RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2461, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՅԼԱՍԱՐԻՙ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐՁՈՒՆՔՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՑԵԼ

ՆԱԻՐ ՅԱՆ

Կապանի Փայլասարի լեռնաշղթան հայկակա՞ն վերահսկողության տակ է, թե՞ ադրբեջանական. այս հարցը դեռ շաբաթվա սկզբներից ակտիվորեն շրջանառվում է: «Հայաստան » խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր ԱԺ-ում հայտարարել, որ Փելա սար կոչվող տարածքն անցել է ադրբեջանցիներին: Հետո ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց ու տեղեկությունը հերքեց:

Իսկ հայտնի է, որ իշխանությունները պաշտոնական խողովակներով ինչ հերքում են, հետո հաստատվում է ու պարզվում, որ բանը բանից վաղուց է անցել:

Փաշինյանն էր ասել, չէ՞. «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր կանգնի»: Սահմանազատման գործընթացն այսպես էր դիտարկել վարչապետը:

Փայլասարում ժամանակին տեղակայված է եղել մեր ՀՕՊ զորամասը: Դեկտեմբերի 18-ին մեր անվտանգության գոտիները զիջվեցին թշնամուն: Փայլասարի մեջտեղի հատվածում տեղակայված էին ադրբեջանական սահմանապահ զորքերը, մի քիչ ներքեւումՙ հայ սահմանապահները: Հոկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հատվածում տեղակայված են եղել նաեւ ռուս մի խումբ սահմանապահներ, սակայն նրանք արդեն մի քանի օր էՙ տեղափոխվել են քիչ ավելի հեռու: Նրանց բացակայությամբ պայմանավորվածՙ այդ նշանակալի բարձունքի տեր ու տիրականն են դարձել ադրբեջանցիները: Այդ հատվածում եղել է միջդիրքային ճանապարհ, իսկ Ագարակ գյուղի բնակիչներն օգտվելիս են եղել իրենց շատ մոտ գտնվող անտառից: Տարածքն ամբողջովին անտառապատ է:

Ադրբեջանցիներն արդեն մի քանի օր էՙ այդ հատվածում արգելափակոց են տեղադրելՙ թույլ չտալով ագարակցիների մուտքն այնտեղ:

Հայկական ու ադրբեջանական դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես ադրբեջանցիներն անարգել մտել են մեր տարածք ու այն զավթել:

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը , կարեւորելով Փայլասարի լեռնաշղթայի հենց այն հատվածը, որն օրեր առաջ զավթել են ադրբեջանցիները, հիշեցնում է, որ 1990-ականներին ադրբեջանցիները հենց այդ բարձունքից էին հրետակոծում հայկական բնակավայրերը, ինչպես նաեւ Կապան քաղաքը:

Ինչպե՞ս են հայ, ադրբեջանցի եւ ռուս սահմանապահները տեղակայվել Փայլասարի միջանկյալ հատվածում: Կապանի քաղաքապետը պատմում է, որ ադրբեջանցիները մի քանի անգամ փորձել են այդ բարձունքն առնել իրենց վերահսկողության տակ, բայց դիմադրության են հանդիպել: Հերթական անգամ մեծ զորքով են եկել ու սպառնացել, որ եթե տարածքն իրենց չտանք, բռնի ուժով կտիրանան: Հաջորդել են բանակցությունները. արդյունքում երեք երկրի ուժերն էլ տեղակայվել են տարածքում: Բայց հոկտեմբերի կեսերին ռուսները թողել-գնացել են, ադրբեջանցիներն այդ տարածքը վերցրել են իրենց վերահսկողության տակ, որտեղ գտնվում է նաեւ այն ճանապարհը, որը Ագարակը կապում է Ուժանիս գյուղին:

Փայլասարի այդ հատվածին շատ մոտ գտնվող Ագարակ, Խդրանց, Դիցմայրի, Սյունիք գյուղերը, փաստորեն, վտանգված են, որովհետեւ ադրբեջանական զինված ուժերն արդեն շատ մոտ են տեղակայված:

Ռազմավարական նշանակության տարածքն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ. պատահականությո՞ւն էր ռուսներիՙ այդետեղից հեռանալն ու հոկտեմբերի 19-ին հինգ գերիների վերադարձը Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ