RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2759, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՔԸ ՏԻՐՈՋՆ Է ՑԱՎ ՏԱԼԻՍ

Մեր շենքի հարեւությամբ գտնվող ռեստորաններից լսվող բարձր երաժշտության ձայնը չէր խլանում անգամ սեպտեմբերի 27, 28, 29-ին: Երբ հոկտեմբերի առաջին օրերին Ստեփանակերտից հետ եկա, երաժշտության ձայնն այլեւս չէր լսվում: Սուլոցներն ու «ուռաների» ձայները կրկին լսելի եղան միայն մայիսին: Հպարտանում էի, ինքս ինձ մտածում, թե դիմացինի վիշտը հարգելով է երեւի, որ մարդիկ ուրախ առիթներ չեն կազմակերպում բավական մեծ պահանաջարկ ունեցող այդ ռեստորանում: Ցանկալի միֆը սակայն ընկերս կոտրեց. «Այ միամիտ, երաժշտության ձայնը չես լսել, որովհետեւ ռեստորանի ամառայինՙ բացօթյա, հատվածը հոկտեմբերին փակվում, մայիսին նոր բացվում է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ սեպտեմբերի 21-ին «գունագեղ տոնախմբություն» անելու հայտարարությունը շատերին է բորբոքել: Պատերազմում ընկած զինածառայողների հիշատակի համար կազմակերպվելիք երբնավառ միջոցառումը հատկապես որդեկորույս մայրերին է հունից հանել: Սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերն էլ Փաշինյանի մտահաղացումը մերժող «ֆլեշ-մոբ» են նախաձեռնել:

Վարչապետի կամ կառավարության գաղափարը, անխոս, ինձ համար էլ մերժելի է: Ողբերգական պատերազմն ինձնից երեք մտերիմ ընկեր ու 18-ամյա, դեռ կյանք չմտած, եւ, գուցե աղջկա ձեռք էլ չբռնած ազգականի տարավ: Ընկերներիցս երկուսը ապագա բժիշկներ էին, մյուսըՙ սարկավագ: Գոնե ես, որ պատերազմից հետո մինչեւ օրս մերժում եմ թեկուզ ամենամտերիմ մարդու հարսանիքի, քեֆ-ուրախության մասնակցելու հրավերը, բարոյական իրավունք ունեմ դատափետել շուրջ 5 հազար անմեղ զոհերի հիշատակը գույնզգույն շոուներով հարգող իշխանությանը: Պատերազմի օրերին ակումբենրից տուն չգնացող, ռեստորաններում ծնունդներ նշող, կորոնավիրուսով հիվանդ լինելու մասին կեղծ տեղեկանք ստացողը կամ այն տրամադրողը սակայն բարոյականության ո՞ր նորմի համաձայն են մեծախոսում ու գրառումներ կատարում զոհհվածների հիշատակը պղծելու մասին: Լուսահոգի տատիկիս խոսքն էրՙ յարեն տիրոջն է ցավ տալիս: Պատերազմից հետո միայն ընկալեցի ժողովրդի ծոցից դուրս եկած ասացվածքի փիլիսոփյությունը: Ինչքան էլ քննադատենք Փաշինյանին, անգամ կարողանանք հասնել նրան, որ երփներանգ տոնախմբությամբ տղաների հիշատակը չհարգեն, միեւնույնն է, հաջորդ իսկ վայրկյանին հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակելու է ապրել այնպես, ինչպես մինչեւ Փաշինյանի հայտարարությունն էր ապրում:

Մահաբեր ու սահմռկեցուցիչ պատերազմից հետո, ցավոք, հասարակությունը չապրեց ու շարունակում է չապրել բոլորս մեկն ենք սկզբունքով: Ողբն ու սուգը, այո, հավերժ լինել չի կարող, բայց ինքս այն համոզմանն եմ, որ համընդհանուր արհավիրքից հետո որոշակի դադար էր պետք առնել, հասկանալՙ ինչ կորցրեցինք ու զուսպ, անբռնազբոս առօրյայով ապրեինք: Ուրախությունն ու ծիծաղը, երգն ու պարը մեր վշտին համահունչ պետք է լինեին:

Հայաստանի հանրապետության 30-ամյակն, անխոս, պետք է արժեւորել, ու դա կարող է լինել համեստ միջոցառումների, դասական համերգների կամ ռազմական շքերթների միջոցով: Բայց անտեսելով 5 հազարի հասնող ընտանիքների վիշտըՙ ուրախ սրտով ուռա գոռալը, կներեք, բայց հիշողություն չունենալու ու անասունից չջոկվելու մասին է խոսում: ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ