RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2235, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐ Է ՀԱՂՈՐԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՕԳՏՎԵԼՈՎ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԱՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑՙ ԿԱՄՔ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Օգոստոսի 27-ին կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե տարածաշրջանային քաղաքականության թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, ավելացնելով. «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդակներով»: Ազդակի պարագային ՀՀ վարչապետը նկատի ուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգոստոսի 25-ին, Խլաթում 1071-ի Մանազկերտի ճակատամարտի տարելիցի նախօրյակին, օտարերկրյա դեսպանների առջեւ ունեցած ելույթը, որտեղ նա ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի վերացումը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման նախադրյալներ է ստեղծել, ու եթե Հայաստանը ընդառաջ գնա այդ նախադրյալներին, ապա իրենք կդիմեն անհրաժեշտ քայլերի:

Էրդողանը, սակայն, դրանով չի բավարարվել, այլ, ինչպես «Ակօսի» օգոստոսի 28-ի համարում հրապարակված հարցազրույցում է նշել պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը , խոսել է նաեւ հարեւանների հետ հարաբերությունները տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման հիման վրա զարգացնելու անհրաժեշտության մասին: Ելնելով այդ հանգամանքից, պոլսահայ գործիչը ասել է. «Էրդողանի հայտարարությունների մեջ որեւէ դրական երեւույթ չեմ տեսել Հայաստանի նկատմամբ: Ճիշտ հակառակըՙ նա առյուծ կտրած ուզում է ծնկի բերել Հայաստանը, իսկ դա ենթադրում է, որ Հայաստանը հողային պահանջ չունենա, հրաժարվի 1915-ի միջազգային ճանաչման ձեռքբերումներից, վերահաստատի Կարսի պայմանագիրը եւ այլն»:

Հատկանշական է, որ Էրդողանի այս նկրտումները, «Ակօսի» սեպտեմբերի 3-ի համարի վկայությամբ, Հայաստան-Թուրքիա մերձեցմանը նպաստելու պատրաստակամությանբ, ընդառաջել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան , որպեսզի նաեւ մերձեցման հարցում միմյանց հետ համագործակցող Թուրքիան ու Ռուսաստանը չբախվեն ամերիկյան գործոնի դիմադրությանը: Այլ կերպՙ բացի վերոհիշյալ նկրտումներից, Էրդողանն ու Պուտինը Ռուսաստանի կողմից ահաբեկված եւ կաթվածահար արված հայաստանյան իշխանությունների միջոցով փորձում են կրկին փաստի առջեւ կանգնեցնել ԱՄՆ-ին, որ հակական կողմը հաշտության պայմանագիր ստորագրի ադրբեջանականի հետ, բայց ապարդյուն:

Այն առումով, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին օգոստոսի 23-ին Սյունիքում արած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետեւանքնեերը հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը լուծված չէ, որովհետեւ լուծված չէ ԼՂ-ի կարգավիճակի հարցը, կրկնեց նաեւ սեպտեմբերի 15-ին, ինչը կարգավիճակի հարցում Վաշինգտոնի հետեւողականության մասին է խոսում, իսկ դա հիմնովին տակնուվրա է անում Անկարայի եւ Մոսկվայիՙ 44-օրյա պատերազմով պայմանավորված քաղաքական հաշվարկները, ի չիք դարձնելով Զանգեզուրի միջանցքի բացումը::

Խնդիրը, սակայն, սոսկ հաշվարկները չեն, այլ Էրդողանի «դրական ազդակներին» վարչապետ Փաշինյանի դրականորեն արձագանքելու պատրաստակամությունը, հավանաբար Մոսկվայի հորդորներով: Որքան էլ արձագանքը բանավոր լինի, որեւէ պետության համար պարտավորեցնող են, այն էլ միջազգայնորեն, նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունները գրավոր թե բանավոր: Ավելին, արձագանքել Էրդողանի ազդակներին, կնշանակի միջազգայնորեն օրինականացնել Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմին, դրանում վարձկան ահաբեկիչների ներգրավումը, Ադրբեջանին ցուցաբերած անվերապահ ռազմական աջակցությունը, ինչպես նաեւ Էրդողանի պատերազմի օրերին արած հայտարարությունը, թե Թուրքիան այս պատերազմին մասնակցում է 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու նպատակով:

Քանի որ այս հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Էրդողանին հռչակել է իր լավագուն ընկերը, ուստի ինքնաբերաբար արդարացվում է նաեւ Էրդողան-Պուտին համագործակցությունն ընդդեմ ռուսական զորանոցի վերածված Արցախի , կաթվածահար արված Հայաստանի եւ ահաբեկված հայ ժողովրդի: Հարցի էությունը, սակայն, այս ամենով չի սահմանափակվում: Էրդողանի շատ դրական ազդակների ֆոնին հանկարծ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , եթե չեմ սխալվում սեպտեմբերի 7-ին, հայտարարում է. «Հայերն աչք ունեն որիշների հողերի վրա»:

Ի դեպՙ 2011-ի մարտին, երբ Սիրիային պարտադրվեց չարաբաստիկ ներքին պատերազմը, սեպտեմբերին Էրդողանը ի լուր աշխարհի թուրքական զորքերով Սիրիա ներխուժելու, երեք ժամում Հալեպ, իսկ երկու ժամ հետո Դամասկոս հասնելու պատրաստակամություն հայնեց, որ նամազի կանգնի օմայան մզկիթում: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի անհամբեր գտնվեց: Նա Դամասկոս էր հասնում երեք ժամում, եթե իհարկե թուրքական տանկերը կարողանային ժամում զարգացնել գոնե 180 կմ. արագություն:

Թեեւ դա տեղի չունեցավ, սակայն փոխարենը Հալեպը հռչակվեց Թուրքիայի 82, իսկ Դամասկոսըՙ 83-րդ նահանգը: Մինչ այդ նման պատվին արժանացել էր Մոսուլը: 2017-18 թթ. թուրքական զորքերը գրավեցին Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբն ու Աֆրինը, Իդլիբը չհաշված, Թուրքիան սկսեց յուրացնել այդ քաղաքները, նշանակելով կառավարիչներ, որոնցում շրջանառության մեջ դրվեց թուրքական լիրան, բացվեցին թուրքական դատարաններ, ինչպես նաեւ Գազիանթեբի համալսարանի ֆակուլտետներ:

Ինչ վերաբերում այլոց հողերի վրա աչք ունենալու Հայաստանին հասցեագրված մեղադրանքին, այն հողերը, եթե խոսքը այսպես կոչված Արեւելյան Անատոիայի մասին է, Արեւմտահայաստանի հողերն են, հաստատված ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումով եւ Սեվրի պայմանագրով: Դրանով հանդերձ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ոչ մի անգամ հավակնություններով հանդես չի եկել: Չավուշօղլուն չէր կարող չիմանալ այդ մասին: Կնշանակի նա հանիրավի մեղադրանքներով փորձում է արդարացնել ինչպես Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ակնհայտ թշնամական քաղաքականությունը, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած բոլոր չարագործությունները, ոչ պակաս չարանենգ հաշվարկներով:

Առհասարակ միջպետական հարաբերություններում գործում է փոխադարձության սկզբունք: Գուցե Հայաստանը չի կարող փոխադարձել Թուրքիայի չարագործությունները, սակայն միանգամայն կարող է պաշտոնական հայտարարություններով դատապարտել թուրք ղեկավարների չարանենգությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ