RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 347, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐԸՙ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Սիրելի Բեն, թույլ տուր իմ հայրական օրհնանքն ու ողջույնը հղել քեզՙ մեր հայրենիքի սահմանների պաշտպանության գործում քո անձնվեր պայքարի ու հերոսական վարքի համար: Մենք հավերժ երախտապարտ ենք քեզ ու մարտական ընկերներիդ: Խիստ խորհրդանշական վերնագրով քո «Վերադարձ» ցուցահանդեսը թող դառնա նոր կյանքի սկիզբ, թող խաղաղություն ավետի քեզ ու մեզ համար»: Այս խոսքերը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրավոր ողջույնից էինՙ ուղղված քաղաքի երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանին , սեպտեմբերի 18-ինՙ «Գյումրու օրվա» շրջանակներում բացված նրա անհատական ցուցահանդեսի առիթով: 10-րդ վիրահատությանը սպասող Բենը, պատասխանելով հարցին, թե ինչու է իր գործերի այս ցուցահանդեսն անվանել «Վերադարձ», պատասխանել էր, թե պատերազմում ստացած բազմաթիվ վերքերից հետո հավանական է չապրեր, սակայն կյանք վերադարձավ:

Հասկանալի պատճառներով Գյումրիում «Քաղաքի օրն» այս անգամ նշվեց զուսպ, առանց զանգվածային միջոցառումների ու ավանդական տոնականության: Նշվեց հիմնականում մշակութային իրադարձություններով:

Քաղաքային կենտրոնական գրադարանի հին շենքում բացվեց ՀՀ եւ ՌԴ ժողովրդական նկարիչ, ծնունդով գյումրեցի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատուն-ցուցասրահը: Անվանի արվեստագետի որդիների նախաձեռնությամբ Մոսկվայի նրա արվեստանոցից հայրենի քաղաք բերվել եւ այստեղ մշտական ցուցադրության են ներկայացվել տասնյակ աշխատանքներ:

Օրը նշանակալի էր Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համար, որն ավելի քան երեսնամյա տնակային պայմաններից հետո երկար սպասված բնակարանամուտ նշեց քարե նորոգ շենքում: Իսկ Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումները սկսվեցին այդ օրը: Հյուրերին ներկայացվեցին դպրոցի մասին պատմող փոքրիկ կինոժապավեն, ապա նաեւ հաստատության կիսանկուղային հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքները: Այստեղ նախատեսվում է կառուցել քանդակի դասարան եւ ցուցասրահ:

Գրական կարեւոր իրադարձություն էր Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» դատաստանամատյան պոեմի ամբողջական տարբերակի շնորհանդեսը մեծ բանաստեղծի հուշատուն-թանգարանում: Առաջին անգամ ընթերցողին է հանձնվել պոեմի լիարժեք հրատարակությունը: Նախաձեռնությունը եղել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանինը , տպագրության պատրաստելու համար մոտ չորս տարի աշխատանք է կատարվել: Գիրքը լույս է տեսել Գյումրու համայնքապետարանի ֆինանսավորմամբ: Ներկաներին փոխանցելով այս առիթով քաղաքի ղեկավարիՙ արձակուրդում գտնվող Սամվել Բալասանյանի ողջույնի խոսքը, նրա առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հավաստեց, որ ինչպես մինչեւ այժմ, հետագայում եւս համայնքապետարանը կաջակցի Շիրազի անտիպ էջերի հրատարակմանը:

Քաղաքի օրվա ավարտին համայնքային ցուցասրահում բացվեց գյումրեցի նկարիչներ Կարապետ Գյոկչյանի նկարների եւ Ցոլակ Սիմոնյանի քանդակների ցուցահանդեսը: Ապա տեղի ունեցավ պարգեւատրման ամենամյա արարողությունը: Շնորհվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներ, Գյումրի համայնքի հուշամեդալներ, պատվոգրեր ու հուշանվերներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ