ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՎ «ԱԿՈՒՄԲ-1887» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

1

Մեր ազգային ու պետական խորհրդանիշները ոչ միայն մեր ինքնաճանաչման ու աշխարհին սեփական ուրույն դիմագծով ներկայանալու, այլ նաեւ մեր ազգային արժանապատվության ու հպարտության, սերնդի դաստիարակության կարեւոր աղբյուր են: Համենայն դեպս պե՛տք է լինեն այդպիսին: Այդ ամենին լավագույնս կարող է ծառայել պատմագիտության դոկտոր Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ անցած կիրակի Գյումրիում բացված «Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը»: Սա եւ նույն հարկի տակ միաժամանակ բացված պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը գիտնականի նույն նախաձեռնության շրջանակներում իր հայրենի քաղաքի պատմական միջուկում հիմնված երկրորդ եւ երրորդ մշակութային օջախներն ենՙ ապրիլին դռները բացած «Հայուհի» թանգարանային ցուցադրանքից հետո:

Թանգարանն ու ակումբը կազմակերպվել են 1887 թ. կառուցված, ալեքսանդրապոլյան շրջանը ներկայացնող շինություններից մեկումՙ երկու տարի տեւած վերականգնողական աշխատանքներից հետո: Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներՙ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ եւ այլն: Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական ու ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ: Առանձին ցուցադրվում են Մայր Հայաստանի պատկերագրությանը եւ Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր:

Թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին:

Ալեքսանդրապոլյան ոճի ներքին կահավորումով ու հարդարանքով պատմական միջավայր է ստեղծված «Ակումբ 1887»-ում: Այն տրամադրվելու է տարբեր տեսակ ցերեկույթներ, շնորհանդեսներ ու այլ միջոցառումներ կազմակերպելու, նաեւ լուսանկարչական շարքեր ու կինոնկարահանումներ իրականացնելու համար:

Քաղաքի երբեմնի հունական թաղամասումՙ Պուշկինի փող. 1-ին նրբանցք, տուն 2 հասցեում (մուտքըՙ 2-րդ նրբանցքի կողմից) գտնվող այս յուրատեսակ թանգարանային օջախը բաց է լինելու առայժմ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, առանց մուտքավճարի: