RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2480, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐԵՔ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ՏՆԿԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

Փաստորեն, ոչ միայն քաղաքական գործչի, այլեւ ծառի նախկինն էլ է լինում:

Գեղարքունիքի մարզում սկսել են նախկին ծառերն արմատախիլ անել: Թերեւս այն պատճառով, որ այստեղ Փաշինյանին ծափ տվողներն ավել շատ են, քան այլ մարզերում, վարչապետի բերնից թռած բառն էլ հալած յուղի պես է ընդունվում:

«Այն գյուղացիները, ովքեր կհամաձայնեն իրենց այգիների ծառերը հանել, անվճար կստանան սերտիֆիկացված տնկիներ. յուրաքանչյուր հինգ նոր, սերտիֆիկացված տնկիի համար էլՙ կաթիլային ոռոգման համակարգ կքաշվի»,- հայտարարել է Փաշինյանը :

Նրա առաջարկը կառավարությունում միաձայն է ընդունվել, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ավելացրել է, թե «գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը այնպես են հիբրիդային ձեւով իրար հետ միացել, որ այս ծրագիրն ունի դուալ էֆեկտ»:

Այսինքնՙ ոչ մի առարկություն ո՛չ էկոնոմիկայի, ո՛չ շրջակա միջավայրի նախարարություններից, ո՛չ էլ մարզպետերից: Պողպատե խոսքՙ պողպատե մուրճի հարվածի սպառնալիքով:

Նախկին ծառերի, նախկին այգիների անվնաս գոյությունից ի՞չը չի գոհացրել Փաշինյանին: Պարզվում էՙ տեսքը: Նախկին ծառերի ու այգիների տեսքն անհրապույր է, մի տեսակ ակնահաճո չի, հետն էլ նախկինները նորմալ բերք չեն տալիս: Վարչապետը շատ է շրջել Հայաստանի մարզերում, ու նախկին այգիները դուրը չեն եկել, ուրեմն պետք է արմատախիլ արվեն:

Հայտնի է, որ մեր գյուղերումՙ տնամերձերում ու այգիներում, պապենական ծառեր կան, որոնք սերնդեսերունդ կանգուն են մնացելՙ իրենց հետ փոխանցելով տոհմի, գերդաստանի ավանդույթներն ու արժեքները, էլ չասենք, որ հսկայական այգիներ կան, որոնք հարյուրավոր տոննաներով բերք են տալիս ու ապահովում գյուղացիների եկամուտը: Դրանք արմատախիլ անել ու փոխարենը տնկել սերտիֆիկացված նոր շի՞վ, ինչ է, թե վարչապետին դա՞ է դուր գալիս: Իսկ այն, որ կենդանի, աճող, բերք տվող միլիոնավոր ծառեր արմատախիլ են արվելու, դա ոչի՞նչ է, հանցանք, բարբարոսություն չէ՞:

Գաղտնիք չէ, որ բանջարեղենի մշակման մեջ մեծ չափով թունաքիմիկատներ են օգտագործվում, ու թերեւս միակ սննդամթերքը, որ դեռ չի ապականվել, Հայաստանի մրգերն են, որովհետեւ այգեգործությունը մեր երկրում շարունակվում է դեռեւս հին ավանդույթներով, տնկվում են «նախկին» ծառատեսակների տնկիները:

«Սերտիֆիկացվածը ո՞րն է ախր. բառն էլ չեմ կարողանում արտասանել. պապիս տնկած խնձորի, ծիրանի այգիներն են ինձ ու ընտանիքիս պահում: Սերտիֆիկացված տնկին որ բերեմ, էս հինգ մետրանոց ծառի տեղը տնկեմ, ինձ քանի՞ տարի հետո է բերք տալու: Բա ես հինգ տարի ինչո՞վ կերակրեմ ընտանիքիս»,- զարմացած ու շվարած ասում է մասիսցի երիտասարդ այգեպան Գեւորգը :

Նա այս տարի խնձորի այգուց երեսուն տոննա բերք է ստացել: Պապի տնկած խնձորենիներն արմատախիլ անելու մտքից մարմնով սարսուռ է անցնում:

Իսկ վարչապետը սառնասրտորեն այտարարում է. « Եթե գյուղացին համաձայնի իր այգին մաքրել բոլոր ծառերից, բոլոր ծառերը հանել....»:

Դարձյալ եթե, դարձյալ պայմաններ, եթե ծառերդ արմատախիլ անես, կստանաս սերտիֆիկացված տնկիՙ կաթիլային ոռոգման համակարգով: Բնականաբար, 10 սերտիֆիկացված տնկիի համար գյուղացին ոռոգման անվճար համակարգ չի ստանա, ստիպված է լինելու ամբողջ այգին արմատախիլ անել այդ արտոնությունից օգտվելու ամար: Բայց ո՞վ է վերահսկելու, ո՞վ է մասնագիտական, այգեգործական խորուրդներ տալու, թե ո՛ր ծառի արդյունավետությունն է ավելի նվազ, իսկ որինըՙ առավել: Հայաստանում աճում են մրգերի այնպիսի սորտեր, որոնք վերացման վտանգի տակ են: Առանց այն էլ դաշտերը լցված են բարձր բերքատվությամբ, բայց անորակ ու առողջության համար վնասակար, գմօ պարունակող բանջարեղենով: Հերթը հիմա էլ ծառերի՞ն հասավ:

Փաշինյանի խոսքին ինչքա՜ն հավատացողնր կլինեն, քանի՜ գյուղացի առանց երկար-բարակ մտածելու, հիպնոսի տակՙ իր այգին արմատախիլ կանի ու տեղը կտնկի ականջին կանաչ թղթի կտոր կպցրած մի մետրանոց շիվՙ անձնագրով, թուղթ-թանաքով, կնիքով, չգիտես որ լաբորատորիայում, չգիտես որ կենդանու սերմնաբջիջից առաջացած կորիզից: Անունն էլՙ սերտիֆիկացված, որ գյուղացին լեզուն երեք անգամ ջարդելով պիտի փորձի արտասանել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ