RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1829, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁՈՒԼՄԱՆ Է ՏԱՆՈՒՄ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Համայնքների խոշորացումը բխում է դրանց առաջ ծառացած հատկապես տնտեսական մարտահրավերներից, որոնք շատ-շատ են: Այս համոզմանն է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը , որ Ազգային ժողովոի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ներկայացնում էր «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխություններ անելու փաթեթը խորհրդարանն այսօր կքննարկի արտահերթ նիստով: Նշենք, որ ըստ նախագծիՙ կգործարկվի վարչատարածքային բաժանման նոր սխեմա. կլինի 78 համայնք, որից 71-ըՙ միավորված: Երեւանն առանձին միավոր կլինի, իսկ 6 համայնք չմիավորված կլինի, որից մեկը կլինի Գյումրին, 5-ըՙ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները:

Ըստ Տերտերյանիՙ ազգային փոքրամասնությունների համայնքների միավորման հարցը հատուկ խնդիր է: «Նրանց մշակութային կամ այլ առանձնահատկությունները անտեսնելն անկարելի է, եւ այդ ամենի հետ ճիշտ աշխատելու համար բոլորովին այլ մեխանիզմներ կան ու պետք է գործի դրվեն»,- հավելում է զեկուցող փոխնախարարը:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները սակայն հակադարձում են փոխնախարար Տերտերյանին ու հարց տալիսՙ մշակութային առնաձնահատկություններն իչպե՞ս են պահպանվելու, եթե նախագծում այդ մասին առաձին կետ չկա: Ահազանգում ենՙ եթե այն գյուղերում, որտեղ կենտրոնացած են ազգային փոքրամասնությունները, մեծամասնական ընտրակարգով անցկացվեն ընտրությունները, ապա այդ համայնքներըՙ որպես ազգային միավորներ, ուղղակի ոչնչանալու են:

Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ, «Հայաստանի ասորական ֆեդերացիայի» նախագահ Իրինա Գասպարյանը , մեջբերելով նախագծի որոշ դրույթներ, բարձրաձայնում էՙ նախագծի հեղինականերն անտեսել ու ոտնահարել են ազգային փոքրամասնության իրավունքները: «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համաձայնՙ ՀՀ-ն կարեւորում է համամարդկային եւ ազգային արժեքների, ազգային ավանդույթների պահպանումն ու վերարտադրությունը, զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Սա միայն ազգությամբ հայերի՞ն է վերաբերում: Սա համահունչ չէ համայնքների խոշորացման սկզբունքներին: Ազգային փոքրամասնության շահերի պահպանման կետ չկա: Խոսքն Արտաշատի եւ Մեծամորի փնջերի ասորական երկու գյուղերի մասին է, որոնք խոշորացման հետեւանքով ոչնչացման եզրին են»,- նշում է Գասպարյանը:

Խոշորացման ծրագրին դեմ է նաեւ Արարատի մարզի Դիմիդրով համայնքը, որտեղ մեծ թվով ասորիներ են ապրում: Հայաստանի ասորական համայնքը խորհրդարանում ներկայացնող Զեմֆիրա Միրզոեւայի համոզմամբ, նախագիծը մշակվել է առանց համայքնի կարծիքը հաշվի առնելու: «Մեզ տանում են դեպի միաձուլում: ՏԻՄ մասին օրենքովՙ համայնքների սահմանների փոփոխություններ անելիսՙ պետք է հաշվի առնել բնակիչների կարծիքը, հատկապես, երբ տվյալ համայնքներում ապրում են էթնիկ, ազգային փոքրամասնություններ: Մենք ստորագրահավաք ենք արել, եւ բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել խոշորացմանը: Կառավարությանն առաջարկում ենք վերանայել որոշումը»,- շեշտում է պատգամավորը:

Ի տարբերություն ասորական համայնքի ներկայացուցիչ պատգամավորի, քրդական համայնքն Ազգային ժողովում ներկայացնող Կնյազ Հասանովը կողմ է խոշորացման ծրագրին: Խոշորացումը, ասում է, կարող է նաեւ բացասական կողմեր ունենալ, բայց, առհասարակ, այն արդարացված է:

«Դա կարող եմ ասել մի շարք գյուղերի օրինակով: Արագածոտնի մարզի 11 եզդիաբնակ գյուղերը խոշորացվել են, եւ այսօր տեսնում ենք երեք տարվա մեծ արդյունքները: 30 տարում ոչ մի ճանապարհ չէր նորոգվել, իսկ այսօր արդեն 3 գյուղի ճանապարհներ հիմնանորոգվել են: Ալագյազ խոշորացված համայնքում այսօր կարեւոր հարցեր են լուծվումՙ գազիֆիկացում, լուսավորություն, հանդիսության սրահի կառուցում: Սա շատ դրական է»,- արձանագրում է Հասանովը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ