ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀԲԸՄ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԴՈԿՏՈՐ ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԻՆՙ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

1

12 հոկտեմբեր 2021թ.

ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը սիրով եւ հպարտությամբ տեղեկացավ այն մասին, որ ՀԲԸՄ Լիբանանի Դեմիրճյան դպրոցի, ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանի եւ ՀԲԸՄ Անդրանիկ երիտասարդական ընկերակցության շրջանավարտ դոկտոր Արտեմ Փաթափությանը արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ասպարեզումՙ ջերմաստիճանի եւ հպումների վերաբերյալ նորարարական հետազոտության համար:

Անվանի միկրոկենսաբանին ուղղված իր անձնական շնորհավորական նամակում ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը գրել է. «Ողջ հայ ազգը հպարտությամբ ու գոհունակությամբ է համակվելՙ մեր հայրենակցիՙ բժշկության ասպարեզում միանգամայն արժանիորեն աշխարհի ամենաբարձր պարգեւներից մեկին արժանանալու կապակցությամբ»:

Ինչպես շատերը գիտեն, դոկտոր Փաթափությանն իր դաստիարակությունը ստացել է Լիբանանի շատ ակտիվ հայկական համայնքում: Նա եւ Կալիֆորնիայում գտնվող իր ընտանիքը պահպանում են կապը տեղի հայ համայնքի հետ: Կալիֆորնիայի Լա Ջոլլայի համալսարանի Սքրիփսի ինստիտուտի մոլեկուլյար կենսաբան դոկտոր Փաթափությանի հայտնագործությունը կապված նրա հետ, թե հպումը, ջերմությունն ու սառնությունը նորահայտ զգայարանի միջոցով ինչպես են ազդակներ հաղորդում նյարդային համակարգինՙ գրավել է Նոբելյան մրցանակաբաշխության կազմակերպիչների ուշադրությունը: Ենթադրվում է, որ այս հայտնագործությունը ապագայում հսկայական ազդեցություն կունենա ցավի մեղմման եւ ամոքման հարցերում:

Աշխարհի բոլոր ծագերի հայերի համար սա անկեղծ հպարտության առիթ է: Սեդրակյանը նշել է. «Դոկտոր Պատապուտյան. մենք շնորհավորում ենք ձեզ մասնագիտական նվաճման առթիվՙ որպես Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մարդկության կատարելագործման մեջ ձեր ներդրմամբ դուք աշխարհին հիշեցնում եք, որ հայ ժողովուրդը, փոքրաթիվ լինելով հանդերձ, ի զորու է արձանագրելու փառահեղ նվաճումներ, որոնք կարող են բարելավել միլիոնավոր մարդկանց կյանքը ողջ աշխարհում»:

2020 թվականի նոյեմբերին դոկտոր Փաթափությանը հայտնվել էր AGBU Insider պարբերականի էջերինՙ պատասխանելով իր աշխատության եւ ապաքինման հարցում դրա նշանակության վերաբերյալ հարցերի: