RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2600, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Դիվանագետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան, ըստ հաղորդագրությունների, ծրագրված էր նախապես: Սա երկկողմ այցերի ձեւաչափով, մոսկովյան այցելությունից հետո, Արարատ Միրզոյանի երկրորդ պաշտոնական այցն էր:

Նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում դժվար է մտաբերել ՀՀ ԱԳ նախարարի, որ իր նշանակումից հետո, երկրորդը այցելած լինի Թեհրան: Թեեւ Արարատ Միրզոյանը նշանակումից անմիջապես հետո Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի, ինչպես նաեւ Դուշամբեում անցկացված ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների համատեղ նիստի շրջանակներում, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների, այդ թվումՙ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի հետ, սակայն Մոսկվայից հետո Արարատ Միրզոյանի Թեհրան այցելույթունը, հաշվի առնելով Հայաստանի շուրջ ծավալվող տագնապալի անցուդարձերը, միանգամայն տրամաբանված ու արդարացված կարելի է համարել:

Տարածաշրջանում տիրող իրավիճակով ու Հայաստան-Իրան սահմանային խնդիրներով պայմանավորված, արտգործնախարարների երկկողմ քննարկումների օրակարգում ներառված առանցքային հարցերը տրամաբանորեն պետք է վերաբերեին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության հարցերին, ու դրանցով ածանցվածՙ Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքին, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանն առնչվող թեմաներին:

Ամենայն հավանականությամբ, երկկողմ հանդիպումների ժամանակ քննարկվել են նաեւ արտգործնախարարների համատեղ հայտարարությունից դուրս մնացած այնպիսի թեմաներ, որոնց հանրայնացումը հավանաբար այս պահին աննպատակահարմար է գնահատվել:

Սակայն, անկախ հանդիպումների ընթացքում քննության առնված հարցերի շրջանակից, այցն ինքնին կարեւոր մեսիջներ էր պարունակումՙ ուղղված կոնկրետ հասցեատերերի, առաջին հերթինՙ Պակիստանի հետ «Անխախտ եղբայրություն-2021» նշանաբանով համատեղ զորավարժություն անցկացրած Ադրբեջանին ու Թուրքիային:

Ըստ ամենայնի, Իրանը պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, օգտագործելով 44-օրյա պատերազմի ավարտից հետո վճռական տրամադրությամբ ձեւավորված կառավարության ողջ զինանոցը, փորձում է ակտիվ դիվանագիտությամբ քայլեր ձեռնարկել պատերազմի ընթացքում Իրանի կողմից թույլ տրված վրիպումները խմբագրելու համար:

Իսկ ՀՀ ԱԳ նախարարի Թեհրան այցելությանը զուգահեռ պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Իրանի մասին հնչեցրած ջերմ խոսքերը մի կողմից, եւ մյուս կողմիցՙ հայկական պատվիրակության Թեհրան այցելության օրը քովիդի վարակի տարածումը կանխելու անվան տակ Բաքվում Իրանի կրոնապետի ներկայացուցչի տնօրինության ներքո գործող իրանական մզկիթի գործունեության դադարեցումը, նպաստավոր մթնորոտ ստեղծեցին Հայաստանի նորանշանակ արտգործնախարարի այցը դրական արդյունքներով եզրափակելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ