RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2753, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

Հոկտեմբերի 1-ից մեկնարկած իրանական 2-րդ զորավարժությունները լուրջ ազդակ են տարածաշրջանում իրանական շահերի բարձրաձայնման մասին: Հայտնի է, որ յուրաքանչյուր զորավարժության նպատակն է պարտադրել մյուս կողմին կատարելու որոշ քաղաքական եւ տնտեսական զիջումներ: Բացառություն չեն կազմում վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ծավալված իրանական մասշտաբային զորավարժությունները Արցախի Հանրապետության տարածքից բռնազավթված, Արաքս գետի ափամերձ շրջանների հարավային ուղղությամբ, որոնք հարյուրավոր կիլոմետրերով ձգվում են մինչեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանները:

Դրանից բացի, իր հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով 44-օրյա պատերազմից հետո գործնականում առաջին անգամ Իրանը վերահաստատում է իր տեղն ու դերը Հարավային Կովկասում, որտեղ անհամեմատ մեծացել է Թուրքիայի դերը:

Հարկ է նշել, որ իրանական զորավարժություններն ուղեկցվում են այնպիսի գործողություններով, ինչպիսիք ենՙ Ադրբեջանի միլիարդավոր դոլարների արժողությամբ նավթագազային խողովակաշարերի ոչնչացման բացահայտ սպառնումը, Նախիջեւանի հարեւանությամբ մեծ քանակությամբ զորքի եւ տեխնիկայի տեղակայումը, Կասպից ծովում Բաքվի օդի փակման նախազգուշացումը: Եվ ահա Թեհրանինՙ Բաքվի եւ Անկարայի հապշտապ պատասխանն են «Անխորտակելի թուրք եղբայրներ»-ի անվան ներքո քառօրյա վարժանքների անցկացումը Նախիջեւանում, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի կողմից Ջաբրայիլում իրանցի բարձրաստիճան ղեկավարներին «գավառամիտ մոլլաներ» անվանումը, նրանց պատասխանատվության ենթարկելու սպառնալիքը, ինչպես նաեւ Բաքվում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի գրասենյակի եւ մզկիթի փակումը:

Ակնհայտ է, որ լարվածության խորացման միտում ունեցող այս պայմաններում մոտ ապագայում կարող է առաջանալ նոր հակամարտություն, ի դեպ, որի նախադրյալները ի հայտ են եկել դեռեւս 1994 թվականին, երբ կնքվեց նավթային խոշոր գործարքի պայմանագիրը Ադրբեջանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ: Այդ պայմանագրով անտեսվեցին իրանական շահերը:

Տարածաշրջանային ուժերի շահերի բախման պայմաններում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որի ընթացքում ընդգծվել է, որ հայ-իրանական գործընկերությունը հիմնված է հազարամյակների եղբայրության վրա: Փաստորեն մի կողմից կարեւորվել է պատմական անցյալը, իսկ մյուս կողմից նախանշվել համագործակցության ընդգրկուն լինելը: Սակայն կարծում ենք, որ այստեղ նորություն է ռազմավարական կապերի առավել ընդգծված շեշտադրումը:

Հարկ է նշել, որ չնայած պաշտոնապես հայտարարվեց այցի նախապես ծրագրված լինելու վերաբերյալ, այդուհանդերձ այն համընկավ ադրբեջանա-իրանական հարաբերություններում առաջացած լարված իրավիճակների հետ:

Նկատենք, որ տարածաշրջանային նշված ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական 2020 թվականի ագրեսիայի եւ դրա հետեւանքների հանգամանորեն քննարկումը իրանական կողմի հետ նշանակում է, որ հակամարտությունը պաշտոնական Թեհրանի համար շարունակում է գոյություն ունենալ: Ավելինՙ նրան մտահոգում է այդ իրավիճակի հետեւանքով եւ ագրեսիային մասնակից դարձած ու զանազան թեժ կետերից բերված վարձկան ահաբեկիչների ներկայությունը իր սահմանների մոտ: Պակաս կարեւոր չէ այն, որ Թեհրանին մարդասիրական դիտանկյունից հետաքրքրում է նաեւ հետպատերազմյան խնդիրներըՙ բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին Ադրբեջանի կողմից ազատ արձակման պարտավորվածության ստանձնումը, որը չի կատարում Բաքուն:

Հաջորդ զգայուն խնդիրը վերաբերում է այսպես կոչված կոմունիկացիաների բացման հարցին: Հայաստանը հայտարարում է, որ բաց է կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչՙ Ադրբեջանը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի խոսքովՙ որեւէ պայմանավորվածություն չի եղել: Ավելինՙ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշման վերաբերյալ Ա. Միրզոյանի կողմից բարձր գնահատումը վկայում է, որ բոլոր դեպքերում դրա կարիքը զգում է հայկական կողմը:

Վերոնշյալ խնդիրներից զատ Իրանին հետաքրքրում է օրերս Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերագործարկումը: Ի դեպ, հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դեռեւս 1990-ական թվականներից Թեհրանը եղել է շահագրգռված կողմ եւ 1992 թ. հանդես է եկել միջնորդական նախաձեռնությամբ, որը հաջողությամբ չի պսակվել: Այդուհանդերձ իրանական կողմը միշտ էլ այս հարցում շարունակում է մնալ լրջորեն հետաքրքրված կողմ:

Եվ ահա ռազմաքաղաքական զարգացումներում հանգուցային խնդիրը Իրանի տնտեսական կայուն կապերի պահպանումն է ՀՀ հետ: Տրանսպորտային տարանցման հարցը խիստ մտահոգում է Թեհրանին, որի համար յուրաքանչյուր բեռնատարի արգելումը ադրբեջանական կողմից Գորիս-Կապան ճանապարհին դիպչում է նախ եւ առաջ ազգային ինքնասիրությանը եւ ինքնիշխանությանը: Պատահական չէ, որ այդ ամենը իրանական հասարակական-պաշտոնական շրջանակները բնութագրեցին որպես գաղութատիրության դրսեւորում: Միայն այդ կերպ կարելի է բացատրել իրանական կողմի արագ եւ կտրուկ գործողությունները, այդ թվումՙ Գորիս-Կապան շրջանցիկ ճանապարհի կառուցման հարցում ձեռք բերված պայմանավորվածությամբ իրանական ներդրումների տրամադրման վերաբերյալ:

Եվ մինչ տեղի էր ունենում ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը Թեհրան, նույն օրը Երեւանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Սակայն տարածված պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում կողմերն կարեւորել են Իրանի Չաբահար նավահանգստի կարեւորությունը, հատկապեսՙ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման համատեքստում: Հատկանշական է, որ իրանական պաշտոնյաները, այդ թվումՙ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը, այս օրերին խոսելով Հայաստանի մասին կիրառում են «եղբայր եւ բարեկամ Հայաստան» բառակապակցությունը: Մյուս կողմից մի շարք քայլերով Իրանը փորձում է տնտեսապես առավել ամրապնդել իր դիրքերն ՀՀ Սյունիքի մարզում:

Այսպիսով, իրանական երկփուլ զորավարժությունները, որոնք առաջնահերթ նպատակ ունեն պաշտպանել սեփական շահը, հակակշռում են պանթուքրիզմի ծրագրերի իրականացմանը տարածաշրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ