RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2632, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ Է

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

«Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» ասացվածքը միշտ չէ, որ ճիշտ է, բայց Հնդկաստանի պարագայում այն հաստատ ճիշտ է: Հնդկաստանն ու Պակիստանը երկարամյա տարակարծություններ ունեն Ջամմու եւ Քաշմիր շրջանների վերաբերյալ: Երկու պետություններն էլ միջուկային զենք ունեն եւ դիվանագիտական աշխարհը միշտ էլ տագնապով է հետեւում այդ երկու երկրների միջեւ ընթացող հռետորաբանություններին:

Նրանցից մեկը` Պակիստանն իր ընտրությունը կատարել է` միանալով Թուրքիային եւ Ադրբեջանին, թողնելով, որ Հնդկաստանն իր ուրույն ճանապարհը հարթի տարածաշրջանում եւ կապերն ամրապնդի իրենց թիրախը դարձած Հայաստանի հետ: Թուրքիան եւ Պակիստանը նմնատիպ ձեւով են պաշտպանում իրենց շահերը: Երկուսն էլ զինված իսլամական պետություն են եւ ակտիվորեն արտահանում են ահաբեկչությունը եւ օգտագործում ահաբեկչիներին մղելու «պրոքսի» պատերազմներ: Պակիստանը նախկինում մեղադրվել է Հնդկաստանի դեմ ահաբեկիչներ օգտագործելու մեջ: Երկիրը նաեւ թալիբան ապստամբներին է վարժեցրել ու զինել, որպեսզի ապակայունացնի իրավիճակը Աֆղանստանում, որտեղ նրանց հաջողվեց ի վերջո տապալել երկրի ամերիկամետ կառավարությունը` արտաքուստ ձեւացնելով, որ պաշտպանում են Ամերիկայի շահերը տարածաշրջանում:

Թուրքիան նույն ձեւով է վարվում: Պաշտոնապես գործելով որպես ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր, նա ահաբեկիչներին է օգտագործել իր բոլոր պատերազմներում` Սիրիայում, Լիբիայում, Սոմալիում եւ վերջերս նաեւ Ղարաբաղում: Ներկայիս նա սպառնում է քրդական զինված ուժերին, որոնք Սիրիայում դաշնակցում են Ամերիկայի հետ:

Երկար տարիներ Հնդկաստանը հավասարակշռված հարաբերություններ է պահպանել կովկասյան տարածաշրջանի երկրների հետ: Այժմ փոխվել է իրադրությունը Պակիստանի օդային պաշտպանության ուժերի ներգրավվածությունը ղարաբաղյան պատերազմում, եւ Ադրբեջանում թուրքական ու ադրբեջանական զորքերի հետ երկրի զինուժի մասնակցությունը զինավարժություններին որպես անմիջական ուժի ցուցադրություն Իրանի դեմ, ահազանգ է հնչեցրել Հնդկաստանի քաղաքագետների շրջանում, եւ նրանք ավելի գործնական քայլերի են դիմում ապահովելու համար կայունությունը Կովկասում: Իրականում Ջաիշանկարն Հնդկաստանի առաջին արտգործնախարարն է, որ Հայաստան է այցելումՙ 1992-ին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:

Մյուս կողմից, Թուրքիայի, Պակիստանի եւ Իսրայելի միջեւ ստեղծված տարօրինակ դաշինքն ու Անկարայի նկրտումները հասնելու Կենտրոնական Ասիա, ստիպել են Հնդկաստանին, որ քայլեր նախաձեռնի: Երկրի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջաիշանկարը հենց նոր ավարտեց Հայաստան այցելությունը, որ վերջին հանգրվանն էր իր շրջագայության: Դրանից առաջ նա այցելել էր Ղրղզստան եւ Ղազախստան, որոնք մաս են կազմում Թուրքիայի պանթուրանական կայսրությունը վերականգնելու հեռանկարային ծրագրերին:

Արտգործնախարարի այցելություններից պետք է առանձնացնել երկու հատկանշական կետեր: Առաջինը, որ նա խուսափեց այցելել Ադրբեջան, ինչը նշանակում է, որ այդ երկիրը ամրագրված է թշնամական ճամբարում, իսկ երկրորդը, որ այցելեց Հայաստան, մի փոքրիկ երկիր, ուր կարելի էր գործուղել նվազ կարեւոր մի էմիսարի:

Ջաիշանկարի եւ նրա հայաստանյան գործընկերոջ` Արարատ Միրզոյանի միջեւ քննարկումները ներառել են տարածաշրջանային հարաբերություններում փոփոխություններ մտցնելու հարցեր` հատկապես առեւտրական ուղիների եւ տնտեսական ծրագրերի բնագավառներում: Բայց նախքան այդ ծրագրերի իրագործումը հաշվի պետք է առնել ընթացիկ քաղաքական զարգացումները: Ռուսաստանն, օրինակ, առաջ է քաշում 3+3 ձեւաչափը` կարգավորելու համար տարածաշրջանում կողմերի միջեւ առկախ մնացած տարակարծությունները:

Բանակցությունների այս ձեւաչափը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկեց Իրանի արտգործնախարար Հոսեյին Ամիր-Աբդուլահիանին : Ձեւաչափում ընդգրկված են լինելու Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Հայաստանի համար խնդիրն այն է, որ այդ երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ լուծելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում: Բացառություն գուցե կազմի Վրաստանը, որը տարակարծություններ ունի Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը պահանջում են, որ Արեւմուտքը դուրս մղվի Կովկասից եւ իրենք երկուսով կայացնեն վերջնական համաձայնությունը: «Նյու Յորք Թայմսը» հոկտեմբերի 19-ին արդեն հաղորդեց, որ Ռուսաստանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՆԱՏՕ-ում: Բարեբախտաբար, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին դրանից առաջ հայտարարել էր, որ այդ ձեւաչափը ի սկզբանե անգործունեության էր մատնված: Դրանից հետո Իրանի եւ Ադրբեջանի (հետեւապես նաեւ Թուրքիայի) միջեւ ծագած տարակարծությունը էլ ավելի նվազեցրեց այդ ձեւաչափի կիրառման հնարավորությունը:

Մյուս կողմից, Հնդկաստանն էլ Հայաստանի նման պաշտպանում է այն սկզբունքը, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հայաստանի համար այլ նպաստավոր զարգացումներ տեղի են ունենում նաեւ Իրանի աջակցությամբ: Մինչ 44-օրյա պատերազմի ավարտին երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամանեին շնորհավորում էր «եղբայրական» Ադրբեջանին տարածքների վերազավթման առիթով, այսօր Թեհրանից այլ` ուղիղ հակառակ նշանակության ուղերձներ են հնչում, քանի որ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանի հողատարածքում հանգիստ չի կարող թողնել Իրանի ղեկավարներին:

Թավրիզում, Իրանի ադրբեջանական նահանգում գործող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդ` գնդապետ Հոսեին Պուրամայիլն , օրինակ, վերջերս հայտարարել էր, որ «Ադրբեջանի բերանով Իրանի դեմ ուղղված Իսրայելի սպառնալիքները ոչ միայն հակասում են Բաքվի շահերին, այլեւ սպառնում են երկրի գոյությանը»: Մյուս կողմից, իրանցի օրենսդիր Մահմուդ Բեգաշն ակնարկել է. «Եթե Թուրքիայի արկածախնդրություններն ու Ադրբեջանի պահվածքը շարունակվեն, մենք Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը կվերադարձնենք իրենց օրինական տիրոջըՙ Իրանին»:

Իր ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ Իրանն իր մեծամասշտաբ զորավարժությունները անցկացնում է «Խայբարի նվաճողները» կարգախոսի ներքո` ահաբեկելով Իլհամ Ալիեւին : Ավելացնենք, որ Ջաիշանկարի առաջարկած օժանդակության փաթեթը տնտեսական ենթակառուցվածքների նախաձեռնություններից բացի ներառում էր նաեւ ռազմական համագործակցություն:

Հաշվի առնելով Ռուսաստանի անտարբեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բանակի թերզինումը եւ հավակնությունները, թե իբր պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերոնշյալ հայտարարությունները այլ պետությունների կողմից այլընտրանքային հուսադրող աղբյուր են ծառայում Հայաստանի անզոր ղեկավարության համար: Հասկանալի է, որ ոչ Իրանը, ոչ էլ Հնդկաստանը իրենց զորքերը չեն ուղարկի Սյունիք` կռվելու Ադրբեջանի դեմ, սակայն նրանց դիրքորոշումը անկասկած ետ կպահի Ադրբեջանին եւ Թուրքիային ձեռնարկելու նոր ռազմական գործողություններ, իմանալով, որ Հայաստանն ունի ուժեղ, շահագրգիռ եւ ակտիվ դաշնակիցներ:

Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են հաստատուն կերպով 2019-ից սկսած, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի ղեկավար Նարենդրա Մոդին հանդիպեցին Նյու Յորքում եւ քննարկեցին փոխադարձ հետաքրքրվածություն ներկայացնող մի շարք հարցեր: Վերջերս Հնդկաստանի արտգործնախարարը հանդիպեց իր գործընկերոջը Դուշանբեում: Այնպես որ Հայաստան կատարած պատմական այցը վերոնշյալ զարգացումների տրամաբանական շարունակությունն էր: Հնդկաստանի արտգործնախարարը հատկապես ողջունելի համարեց այն փաստը, որ Հայաստանը պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական եւ ոչ մշտական անդամ դառնալու իր երկրի թեկնածությունը: Կողմերը փառաբանեցին պատմական հարաբերությունները երկու երկրների միջեւ: Հայերեն առաջին թերթը` «Ազդարարը» հրատարակվել է Մադրասում (Հնդկաստան) 1794-ին: Այդ ժամանակ քաղաքում կենսունակ հայկական համայնք գոյություն ուներ: Իրականում հայերը բազմաթիվ առեւտրական կենտրոններ էին հիմնել Մետաքսի ճանապարհին` Հնդկաստանից սկսած մինչեւ Հարբին (Չինաստան), Սումատրա, Ջավա եւ Վենետիկ: Հնդկահայ համայնքը (որի անդամները բնիկ Ջուլֆայից (Իրան) էին) մտավորականների մի խավ էր պատրաստել, որ ազատագրեր Հայաստանը եւ կամ սուլթանից տարածք գներ ապագա Հայաստանի համար:

Ի հակադրություն, ներկայիս ստեղծված Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել տարածաշրջանի երկրներից շատերի համար: Սաուդյան Արաբիան, օրինակ, որ հավակնում է Սուննի աշխարհի առաջնորդը լինել, իր ներդրումային քաղաքականությունը մահմեդական Պակիստանից (1,7 միլիարդ դոլար 2019-ին) տեղափոխել է Հնդկաստան (33 միլիարդ դոլար):

Հայաստանն ու Հնդկաստանը «Տրանսպորտային հյուսիս-հարավ միջազգային միջանցքի» (INSTC) անդամ երկրներ են: Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռյակի կողմից պատերազմական հնարավոր դրության պատճառով Հնդկաստանն ու Իրանը որոշել են, որ այդ միջանցքը Ադրբեջանի փոխարեն պետք է անցնի Հայաստանի տարածքով, չնայած Ադրբեջանը հսկայական միջոցներ է ներդրել այդ ցանցային ծրագրի իրականացման գործընթացում: Սա նշանակում է, որ Հայաստանին սպասում է տնտեսական վերելք, իսկ Ադրբեջանին` ճիշտ հակառակը:

Անցյալում, Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ արել էին, որ կառուցվող երկաթուղիներն ու նավթատար խողովակները շրջանցեն Հայաստանը, որպեսզի է՛լ ավելի վատթարացնեն Հայաստանի տնտեսությունը: Այդ քաղաքականությանը իր հավանությունն էր տվել նաեւ Վրաստանը: Այժմ Հնդկաստանի ներգրավվածությամբ եւ Իրանի ու Ադրբեջանի միջեւ ծագած տարաձայնությունների պատճառով դրությունը կարծես փոխվում է հօգուտ Հայաստանի:

Հայկական կողմի հետ քննարկումներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հետաքրքրություն ցուցաբերեց օգտագործելու Իրանի Չաբահար նավահանգիստը, որը բարենորոգվում է Հնդկաստանի կողմից: Այս այլընտրանքային տարբերակները հնարավորություն են տալիս Հայաստանին խուսանավելու, մինչ հրադադարի հաստատումից մեկ տարի անց Հայաստանը սպասում է դեռ Կովկասում ճանապարհների ստեղծման շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Սցենարի լավագույն տարբերակով, Թուրքիան եւ Ադրբեջանը որոշելու են թույլատրել Հայաստանին առեւտրական երթեւեկություն իրականացնել իրենց տարածքներով, քանի որ այդ դեպքում հայերը պատանդ են լինելու իրենց ձեռքերում:

Ռուսաստանն այս զարգացումներին դրական չի վերաբերվելու: Նա դեմ է լինելու հատկապես Հնդկաստանի գործընկերությանը Իրանի եւ Հայաստանի հետ, քանի որ այն նշանակելու է Անկարայի հետ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքները ձեւավորելու հնարավորության կորուստ:

Բացի տնտեսական հարցերից, միջազգային քաղաքական գործոններ եւս դեմ են Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան տանդեմին: Բոլոր ջանքերը խափանելու ԵԱՀԿ-ի մասնակցութունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործումՙ ձախողվում են:

Նշված նոր զարգացումները կարող են նպաստել Հայաստանին, միայն այն դեպքում, եթե կառավարության ղեկավարները գիտակցեն ընձեռված հնարավորությունների արժեքը եւ կարողանան օգտվել դրանցից:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ