RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2587, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի : Երրորդ նախագահը Սուքիասյանից պահանջում է հերքել իր պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանն արտասահմանյան խաղատներում 100 միլիոն դոլարարից ավելի տանուլ է տվել:

Սուքիասյանն իր հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցում կրկնեց նաեւ հաջորդ օրըՙ նշելով, որ իր խոսքերը հիմնավոր են, ինքը դեռ ավելի քիչ գումար է նշել, որպեսզի իր ասածն ավելի ապացուցելի լինի:

«ՀՀ-ն ոչ մեկի սեփականությունը չի, մի հատ էլ իրեն կհարցնեք` «Որոտանն» ով է ձեռք բերել: Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն»,-նախորդ օրվա ասածը վերահաստատել է Խաչատուր Սուքիասյանը:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում էՙ իմքայլական պատգամավորն իր հայտարարությունը հաստատող որեւէ փաստ չի կարող ներկայացնել:

«Մենք համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է, որովհետեւ չեն կարող լինել այնպիսի փաստեր, որոնք կապացուցեն Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած արտահայտությունը, չեն կարող, որովհետեւ այդպիսի իրողություն գոյություն ունենալ մեր օբյեկտիվ իրականության մեջ չի կարող», - նշել է Մակինյանը:

Սեպտեմբերի 6-ին, դատարանի դիմաց նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ է հերքել արտասահմանյան խաղատներում միլիոնավոր դոլարներ տանուլ տալու վերաբերյալ տեղեկություններըՙ դրանք որակելով կեղծ:

«Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ էր տվելՙ փաստեր ներկայացնելու համար, սպառնացել էր, որ հակառակ դեպքում ինքն է փաստեր հրապարակելու Փաշինյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ ասել էր. «Թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց, մորթելու եմ»:

«Երբ պարոն նախագահը 24 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին այս նույն արտահայտության հետ կապված, որ փաստեր ներկայացնի, գիտեքՙ դրանից հետո ինչ եղավ. խոսքը հայտնի ձայնագրության մասին է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի փաստաբանը:

Նշենք, որ հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրապարակեց 3 րոպե տեւողությամբ ձայնագրությունՙ 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ ունեցած զրույցից:

Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանից պահանջում է նաեւ 1 միլիոն դրամ վճարել իրեն: Այդ գումարն, ինչպես հայտարարել է փաստաբան Ամրամ Մակինյանը, երրորդ նախագահն ուղղելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Ինչպես տեղեկացրել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը , պատգամավորի փաստաբանները հայցադիմումին դեռ չեն ծանոթացել, այն ուսումնասիրելուց հետո «անհրաժեշտության դեպքում» կարձագանքեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ