RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1992, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐԸ (ՀԳՀԾ)

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ, նախկին դեսպան

Ետնաբեմային հանդիպումներ Նյու Յորքում

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանը լավագույն հարթակներից է տարբեր երկրների միջեւ գոյություն ունեցող հրատապ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մեսիջներ փոխանցելու եւ այլ կարգի շփումներ իրականացնելու համար:

Միջազգային բնույթի հարցերի շարքում այս անգամ նույնպես առանձնանում էր Իրանի միջուկային գործունեությանը վերաբերող Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) հետագա ճակատագիրը, որին անդրադարձ եղան թե՛ նստաշրջանի «առկա» եւ «առցանց» ամբիոններից, եւ թե՛ ետնաբեմային հանդիպումների ժամանակ: Պատճառն այն է, որ Իրանի ու ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի, այդ թվումՙ ԱՄՆ-ի միջեւ Վիեննայում ընթացող բանակցություններն անորոշ ժամանակով առկախվել էին ս.թ. հունիսի 20-ին տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո:

Թեեւ կողմերը հայտարարել էին, որ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, եւ ՀԳՀԾ-ին նոր շունչ հաղորդելու համար մնացել է ընդամենը մի քանի քայլ, սակայն հունիսին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների եռուզեռի պատճառով, մինչեւ նորընտիր նախագահի կողմից կառավարության ղեկն ստանձնելը, բանակցությունները գործնականում ընդհատվել են: Իսկ Իրանի նոր կառավարության արտգործնախարար Ամիրաբդոլլահիանը դեռեւս օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ բանակցային նոր թիմ կազմելու համար Իրանին առնվազն 2-3 ամիս է անհրաժեշտ:

Հայտարարված ժամկետից երկու ամիս անց, դեռեւս իրանական կողմի բանակցային թիմի կազմի մասին ոչինչ չի հայտարարվել: Թեեւ ԻԻՀ նախկին նախագահ Ռոհանիի ձեւավորած թիմում գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին այլեւս չի զբաղեցնում փոխարտգործնախարարի պաշտոնը, սակայն դեռ վերջինիս մասնակցությունը բանակցային գործընթացներում բացառված չէ: Նույնիսկ հայտնի չէՙ արտաքին գործերի նախարարությո՞ւնն է ստանձնելու բանակցությունների պատասխանատվությունը, թե՞ ոչ հեռու անցյալում այդ գործընթացի մեջ ներգրավված ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ԻԻՀ եւ ԱՄՆ նախագհների հնչեցրած ելույթները նույնպես հստակեցում չմտցրեցին բանակցությունների վերսկսման ժամկետների հարցում: Իրանի հոգեւոր առաջնորդի տեսակետներին համահունչ ԻԻՀ նախագահ Ռայիսիի ելույթում բացակայում էր բանակցություններում իրանական կողմի հնարավոր փոխզիջումների գնալու ցանկությունը եւ գերակշռում ԱՄՆ-ին ուղղված սուր քննադատություններն ու վերջինիս նկատմամբ արտահայտված անվստահությունը: Դեռ ավելին, ԻԻՀ նախագահի ելույթում առկա էր նախապայման, առ այն, որ Իրանի հրթիռային գործունեությունն արգելող ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւի չեղարկման դեպքում միայն հնարավոր կլինի վերադառնալ ՀԳՀԾ-ին: Ընդ որում, Ռայիսիի ներկայացրած մոտեցումները տարբերվում էին Իրանի նախկին կառավարության կողմից հանդես եկող բանակցողների տեսակետներից, որոնց ներկայացրած փաստարկների համաձայն, ՀԳՀԾ-ն Իրանի գովերգած փաստաթուղթը չէ, եւ որ Թեհրանը պատրաստ էր, իրանական կողմի տեսակետով, ոչ լիարժեք փաստաթուղթն ընդունել հանուն ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության գալուն:

Վերլուծելով տվյալ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու մտադրության մասին իրանական կողմի ելույթներն ու արտահայտած տեսակետները, կարելի է ենթադրել, որ ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության ուղղություններում, հակառակ էքսնախագահ Ռոհանիի, ՀԳՀԾ-ի հարցը չի դասվում առաջնահերթությունների շարքին: Չի բացառվում նաեւ, որ խնդրի վերաբերյալ ցուցաբերվող անտարբեր մոտեցումը տակտիկական քայլ էՙ որոշակի զիջումներ ստանալու համար:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ նախագահ Բայդենը կարեւորել է հարցի դիվանագիտական լուծումը, հավելելով, որ իր գլխավորած կառավարության համար պատերազմը հարցի լուծման ամենավերջին տարբերակն է:

Այսպիսով, ոչ միայն հայտնի չեն հունիսին ընդհատված բանակցությունների վերսկսման ժամկետները, այլ նաեւՙ դրանց վերսկսման հավանականությունը:

Թեեւ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիրաբդոլլահիանի խոստացած 2-3 ամիսը դեռ չլրացածՙ սեպտերբերի 12-ին, բանակցությունները վերսկսելու Իրանի պատրաստակամությունը ճշտելու եւ տեխնիկական որոշ հարցեր համաձայնեցնելու նպատակով Թեհրան էր ժամանել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին , սակայն այցի արդյունքները դրական գնահատած պաշտոնյային նույնպես չհաջողվեց շոշափել բանակցությունները վերսկսելու մասին իրանական կողմի տրամադրությունները:

Եվ ահա, Գլխավոր Ասամբլեայի ետնաբեմերում Իրանի արտգործնախարարի ու եվրոպացի դիվանագետների միջեւ մեկշաբաթյա խորհրդակցություններից հետո, դարձյալ չեն հստակեցվել բանակցությունների վերսկսման ժամկետները:

Ըստ երեւույթին, բանակցությունների վերսկսման համար Արեւմուտքի շահագրգռվածությունը, ըստ ԱՄՆ պետքարտուղար Անթոնի Բլինքենի , պայմանավորված է նրանով, որ Իրանը շարունակաբար այնպիսի քայլերի է դիմում, որոնք հակասում են միջուկային համաձայնագրի դրույթներին, այդ թվումՙ ուրանի հարստացումը 20-ից 60 տոկոսի հասցնելուն միտված ձեռնարկումները: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, այդպես շարունակվելու դեպքում այլեւս անիմաստ է դառնում միջուկային համաձայնագրին վերադառնալը:

Իսկ նախարար Ամիրադբոլլահիանը Նյու Յորքում լրագրողներին ասել է, որ Իրանի կառավարությունը գործնական քայլերի կողմնակից է եւ միաժամանակ կարեւորում է իր տված խոստումները: Նա հավելեց, որ բանակցություններին դրական մոտեցմամբ ներգրավվելու վերաբերյալ Թեհրանը դեռեւս ԱՄՆ կառավարությունից ոչ մի հուսադրող ազդակ չի ստացել:

Միաժամանակ, ԱՄՆ-ը մտահոգ է, որ Ռայիսիի պահպանողական կառավարությունը, եթե անգամ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն հայտնի, միեւնույն էՙ Իրանն այդ բանակցություններում ավելի կարծր դիրքերից է հանդես գալու:

Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի նստաշրջանի ետնաբեմերում տեղի ունեցած հանդիպումների ու զրույցների ժամանակ այնուամենայնիվ հավաստիացրել է, որ Իրանը շուտով կտեղեկացնի բանակցությունների վերսկսման ժամկետների մասին: Սակայն ԻԻՀ ԱԳ նախարարի արտասանած «շուտով» բառին հակադարձել է ԱՄՆ պետքարտուղարությունը, առաջարկելով մեկնաբանել դրա բուն իմաստը, քանի որ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, պարսկերեն «շուտով» բառիմաստը խիստ տարբերվում է անգլերեն «soon» բառի նշանակությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ