RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2609, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Կարծես դա քիչ էր, հիմա էլ իրավիճակը սրվում է Իրան-Ադրբեջան սահմաններում

Դա պատճառաբանվում է իրանական զինուժի լայնածավալ զորավարժություններով, նաեւ այն հանգամանքով, որ հայտնի չէ, թե երբ են ավարտվելու դրանք: Ավելին, միջազգային մամուլը եզրակացություններ է անում, որ այդ զորավարժությունները իրենց մեջ պարունակում են պատերազմի վերաճելու սպառնալիք: Այդ դեպքում պատերազմը չի սահմանափակի միայն Իրանով եւ Ադրբեջանով: Այս հետեւությունը BBC-ին է արել եւ չի բացառել, որ դրանում միջամտությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող են ընդգրկվել միջազգային ուժերն ու տարածաշրջանային դերակատարները: Միջազգային ուժեր ասելով պետք է հասկանալ Ռուսաստանը, որի միջամտությունը կարող է պատեհ առիթ հանդիսանալ Մինսկի խմբի մյուս եռանախագահներիՙ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջամտության համար:Ինչ վերաբերում է տարածաշրջանային դերակատարներին, որոնցից, թերեւս, պետք է առանձնացնել Ադրբեջանում դիրքեր ամրապնդելու միջոցով Հարավային Կովկասը իր ազդեցության տակ վերցնելու հույսեր փայփայող Թուրքիային: Հուսանք, որ միջազգային ուժերը միջամտեն ոչ թե Իրան-Ադրբեջան պատերազմի սանձազերման, այլ դրա հավանականության վերացման համար:

Համենայնդեպս, BBC-ին այս ամենին անդրադարձել է «Ինչո՞ւ Իրանը Ադրբեջանի սահմանին զորավարժություններ սկսեց հենց հիմա» հոդվածով, որը հոկտեմբերի 5-ին կայքէջում արտատպել է «Turk Time»-ը: Քանի որ հոդվածը ծավալուն է, ուստի ներկայացնում ենք կրճատումներով, իհարկե բացառություն են կազմում դրա Հայաստանին առնչվող հատվածները: Ահա թե ինչ է գրած.

«Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի սահմանին: Դրանք լրջորեն սրեցին երկու երկրների հարաբերությունների լարվածությունը, պարզապես պարզ չեն այս ամենի թիկունքում թաքնված դրդապատճառները:

Հոկտեմբերի 4-ից Թբիլիսում վրացական բանակի հետ զորավարժություններ անցկացնող Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների ներկայացուցիչները հայտարարեցին, որ հոկտեմբերի 5-8-ը զորավարժություններ են անցկացնելու նաեւ Նախիջեւանում:

Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը ձերբակալել էր հայկական Կապանի եւ Գորիսի միջեւ երթեւեկող իրանական բեռնատարների վարորդներին, թե անցել են ճանապարհի ադրբեջանական հատվածը:

Թեհրանը համառորեն պնդում է, որ վերջին զորավարժություններն ոչ թե Ադրբեջանի դեմ են, այլ Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների եւ Իսրայելի: Համաձայն իրանական տվյալների, երկրի հյուսիս-արեւմուտքում (Ադրբեջանին սահմանակից հատվածում,) կան ահաբեկչական նշված կառույցի գրոհայիններ:

Սակայն նոր չեն Իրանիՙ ո՛չ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին, ո՛չ էլ տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանն առնչվող պնդումները: Այդ իսկ պատճառով հետաքրքրական է դառնում այն հարցը, թե լարվածությունը ինչո՞ւ հենց հիմա սրվեց: Այդ հարցը սեպտեմբերի 27-ին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում բաձրացրել էր Իլհամ Ալիեւը :

Իրանական ուժերի հրամանատար Հայդարին հոկտեմբերի 1-ին, զորավարժություններից ընդամենը մի քանի ժամ առաջ, վերահաստատել էր Իրանի հյուսիս-արեւմուտքում «Իսլամական պետության» (ահաբեկիչների) ներկայությունը եւ ասել, որ սրանց իր շարքերում ընդգրկելու նպատակով Հայաստան-Ադրբեջան հակամարտության ընթացքում տածաշրջան է հրավիրել կողմերից մեկը:

Իսրայելի ներկայությունը

Ադրբեջանն ու Իսրայելը տարիներ շարունակ սերտ հարաբերությունների մեջ են: Դրանք նկատելի դարձան Լեռնային Ղարաբաղի կռիվների ընթացքում, երբ Իսրայելը Ադրբեջանի հետ ստորագրեց զենքի մատակարարման պայմանագիր:

Իրանը դեմ է այս երկու երկրների համագործակցությանը եւ չի հանդուրժում իր սահմանների մերձակայքում Իսրայելի ներկայությունը :Զորահրամանատար Հայդարին նշել է Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում եւ ընդգծել, որ Իսրայելի գործակալները բուռն գործունեություն են ծավալում Իրանի սահմանի երկայնքով:

Արձագանքելով այս պնդումներին, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հոկտեմբերի 4-ին հայտարարեց, որ դրանք անհիմն են եւ իրենք մերժում են 3-րդ երկրի ներկայությանն առնչվող պնդումներն Ադրբեջան-Իրան սահմանին:

Թուրքիայի ազդեցությունը

Լեռնային Ղարաբաղի կռիվները ոչ միայն ամրապնդեցին Իսրայել- Ադրբեջան հարաբերությունները, այլեւ նպաստեցին, որ Թուրքիան Հարավային Կովկասում դառնա ազդեցիկ ուժ: Իրանն այս փաստը գոհունակությամբ չի ընդունել: Բաքուն եւ Անկարան անցյալ ամիս Ադրբեջանում 2 զորավարժություն են անցկացրել, մեկը Լաչինի շրջանում, մյուսը Կասպից ծովում:

2020-ի նոյեմբերից, այսինքն Լեռնային Ղարաբաղում կռիվների դադարեցումից ի վեր, Իրանում իշխանամետ մամուլը քննադատում է Թուրքիայի հարաճուն ազդեցությունը տարածաշրջանում եւ պնդում է, որ Թուրքիան իր առջեւ Իրան-Հայաստան կապը խզելու խնդիր է դրել:

Իրանի մտահոգությունը Նախիջեւանի հետ Ադրբեջանի կապն ապահովելու նպատակ հետապնդող Զանգեզուրի միջանցքի բացունմ է եւ դրանից բխող Իրանի հետ Հայաստանի ցամաքային կապը խզելու սպառնալիքը: Որքան էլ այս միջանցքի բացումն շրջանառության մեջ դրվի անցյալ տարի Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված զինադադարի պայմանագրով, այս ուղղությամբ դեռեւս որեւէ քայլ չի կատարվել:

Իրանցի վարորդների ձերբակալությունից հետո, պարսկական «Քեյհան» թերթը գրեց, որ Անկարան իրանական բեռնատարների մուտքը Հայաստան արգելելու նկատառումով ճնշում է գործադրել Բաքվի վրա: Մեկ այլ թերթ, որը մոտ է կանգնած այաթոլլա Ալի Խամենեին, գրեց ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գոյացած «անտեսանելի դաշինքի» մասին, ընդգծելով, որ այդ դաշինքի նպատակը Իրանի եւ Ռուսաստանի դեմ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելն է:

Ըստ թերթի, Հայաստանի «արեւմտամետ կառավարությունը» երկրի հարավային հատվածն Ադրբեջանին զիջելու դիմաց քաղաքական եւ տնտեսական ձեռքբերումներ ստանալու հարցում համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ: Դրա առնչությամբ Հայդարին ասել է, որ իրենք չեն պատրաստվում եւս մեկ երկրի սահմանների ենթարկումը փոփոխության օտարների կողմից, իսկ Ալի Խամենեին կիրակնօրյա ելույթում հավելել է նրան. «Տարածաշրջանում անվտանգությունը կարող են ապահովել տարածաշրջանային երկրների զինված ուժերը: Ելնելով սեփական շահերից, ոչ ոք չպետք է տարածաշրջան հրավիրի այլ երկրների»:

Պատերազմի սանձազերծման սպառնալիք

Իրանցի վարորդների ձերբակալության առնչությամբ Իրանի ադրբեջանական իշխանություններին հասցեագրած հայտարարություններին հակազդեցությամբ արձագանքեցին ադրբեջանցի պատասխանատու գործիչները: Պատգամավոր Ղուդրեթ Հասանղուլիեւը նախազգուշացրեց, որ էթնիկ տարանջատումներ հրահրելը Իրանում բնակվող ադրբեջանցիներին ոտքի կհանի, իսկ դա կվտանգի Իրանի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը:

Իրանում Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսին հարող լրագրող Հուսեյն Դալիրիանը twitter-ում գրեց, որ եթե երկու երկրներ պատերազմելու լինեն, ապա Իրանը, արձակելով հազար հրթիռ ադրբեջանական կարեւորագույն օբյեկտների վրա, ի վիճակի է մեկ օրում դադարեցնել այդ պատերազմը;

Դա հնարավոր է, թե՞ ոչՙ չգիտենք: Սակայն ակնհայտ է, որ Իրան-Ադրբեջան պատերազմի սանձազերծման դեպքում դա չի սահմանափակվելու միայն երկու երկրների մասնակցությամբ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ