մոսկվայում է պահպանվել: «Երբ 1972-ին Հայաստանում ստեղծվեց Գեոդեզիայի ինստիտուտը, քարտեզների մեծ մասը տեղափոխվեց Երեւան: Այդ ժամանակից սկսածՙ Հայաստանը փորձեց ոտքի կանգնել ու իր տարածքների վերաբերյալ քարտեզների կազմումն իր ձեռքը վերցրեց: ԱԱԾ-ն, օրինակ, ամռանը մի տեսանյութ էր հրապարակել, որում հղում էր անում խորհրդային տարիներին հրապարակված քարտեզի, որից երեւում էրՙ Սեւ լիճն ընդամենը 25 տոկոսով է գտնվում Ադրբեջանի տարածքում: Ուշադիր նայելովՙ կարող էիք տեսնել, որ քարտեզը վերցված է Թբիլիսիի արխիվից: Որքանով տեղյակ եմ, քարտեզների ամբողջականության հետ կապված նույնպես խնդիրներ ունենք, այսինքնՙ կան քարտեզներ, որոնք Հայաստանը չուներ ու չունի: Իմ տեղեկություններովՙ ՀՀ պատկան մարմինները դիմել են թե՛ Ռուսաստանին, թե՛ Վրաստանին, սակայն քարտեզները մինչ օրս մեզ չեն հասել: Խորհրդային տարիներին միութենական երկրների միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ, որպես կանոն, չէին արվում: Բավական է որեւէ համայնք կենտկոմից խնդրեր, որՙ այս գյուղի այսինչ արոտավայրը մեզ հատկացրեք, ու նման որոշում էր ընդունվում, հետեւաբարՙ տվյալ համայնքի տարածքն էլ փոխվում էրՙ ըստ իրավիճակի: 1926-ից մինչեւ 1988-ը Հայաստանն անընդհատ այդպիսի տարածքներ է կորցրել, հետեւաբարՙ մեր քարտեզները տարբերվում են: Դրա համար եմ միշտ բարձրաձայնում, որ պետք է ուսումասիրել արխիվային փաստաթղթերըՙ արդյո՞ք մեզ 1970-ականների քարտեզն է ձեռնտու, թե՞ անհրաժեշտություն կա 1923-ի քարտեզներին վերադառնալու: Որոշակիորեն հասկանալի է Ադրբեջանի պնդումը, երբ նրանք ասում ենՙ սահմանազատումը եկեք 1970-ականների քարտեզներով անենք, քանի որ այդ ժամանակահատվածում Հայաստանն արդեն տարածքային կորուստներ էր ունեցել»,- պարզաբանում է Շահինյանը:

2018-ին տեղի ունեցած քաղաքական վերադասավորումներից հետո կառավարությունը, ի թիվս մի շարք գիտական կենտրոնների ու ինստիտուտների, լուծարեց նաեւ Գեոդեզիայի ու քարտեզագրության ՊՈԱԿ-ը, որը, սակայն, մեր զրուցակցի համոզմամբ, կարեւորագույն աշխատանք կարող էր կատարել թե՚՛պատերազմից առաջ ու դրա ընթացքում, թե՛պատերազմից հետո: ՊՈԱԿ-ում ներառված էին մասնագետներ, որոնք Խորհրդային Միության ու Թուրքիայի սահմանազատման աշխատանքներով էին զբաղվել: «ՊՈԱԿ-ի աշխատակազմը 1991-1994-ին ռազմական նշանակության քարտեզներ է ստեղծել պաշտպանության նախարարության համար: Արբանյակներից լուսանկարներ էին կարողանում ստանալ: Գեոդեզիայի ինստիտուտը կարող էր ստանալ այն նույն որակի ու ճշգրտության նկարներ, որոնք Ադրբեջանը ստանում ու կիրառում էր պատերազմի ժամանակ, բայց այդ ներուժը ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ դրանից առաջ ու հետո չի օգտագործվել»,- ասում է քարտեզագետը:

Պատկան կառույցներն ու մարմինները, պատերազմից հետո սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնելու գործընթացի ֆոնին, արդեն լուծարված ինստիտուտի աշխատակիցներին չեն դիմել, նաեւ մեր զրուցակից Շահինյանի բաց նամակըՙ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ ինքը պատրաստ է գործի դնել իր մասնագիտական ներուժը, անարձագանք է մնացել:

Ինչ վերաբերում է GPS-ով սահմանազատում անելուն, ապա Շահեն Շահինյանը շեշտում էՙ այդ մասին խոսելիս մի քանի նյուանսների պետք է անդրադառնալ: «Դա լայն տարածում ունեցող տեխնոլոգիա է, որ կիրառվում է ճշգրիտ գեոդեզիական աշխատանքներում: GPS-ով աշխատելու մի քանի տարբերակ կա, պետք է տարանջատել սիրողական GPS-ը, որը մինչեւ 3 մետրի ճշգրտություն է ապահովում: Նման համակարգ ունի յուրաքանչյուր սմարթֆոն: Բայց կան ավելի պրոֆեսիոնալ GPS-ներ, որոնք ապահովում են մինչեւ 1 մմ-ի ճշգրտություն: GPS-ը որպես հիմնական մեթոդ ու գործիք ընդունել պետք չէ, բայցեւ այն ամբողջությամբ բացառելն էլ է սխալ»,- ամփոփում է մեր զրուցակիցը: