RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2030, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ 100-ԱՄՅԱԿ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առանց տոնի եւ տոնակատարության, առանց հանդիսանքային տրամադրության, Ռամկավար Ազատական կուսակցությունը այսօր, 2021 թ. հոկտեմբերի 1-ին, արձանագրում է իր հիմնադրման 100-ամյակը: 1921 թ.ի այդ օրը, դաշնակից հաղթական բանակների կողմից գրավված Կ.Պոլսում, նախկին Արմենական, Գաղափարակցական, Վերակազմյալ Հնչակյան, արեւելահայ Ժողովրդական եւ այլ կառույցներ նախապես համաձուլվելով Ռամկավար եւ Ազատական կուսակցությունների մեջՙ հռչակեցին կազմությունը միաձույլ նոր կառույցիՙ ՌԱԿ-ի: Համաձուլման, միավորման այդ ակտը հայ իրականության մեջ որքան բացառիկ, նույնքան անհրաժեշտ էր հայ ժողովրդի պատմության տվյալ հանգամանքներում: Մեծ եղեռնից, պատերազմում Թուրքիայի պարտությունից, բռնագաղթվածների մի մասի Կիլիկիա, Կ.Պոլիս եւ այլուր վերադարձից, ապա նորից գաղթելուց, իսկ Արեւելյան Հայաստանում Առաջին անկախ հանրապետության փլուզումից, սովետական կարգերի հաստատումից հետո հայության կյանքում եւ ողջ տարածաշրջանում բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել եւ անհրաժեշտ էր միասնաբար դիմագրավել, որքան որ հնարավոր էր, ամբողջովին նոր, դժվարին մարտահրավերներըՙ գաղթական դարձած հայության մնացորդացի տեղավորում եւ որբահավաք, արդեն գոյություն ունեցող գաղութների վերակազմակերպում, Մայր հայրենիքի մեզ մնացած մասի վրա ազգահավաքի հնարավորությունների օգտագործում, Խ.Հայաստանի վերաշինություն, սովետական իշխանությունների հետ համագործակցության ուղիների ու ձեւերի ստեղծում, միջազգայինՙ հատկապես ամերիկյան բարեսիրական կազմակերպությունների եւ Նանսենի հիմնարկի, ինչպես նաեւ գաղթական հայերին հյուրընկալած երկրների իշխանությունների հետ հարաբերությունների հաստատում, եւայլն:

ՌԱԿ-ի հիմնադիր հայրերը, իրատես, հեռատես ու գործնամիտ մարդիկ, շատ լավ հասկանում էին, որ մեկ կուսակցության ուժերից վեր է նման պարտականությունների կատարումը, հետեւաբար սերտագույն համագործակցություն հաստատեցին Պողոս Նուբարի Բարեգործականի հետՙ թե՛ գաղութների ինքնակազմակերպման, թե՛ Հայաստանի վերաշինման եւ թե՛ ազգապահպանության գործերում, ոչ միայն ՀԲԸՄ-ին համապատասխան կադրերի տրամադրմամբ, այլեւ նյութական աջակցությամբ: Նույնըՙ նաեւ Մայր հայրենիքին: Այսօր ո՞վ է հիշում, որ, օրինակ, Երեւանի Գյուղատնտեսական ակադեմիայի շենքը կառուցվել է Բոստոնի ՌԱԿ «Պայքար» թերթի 10 հազար դոլարի նվիրատվությամբ:

Ավելին. նորաստեղծ կուսակցության առաջին գործերից մեկը եղավ իր ամենափորձառու ղեկավարներից մեկինՙ Արտակ Դարբինյանին առաքել Սովետական Հայաստանՙ Ալեքսանդր Մյասնիկյանի հետ հանդիպմանՙ պարզաբանումներ ստանալու եւ համագործակցության կարելիություններն ստուգելու: Արդյունքումՙ Սովետական Հայաստանի կառավարությունը ամենայն հայոց կառավարություն չէ, այոՙ մասնակի հայրենադարձությանը, այոՙ նոր բնակավայրերի ստեղծմանը, այոՙ սովետական անաստվածության ճնշումների պայմաններում խեղճացած, ճնշված ու մեկուսացված Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հանդուրժողականությանը. Մյասնիկյանը ավելին չէր կարող խոստանալ: ՌԱԿ-ը սկսեց աշխատել այդ ուղղություններով:

Ուղղություններՙ որոնք հետագա տասնամյակների հոլովույթում մնացին, զարգացան անշեղորեն, միաժամանակ ապացուցելով, որ ՌԱԿ-ը ազգային կուսակցություն է, որի դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ ոչ թե գաղափարախոսական, այլՙ բացառապես ազգային է:

Իր այդ դիրքորոշմանը ՌԱԿ-ը հավատարիմ մնաց նաեւ Սովետական Հայաստանի կազմալուծման ժամանակաշրջանում. ՌԱԿ-ը դարձավ մեկը այն 5 կուսակցություններից, եւ միակը ավանդական կուսակցություններից, որի անունը արձանագրված է Անկախության հանրաքվեի անցկացման պատմական որոշման տակ: Այլ խոսքովՙ ՌԱԿ-ը առաջին հիմնադիրներից է Երրորդ հանրապետության, ինչպես որ Ժողովրդական կուսակցությունն էր եղել Առաջին հանրապետության հիմնադիրներից եւ նույնիսկ մաս կազմել կոալիցիոն կառավարությանը:

Հարուստ, իսկապես հարուստ պատմություն, որի վերջին 30 տարիները թեեւ սկսվեցին նշանակալից հաջողությամբ- ՀՀ Գերագույն խորհրդում ՌԱԿ-ը ուներ թվով 2-րդ ֆրակցիան-, սակայն հետագա տարիներին, արտաքին ու ներքին խարդավանքների, իշխանությունների պառակտիչ քայլերի, փառասիրական այլազան նկրտումների, ինչպես նաեւ (շատերի համար զարմանալի) ֆինանսական միջոցների սակավության հետեւանքով կուսակցությանը չհաջողվեց, իսկ վերջին անգամ փորձ էլ չարվեց մուտք գործել խորհրդարան...

Այո, ձախողությունների, պառակտումների եւ անգործունեության ցավալի մի շրջան, որն այժմ, սփյուռքում եւ հայրենիքում նվիրյալների մի խումբ փորձում է շրջել, վերականգնել կուսակցության հեղինակությունը, նոր գործելակերպով կուսակցության անդամակցության իրավունքը պայմանավորել ազգաշահ ծրագիրներում անդամների ներգրավվածությամբ:

Հաջողություն մաղթենք այդ նվիրյալներին ու դառնանք օղորմին ասենք ՌԱԿ հիմնադիրներին, նրանց դրոշը ամուր պահած հետնորդներին, եւ ողջույնՙ հավատավոր բոլոր անդամներին, որոնք, վստահ ենք, ուժ կունենան իրենց մեջ կուսակցաշինության գործը առաջ մղելու:

ՌԱԿ-ը դեռ անելիք ունի, անելիքՙ որը միայն ինքը կարող է անել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ