RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2683, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՒ ԳՈՐԻՍՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ՈՉ ԵՆ ԱՍԵԼ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 6 մարզի 9 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եղան: Սյունիքի չորս համայնքումՙ Գորիսում, Մեղրիում, Տաթեւում ու Տեղում, ընտրեցին համայքի ղեկավարների:

Մեղրիում պայքարում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» եւ նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Մեղրիի համայնքի ղեկավարի աթոռը դատարկ էր: Մխիթար Զաքարյանը հրաժարական էր տվել, նա «Հայաստան» դաշինքի կողմից մանդատ է ստացել, բայց դեռ հուլիսից կալանավորված է:

Մեղրիում, որի շուրջը աշխարհաքաղաքական նկրտումներ են շրջանառվումՙ կապված միջանցքի խնդրի հետ, հաղթել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որը գլխավորել է Բագրատ Զաքարյանը : «Հանրապետությունը» Մեղրիում հավաքել է 42,8 տոկոս ձայն: Իսկ գաղտնիք չէ, որ «Հանրապետությունը» Նիկոլ Փաշինյանի արբանյակներից է:

Տաթեւում ձայների առավել թվով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է. համայնքի ղեկավարի թեկնածուն Արթուր Մաթեւոսյանն է: Տեղ համայնքում նույնպես «Քաղաքացիական պայմանագիրն» է հաղթելՙ առաջադրելով Դավիթ Ղուլունցի թեկնածությունը:

Գորիսում ընտրապայքարի մեջ էր մտել նաեւ Հայ ազգային կոնգրեսը, իշխանական կուսակցությունը գլխավորեց Վլադիմիր Աբունցը , սակայն հաղթեց կալանավայրում գտնվող Առուշ Առուշանյանի գլխավորած նույնանուն դաշինքը, որի կազմում են «Ազգային օրակարգ» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:

Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքն ստացել է ընտրողների ձայների 60 տոկոսը, այն էՙ 6256 քվե:

Շիրակում եւս քաղաքային իշխանություն կձեւավորվի: Քաղաքապետի աթոռի համար պայքարեց 3 դաշինք եւ 7 կուսակցություն:

Շիրակում ավագանու ընտրություներում հաղթելու համար պայքարում էին ծնունդով գյումրեցիներՙ իհարկե, մրցակից քաղաքական տարբեր ուժերից: Նրանք ստեղծել էին տարօրինակ անուններով կուսակցություներՙ «Թասիբով», «Գյումրին կռնա», «Հայրաքաղաք»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն եւս տեղացի էրՙ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը :

Թեեւ «Բալասանյան» դաշինքը ղեկավարում էր Վարդգես Սամսոնյանը , բայց բոլորին է պարզ, որ այս քաղաքական ուժի հեղինակությունը Սամվել Բալասանյանն է, որը Հայաստանում չէ. բուժման նպատակով նա մեկնել է այլ երկիր:

«Բալասանյան» դաշինքն ստացել է ձայների 34 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»ՙ 30 տոկոսը: Հաղթանակը ջախջախիչ չէ, ինչպես Գորիսումՙ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեպքումՙ կրկնակի ձայներով, բայց, փաստորեն, հանրապետության երկրորդ քաղաքը իշխանություններին ՈՉ է ասել: Ընդ որումՙ գաղտնիք չէ, թե քպականներն ինչ մեծ ջանքեր են թափել Գյումրիում հաղթելու համար:

Տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են ընտրությունների նախօրեին թե՛ Գյումրիում, թե՛ Սյունիքում 50 հազարական դրամ բաժանվում ընտրողներին, ինչն անվանվեց սոցիալական աջակցություն, մինչդեռ այդ նույն գումարից երկու զրո պակասը «նախկինների» ժամանակ համարվում էր քրեորեն պատժելի ընտրակաշառք, իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանը դեռեւս կալանավայրում տառապում էՙ հիվանդանոցի անձնակազմին ընտրություններին մասնակցելու հորդորի համար:

Հիշեցնենք, որ երբ ապրիլին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գորիսեցիներին գումար էր տրամադրելՙ որպես սոցիալական օգնություն, իշխանությունները դա որակեցին ընտրակաշառք այն դեպքում, երբ ընտրություններին դեռ երկու ամիս կար, ու Առուշանյանին կալանավորեցին: Իսկ հիմա իշխանական կուսակցությունը 50 հազար դրամը ընտրությունների նախօրեին ընտրողներին բաժանելը համարում է սոցիալական օգնություն:

Մի նուրբ դիտարկում. ոչ ոք չի հերքում, որ իշխանափոխությունից առաջ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել, բայց ոչ ոք չի հերքում, որ այդ ընտրակաշառքը բաժանում էին իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներըՙ սեփական գրպանից, բայց այսօր, օրը ցերեկով, սոցիալական օգնության անվան տակ մարդկանց գումար է բաժանվում, որը ՀՀ պետբյուջեից է վերցված, ոչ թե ինչ-որ գործարարի անձնական գրպանից: Իշխանական կուսակցությունը հարկատուներիս վճարած գումարներից հատկացումներ է անում բնակչության մեկ այլ հատվածի: Ամենաթողությունն ու անպատժելիությունն էլ ինչպե՞ս է լինում:

Անցնենք Դիլիջանին. այստեղ 57 տոկոս ձայն է հավաքել «Քաղաքացիական պայմանագիրը»:

Ամենից շատ շրջանառվում է Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի հաղթանակը: Սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը , փաստորեն, լավ չեն աշխատել: Առուշ Առուշանյանը կալանավայրից իրավիճակն ավելի վարպետորեն է իր ձեռքում պահել, քան ազատության մեջ գտնված, վարչական ռեսուրսների տիրապետող իշխանական ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանը հաշվի չէր առել, որ Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելովՙ նրա վարկանիշն ավելի է բարձրացնում, որովհետեւ նախՙ գորիսեցիների մեջ բորբոքում է ընդվզման ու ցասումի կրակը, երկրորդՙ հայի հոգեկերտվածքն է այդպիսինՙ զգացմունքային, կարեկցանքի հողի վրա աջակցել հալածվածին:

Փաշինյանը գոնե իր օրինակը չպետք է մոռանար, երբ 2018-ին փողոցներ փակելով, ձեռքը բինտով փաթաթած, արյան հետքն էլՙ վրան, ինչպես մանիպուլացրեց հանրությանըՙ նրանից ստանալով կարեկցանքի ու ապրումակցելու քվեներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ