ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼԵԼՈՒՑ ՎԱԶԵԼՈՒՆ Է ԱՆՑԵԼ

1

Քայլելու ու վազելու նկատմամբ յուրահատուկ սեր ունեն իշխանականները: Գյումրիից քայլելովՙ Երեւան գալուց ու փողոցում ընկած իշխանությունը վերցնելուց հետո այժմ էլ մտածում են վազելու մասին: Կառավարության որոշմամբՙ «Վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի անցկացման նպատակով գործադիրի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 35 710 200 դրամ է ստացել:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբՙ հանուն վարչապետի անվան գավաթի պայքարողները 10 կմ վազելու են Երեւան-Էջմիածին մայրուղով: Ավելի քան 35 միլիոն դրամից 20 միլիոնը կազմակերպչական տարբեր ծախսերին է տրամադրվելու:

Կառավարության հետ երեկվաՙ հոկտեմբերի 7-ի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այդպես էլ չմանրամասնեց կամ չբացատրեց, թե ինչով է արդարացված Երեւանից Էջմիածին վազելու համար 35 մլն դրամ տրամադրելը:

44-օրյա պատերամից հետո իշխանություններն, ասես, փողերը քամուն տալու քաղաքականություն են որդեգրել: Անբովանդակ մրցույթներ ու փառատոներ են հայտարարում, փողեր դուրս գրում, ծափ տալիս ու ուռա գոռում: Իսկ զուգահեռ իրականությունում պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ո՛չ քայլել են կարող, ո՛չ, առավել եւս, վազել: