RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Մամլո հաղորդագրություն

Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2072, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւ նրա ապագայի տարբերակների վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւ քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ մի շարք հրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ ապագա քաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում:

Այժմ, ութ ամսվա հետազոտություններից եւ լայնածավալ խորհրդակցություններից հետո նոր զեկույց է հրապարակվելՙ որպես Սպիտակ Թուղթ , որը մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտությանՙ այդ պատերազմում: Այս զեկույցը նաեւ սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային եւ միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում է նաեւ առաջարկություններ ապագայի կապակցությամբ, ընտրությունների եւ բարեփոխումների վերաբերյալ:

Սպիտակ Թուղթը, որի խորագիրն էՙ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» , Հայաստանի, Ղարաբաղի եւ ողջ հայոց աշխարհի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցերի մի համապարփակ ուսումնասիրություն է:

Երկարաշունչ ուսումնասիրությունն ուղեկցվում է Կատարողական ամփոփագրով, Բովանդակության ինտերակտիվ ցանկով եւ տեքստը լրացնող հավելվածներով ու նյութերով: Ուսումնասիրությունը հասանելի է երկու լեզվովՙ հայերեն եւ անգլերեն:

Զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի եւ ապագա տարբերակների մի համակարգված վերլուծությունՙ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, եւ հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինի փաստերի ու քննադատական դատողությունների վրաՙ փաստը տարանջատելով կարծիքից, սթափ դատողությունըՙ նախապաշարմունքից, ռազմավարական նկատառումներըՙ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսով հեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաեւ օգնել իրավասուներինՙ վերանայելու խնդիրները քաղաքականություն ձեւակերպելիս:

Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ, ներառում է նաեւ աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբանների տեսակետների համառոտագիրըՙ պատերազմի պատճառների, վարման ու հետեւանքների վերաբերյալ:

Երեք հեղինակներըՙ Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), Ռոբերտ Այդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար եւ վերլուծաբան) ու Ժիրայր Լիպարիտյանը (պատմաբան եւ նախկին դիվանագետ), սերտորեն եւ տարբեր կերպ ներգրավված են եղել Հայաստանի ու Արցախի կյանքումՙ երկար տարիների ընթացքում:

«Սպիտակ Թուղթը սահմանող մեկ կարեւոր առանձնահատկությունը նրա լիարժեք թափանցիկությունն է, որին մենք փորձել ենք հասնել` ընթերցողների վստահությունը շահելու նպատակով: Մենք առանձնացրել ենք մեր տեսակետները մեր հարցվողների տեսակետներից, եւ ամբողջությամբ հնչեցրել առկա բոլոր կարծիքներըՙ անկախ նրանից, թե որքանով են դրանք տարբերվում մեր կարծիքներից կամ որքանով են հակառակվում դրանց»,-ասում է հեղինակներից մեկըՙ Էքս ան Պրովանսի համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:

Հետազոտության առաջին մասը 45 հարցվածների տեսակետների սպեկտրի ամփոփումն է, տեսակետներՙ որոնք վերաբերում են հեղինակների կողմից մի շարք զգայուն թեմաների վերաբերյալ ուղարկված հարցաշարին: Այդ տեսակետները հաճախ գտնվում են հակառակ ծայրերումՙ արտացոլելով հայերի պառակտված աշխարհն այսօր:

Երկրորդ մասը ներառում է հեղինակների սեփական դիտարկումներն այսօրվա Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ, ինչպես նաեւ այն գործոնները, որոնք Հայաստանը եւ հայերը պետք է հաշվի առնեն արտաքին ու անվտանգության քաղաքականության մասին մտածելիս ու դրանց հետ կապված ընտրություն կատարելիս: Հեղինակները պնդում են, որ այժմ, առավել քան երբեւէ, պետք է ավելի իմաստուն գործել ու խուսափել անցյալի սխալներից:

Սպիտակ Թուղթը տրամադրվել է Հայաստանի եւ Արցախի գործադիր ու օրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական կենտրոններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվել է նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին:

«Այն, ինչ մենք պատրաստել ենք, վերլուծական փաստաթուղթ է, - ասում է հեղինակներից Ռոբերտ Այդաբիրյանըՙ Փարիզից, - բայց եւ անմիջական առնչություն ու կիրառություն ունի քաղաքականության մեջ եւ կառավարության քաղաքականության ու գործողությունների մեջ: Մեր դիտարկումները եւ առաջարկությունները կարող են օգտակար լինել Հայաստանի ու Արցախի ղեկավարներին, ինչպես նաեւ դիվանագետներին ու ռազմական ղեկավարներին»:

Ըստ փորձագետների, որոնց հեղինակները խնդրել էին ընթերցել փաստաթղթի երրորդ նախնական տարբերակը եւ կարծիք հայտնել դրա վերաբերյալ, այս Սպիտակ Թուղթը մոտենում է հնարավորինս հավաքականորեն մտածելու ջանքերին. այնքանով, որքանով դա հնարավոր է ներկա իրավիճակում:

«Հեշտ չէր հասնել երկու նպատակներինՙ առաջարկելով մի հավաքական աշխատանք, որը նույնպես գործնական արժեք ունի», - ասում է երրորդ հեղինակըՙ Բոստոնից Ժիրայր Լիպարիտյանը եւ հավելում. «Մենք ստիպված էինք հաշվի նստել միջազգային եւ տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար է ընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ու կեղծ երազներով: Բայց որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարող ենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թե որտեղ ենք մենք եւ ինչ հնարավորություններ կան հիմա»:

Սպիտակ Թուղթն այժմ հասանելի է հանրությանը :

Տե՛ս անգլերեն տեքստի հղումը.

https://www.armeniapeace.org/wp-content/uploads/2021/09/Armenia-Foreign-and-Security-Policies.pdf

Տե՛ս հայերեն տեքստի հղումը .

https://www.armeniapeace.org/wp-content/uploads/2021/09/%D5%8Dպիտակ-Թուղ.pdf

Ցանկացած հարցով դիմել Կարինե Հարությունյանինՙ hkarine2011@gmail.com հասցեով :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ