RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ...» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Պատերազմը մեզ զրկեց լավագույններից, մի ամբողջ սերունդ: Պատերազմի դաշտում օր ու գիշեր պայքար մղող տղաների արյունով գծվեցին հայրենիքի սահմանները: Տարբեր էին նրանք. տարբեր էին նաեւ նրանց երազանքներն ու զբաղմունքները:

Նրանցից շատերը դեռ այնքան անելիքներ ունեին...

Պատերազմը խլեց նաեւ կլինիկական դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանի կյանքը:

Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի եւ Արդի հայ արվեստագետների համատեղ ուժերով կազմակերպված «Անավարտ թռիչք...» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը:

«Եղբորս զոհվելուց հետո բազմաթիվ ցավակցական զանգեր էի ստանում, որոնցից մեկըՙ ԱՄՆ-ից: Եղբորս ընկերըՙ Անին էր. շատ խիստ տոնով ինձ հորդորեց, որ եղբորս գործը կիսատ չթողնենք ու հիմնադրամ բացենքՙ շարունակելով նրա մասնագիտական գործունեությունը»,- պատմում է Վահեի եղբայրը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը , ապա ավելացնում. «Այս տարվա սկզբին հիմնադրամը բացվեց եւ կարող եմ հպարտությամբ ասել, որ այս ամսվանից ԵՊԲՀ-ի օրդիանատուրայի այն ուսանողները, որոնք շարունակում են եղբորս մասնագիտությունը, կտրամադրենք անվանական կրթաթոշակներ: Գումար հավաքելու համար որոշեցինք օգտվել այս միջոցիցՙ կազմակերպեցինք ցուցահանդես-վաճառք, որի միջոցով կկարողանայիք համախմբել տարբեր տարիքի ու սեռի մարդկանց»:

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժանրի, տարիքի, սեռի հայ արվեստագետների աշխատանքներ, եւ, կարելի է ասել, ցուցահանդեսի խոսուն խորագիրը կարողացել է համախմբել ժամանակակից մեր արվեստագետներին: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նպաստելն է:

«Ցուցահանդես-վաճառքի շրջանականերում հավաքված եւ այցելուների դատին է ներկայացված արդի հայ արվեստագետների լավագույն աշխատանքներից. Հռիփսիմե Մարգարյան , Արտաշես Աբրահամյան , Արա Շահումյան , Տիգրան Հակոբյան , Արթուր Սարյան , Արմինե Թումանյան , Պետո Պողոսյան եւ այլ հեղինակների ստեղծագործություններ»,- ասում է արվեստաբան, ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ, համադրող Քրիստինե Սարգսյանը :

Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 50 աշխատանք, որոնցից 5-ըՙ քանդակ, տարբեր արժողության ու ոճի: Ցուցահանդեսի աչք ծակող նկարներից մեկը Գեւորգ Ընծա Բաբախանյանի «Կարմիր տանկը» կտավն է, որտեղ սկզբնական շրջանում պատկերված է եղել ծաղկաման, սայկայն պատերազմի սկսվելուց հետո, հեղինակը ձեւափոխել է նկարը ու ծաղկամանից ստացել տանկ, հետեւի ֆոնինՙ բարուրված երեխա:

Մարտի դաշտում ընկածներից յուրաքանչյուրն ուներ իր թռիչքը, որը երբեք անավարտ չի մնա, քանի որ զինվոր կորցրած մայրը նոր զինվոր է ծնում, հայրը հուշաղբյուր է կառուցում, որ դրանից ջուր խմողը միշտ օրհնի իր զինվորին, քանի որ ամունուն կորցրած կինը նկարը գրկած, որդի է կրթում, դուստր է պահում, որ զինվոր ծնի, քանի որ սահմանին դեռ զինվոր կա կանգնած, սահմանին նոր զինվորներ են պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ