ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 2022-Ի «ՆԱՇԵՐ» ՄՐՑԱՆԱԿԸ` ՆԱԻՐԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ

1

«Նյու Յորք թայմսում» հրատարակված իր հոդվածում Փիթեր Լիբեյը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ի մրցանակաբաշխության արդյունքներով բեռլինաբնակ Նաիրի Բաղրամյանն արժանացել է 2022-ի «Նաշեր» մրցանակին, որ Դալլասի Նաշեր քանդակագործության կենտրոնը շնորհում է «այն արվեստագետներին, որոնք զարգացնում եւ ընդարձակում են քանդակագործության իմաստն ու հնարավորությունները»: Նաիրին ստանալու է 100,000 ամերիկյան դոլար եւ պատիվ է ունենալու առաջիկա գարնանը մասնակցելու Դալլասում կայանալիք հատուկ արարողությանը, որի ընթացքում նրան է շնորհվելու վերոնշյալ քանդակագործության կենտրոնի ճարտարապետ Ռենզո Պիանոյի նախագծած մրցանակը:

Նախկինում այդ մրցանակին արժանացել են Մայքլ Ռակովիցը, Դորիս Սալսեդոն, Իզա Գենզկենը, Պիեռ Հույգեն եւ ուրիշներ: Կենտրոնի տնօրեն Ջերեմի Ստրիկի խոսքերով, Բաղրամյանի աշխատանքի արժանիքներն առավել ուշագրավ էին հատկապես համավարակի պարտադրած սոցիալական մեկուսացման պայմաններում: «Խորապես պահպանելով իրեղեն կաղապարի ավանդական արտաքին տեսքն ու ձեւը, Բաղրամյանը կարողացել է ընդհանուր բովանդակությանը հաղորդել անձնական, ֆիզիկական շոշափելի կապի անհրաժեշտության կարեւորությունը, դրանով իսկ ընդարձակելով քանդակագործության հնարավորությունները»: