«ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԿՈՄԻՏԵՆ»

1

Նոր գիրք Ֆրեզնոյում

Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել հայկական ուսումնասիրությունների կենտրոնի նոր գիրքըՙ «Միություն եւ բարգավաճում կոմիտեն: Հիմնադիրները, գաղափարախոսությունը եւ կառուցվածքը» վերնագրով: Մատենաշարի այս նորՙ 13-րդ գրքի քննարկումները կայացել են սեպտեմբերի 25-ին: Քննարկմանը մասնակցել են գրքի խմբագիրներ դոկտ. Ումիտ Կուրտը , Արա Սարաֆյանը , պրոֆ. Բառլոու Տեր-Մկրտչյանը , ինչպես նաեւ դոկտ. Հանս-Լուկաս Քիզերը եւ դոկտ. Տիգրան Գալիկյանը :

Հատորի գինեձոնը, որն անցկացվելու է հայերենով եւ անգլերենով, կայանալու է նոյեմբերի 6-ին Ալտադենայի Թեքեյան կենտրոնում:

Հատորն ընդգրկում է հոդվածներ, որոնք ներկայացվել են դոկտ. Ումիտ Քուրտի եւ պրոֆ. Բառլոու Տեր-Մկրտչյանի 2018-ի հոկտեմբերի 12-13-ին կազմակերպած գիտական կոնֆերանսում: Դրանք վերախմբագրվել են եւ ի մի բերվել հատորում, որն ունի նաեւ պատմական ներածություն եւ լուսանկարներ: Ներածությունը գրել է դոկտ. Քուրտը, հոդվածների թվում են Ռայմոնդ Գեւորգյանի «Միութենական ռեժիմը: Գաղափարախոսության տնօրինության ներքո», Հանս-Լուկաս Քիզերի «Զիյա Գոկալպ, Դուումվիր», Տիգրան Գալիկյանի «Երբ հեղափոխականները պետք է իշխեն: ՀՅԴ-ՄԲԿ հարաբերությունների հեղհեղուկությունը», Ումիտ Քուրտի «Հետհեղափոխական շրջանը Այնթապում եւ Նեջմեդդին Բեյի հետաքրքրական գործը», Դույգու Քոշկունտունայի «Վերստին այցելություն հայրենիքին: Վերլուծական դատողություններ երիտթուրքերի հիշողությունների վերաբերյալ» գիտական ուսումնասիրությունները: «Հատորը նոր լույս է սփռում պատմական այդ կարեւոր ժամանակաշրջանի վրա», նշել է հայկական ուսումնասիրությունների ծրագրի ընդհանուր տնօրեն պրոֆ. Տեր-Մկրտչյանը: