«ԴՈՒ ԴԱԴԱՐԵԼ ԵՍ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՍՈՒԲՅԵԿՏ ԼԻՆԵԼՈՒՑ, ԴՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՕԲՅԵԿՏ ԵՍ»

2

«Ծնկների վրա բանակցելը հարմար չի, չոքած չի ստացվելու, չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,-հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակի մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը :

Վերլուծելով տարածաշրջանային վերադասավորումների ֆոնին Հայաստանի դերն ու կշիռըՙ նա նկատեց, որ մեր երկիրն այսօր ուղղակի հետեւում է այդ իրադարձություններին, գլխավոր խաղացողների հարաբերություններին. մենք եղանակ չենք կարող ստեղծել:

«Հայաստանի իշխանությունները հիմա գտնվում են «պամպերսային քաղաքականության դաշտում, բայց տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին են խոսում: Լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնումՙ նման նպատակներ հնչեցնելու համար: Ամենազավեշտալին այն է, որ դու այսօր բանակցային սեղանի շուրջը չես նստած, այդ բանակցային սեղանի վրա ես նստած ու բոլորը քեզ են քննարկումՙ առանց քո մասնակցության: Դու դադարել ես բանակցային սեղանի սուբյեկտ լինելուց, դու բանակցային սեղանի օբյեկտ ես»,- Արցախի հարցի կարգավորման հարցում մեր ներգործության նախադրյալները, տարածաշրջանային հարաբերություններում Հայաստանի ղեկավարի նկատմամաբ վերաբերմունքն այսպես նկարագրեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա համոզմամբՙ միակ ելքը Փաշինյանի հեռանալն է: Երկրորդ նախագահը կարծում է, որ դրա համար ժողովորդը պետք է ոտքի կանգնի, փողոց դուրս գա ու պահանջի իշխանությունների հրաժարականը: Այլ տարբերակ չկա:

Երկրում համընդհանուր հուսալքության մթնոլորտ է, որովհետեւ պատերազմից հետո դեռ շատ հարցերի պատասխաններ չկան:

Հայաստանի պարտությունը տգիտությա՞ն, թե դավաճանության հետեւանք է:

«Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են պլանավորված պարտության մասին: Մինչեւ դրանք չփարատվեն, մենք խոսելու ենք դավաճանության մասին: Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածելու, որ պատերազմն սկսվել է ապիկարության, տգիտության պատճառով, բայց ավարտվել է պայմանավորվածության արդյունքում»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ոչ հռետորական հարց հնչեցրեցՙ Ստեփանակերտն անխնա հրթիռակոծած Ադրբեջանն ինչո՞ւ խնայեց նախագահականի շենքը, որտեղ պատերազմի ընթացքում անգամ մի ապակի չի ջարդվել:

«Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, եւ այնպիսի տպավորություն է, որ ուղղակի ձեռքերը լվանում է նրանիցՙ բոլոր հարցերը հասցեագրելով Ռուսաստանին: Մի քիչ էլ անցնի, մեր հանրությունն էլ է Արցախի հետ առնչվող բոլոր հարցերի պատասխանատվությունը գցելու Ռուսաստանի վրա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ընդդիմության որոշ գործիչներ Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարն են առաջարկում:

Ռոբերտ Քոչարյանն այդ հարցի առնչությամբ դժվարացավ որեւէ պատասխան տալ:

«Պետք է հասկանանք, թե մեր անկախությունն ինչքանով է վտանգված հիմա եւ ինչ հեռանկար կա: Զուտ անվտանգության տեսանկյունից իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք: Ըստ էությանՙ ՀԱՊԿ-ը մեզ ոչ միայն չպաշտպանեց, այլեւ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների հետ ունի լավ հարաբերություններ, քան Հայաստանը»,-իրավիճակն այսպես նկարագրեց Հայաստանի երկրորդ նախագահը:

Իրանն անհանգստացած է տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակից: Ռոբերտ Քոչարյանի խոսքովՙ Թեհրանը չունի վստահություն, որ Հայաստանի իշխանությունը հերթական անգամ չի ներքաշվել ինչ-որ գործընթացների մեջ: