RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2522, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

2021թ. սեպտեմբերի 26-ի գիշերը, լույս 27-ին, Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներից մեկում ուժգին հրդեհ բռնկվեց:

Պայթյունը եւ հրդեհի բռնկումը տեղի է ունեցել «Շահիդ Հեմմաթ» արդյունաբերական խմբի գաղտնի օբյեկտի «հետազոտական կենտրոնում»: Կենտրոնը ԻՀՊԿ կառույցում է գտնվում եւ ենթարկվում է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին:

Արտակարգ իրադարձության արդյունքում զոհվել են կենտրոնի 2 աշխատակիցներ, վիրավորվելՙ 3-ը:

Ըստ որոշ տվյալներիՙ պայթյունը եւ հրդեհը տեղի են ունեցել ինչ-որ հրթիռի անհաջող փորձարկման հետեւանքով (հիշեցնենք, որ վերոհիշյալ կենտրոնը գտնվում է հրթիռային հենակետի հարեւանությամբ):

Կա նաեւ տեսակետ, որ կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարձակման Կասպից ծովի կողմից եւ որ թիրախը եղել է Կենտրոնի ստորգետնյա համալիրը: Ընդ որում, այդ վարկածի որոշ կողմնակիցներ պնդում են, որ հրթիռը արձակվել է Իսրայելի ռազմա-օդային ուժերի կողմից, որոնք գործում էին Ադրբեջանի օդային տարածքից:

Հրթիռային հենակետը եւ վերոհիշյալ կենտրոնը գտնվում են Թեհրանի արեւմտյան մասում: Առայժմ հայտնի չէ, թե կենտրոնը ինչ վնասներ է կրել: Իրանական կողմը մանրամասներ չի հայտնում:

Հայտնի է, որ 2011թ. Թեհրանից ոչ հեռու հրթիռային հենակետում տեղի ունեցած մահաբեր վթարի արդյունքում զոհվեց ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից մեկըՙ գեներալ Հասան Թեհրանի Մոգհադդամըՙ իրանական միջուկային ծրագրի «հայրերից» մեկը: Նրա հետ միասին զոհվեցին 16 բարձրաստիճան ծառայողներ ԻՀՊԿ-ից:

Հետաքրքրական է այն փաստը, որ վերջին մի քանի տարում Իրանի արդյունաբերական կառույցներում, այդ թվում եւ նավթարդյունաբերության օբյեկտներում տեղի ունեցավ պայթյունների եւ հրդեհների հաջորդական շարք: Երկրի պետական չինովնիկները պնդեցին, որ նման միջադեպերի հիմքում ընկած են դժբախտ պատահարները, անասելի շոգ եղանակները, հնացած ինֆրակառույցները եւ այլն, եւ այլն: Բայց իհարկե հատուկ ծառայությունները եւ որոշ պետական այրեր այդ ամենի ետեւում տեսնում են դավադրություններ:

Ինչեւէ, վերադառնանք «Shahid Hemmat Industrial Group» օբյեկտի միջադեպին:

Իրանական կողմը մանրամասներ չի հայտնում, սակայն միջադեպի վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանում եւ Իսրայելում: Համացանցում տեղադրվել են տեսահոլովակներ օբյեկտի պայթյունի վերաբերյալ, հոդվածներ են գրվում ադրբեջանական «Haqqin.az»-ում եւ հետաքննություն է վարում Իսրայելի մասնավոր հետախուզական «ImageSat International» ընկերությունը:

Մասնավորապես նշվում է, որ վերոհիշյալ կենտրոնում արտադրվում են «Shahab-3» բալիստիկական (միջմայրցամաքային) հեռահար հրթիռներ:

Ըստ արբանյակային լուսանկարներիՙ արտադրական կառույցի մեկ քառորդ մասը փլուզված է: Հոդվածների եւ լուսանկարների հեղինակները ենթադրում են, որ տեղի է ունեցել հրթիռային հարձակում եւ ոչ թե դժբախտ պատահար, ռուսական որոշ աղբյուրներ անգամ նշում են, որ օբյեկտում կային նաեւ միջուկային մարտագլխիկներ...

Դե ինչ, քանի որ ապացույցներ չկան, մեղադրել որեւէ պետության դիվերսիայի իրականացման մեջՙ չի կարելի, չնայած օպերատիվ վարկածներ կարող են մշակվել եւ ստուգվել:

Իսկ հիմա որոշ ժամանակագրություն

- 2018թ. սեպտեմբերի 22-ին Իրանի հարավ-արեւմուտքում տեղաբաշխված Ահվազ քաղաքում, զորահանդեսի ընթացքում տեղի ունեցավ ահաբեկչական ակտ, որի հետեւանքով զոհվեցին 29 մարդ եւ վիրավորվեցին 70-ը (այդ թվում եւ երեխաներ):

- 2020թ. հունվարի 3-ին անօդաչու թռչող սարքերի ռմբակոծության հետեւանքով զոհվեց (Բաղդադի օդանավակայանում) «ստվերի ասպետ» Իրանի գլխավոր ռազմական ստրատեգ, ռազմա-դիվանագիտական հատուկ հանձանարարականներ իրականացնող, «Ալ-Քոդս» հատուկ հետախուզական ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին

- 2021թ. մարտին «Նաթանզում» Իրանի ատոմային ինֆրակառույցում տեղի ունեցավ լուրջ վթար, զոհեր չկային: Կասկածվում էին Իսրայելի հատուկ ծառայությունները:

- 2020թ. նոյեմբերի 27-ին Իրանում (Դամովենդ քաղաքում) սպանվեց միջուկային հայտնի ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Ըստ իրանական աղբյուրներիՙ դիվերսիան կազմակերպել էր իսրայելական «Մոսսադ» հետախուզությունը:

Իրանական ռազմական բարձրաստիճական գործիչները, ֆիզիկոսները, միջուկային ինֆրակառույցները, հրթիռային հենակետերը, ԻՀՊԿ եւ Տեղեկատվության նախարարության ղեկավարները, ռազմավարական կենտրոնները մշտապես գտնվում են Իսրայելի «Մոսսադի» եւ «Ամանի» (ռազմական հետախուզություն) թիրախավորման ցուցակներում:

Ինչ խոսք, Իրանի հատուկ ծառայությունները տարածաշրջանում համարվում են լավագույններից մեկը եւ անշուշտ ոչ մի արտակարգ միջադեպ իրենց երկրում աչքաթող չեն անում: Նրանք բավական ուժեղ եւ կենսունակ օպերատիվ դիրքեր ունեն տարածաշրջանի բոլոր երկրներում եւ կարող են պարզաբանել, թե ով ում դաշնակիցն ու բարեկամն է, ով ում թշնամին է եւ ում է պետք աջակցել այս բարդ, խճճված ու պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրավիճակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ