RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2712, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԵՎ ԳՈՒՆԱԳԵՂ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՙ 5000 ՏՂԱՆԵՐԻ, ԱՐՑԱԽԻ 75 ՏՈԿՈՍՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՎԵՐԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՐԿՐՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Օգոստոսի 24-ին կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու եւ սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված ծրագրում»,- սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նույն հարցի վերաբերյալ կառավարության ղեկավարը շարունակել է. «Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, եւ այս համատեքստում կարեւորում եմ Հյուսիս-Հարավ նախագիծը, որը Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին:

Մեզ համար շատ կարեւոր է նաեւ երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի եւ Իրանի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը: Մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համարՙ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ Նախիջեւանի հետ:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-ասել է Փաշինյանը:

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հերթական հայտարարությամբ ինքն իրեն գերազանցել էՙ հարուցելով 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հարազատների զայրույթն ու ցասումը:

Վարչապետը հայտարարել է. «Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձեւով նշվի, եւ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն:

Այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:

Նշենք, որ կառավարությունը որոշել է 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը, որպեսզի 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրեր լինեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ