RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2625, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ՏՆԵՐՆ ՈՒ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Հ.Ծ., (Arminien Mirror-Spectator)

«Միլիոնավոր սիրիացիներ, որոնք փախչելով իրենց երկրի պատերազմական իրադրությունից, ապաստան էին գտել Թուրքիայում, այժմ ստիպված են դիմագրավել թշնամանքի հետզհետե աճող տրամադրությունները, որոնց գումարվում են երկրի տնտեսության վատթարացումն ու թագավարակի համաճարակը», գրում է Ամբերին Զամանը «Ալ-Մոնիտորում»: Մոտավորապես 3,7 միլիոն սիրիացի փախստականների դեմ թշնամանքն իր գագաթնակետին հասավ, շարունակում է նա, օգոստոսի 11-ին, երբ գազազած ամբոխն արհամարհական բացականչություններով ներխուժեց մայրաքաղաքի Ալթընդաղ կոչված բանվորական շրջանը եւ սկսեց ավտոմեքենաներ կողաշրջել, եւ ապակիներ ջարդելով թալանել սիրիացիներին պատկանող խանութները: Առնվազն 76 մարդ ձերբակալվեց վանդալիզմի այդ դրսեւորման կապակցությամբ, որն առաջացել էր, ըստ ոմանց, 18-ամյա թուրք մի երիտասարդիՙ Էմիրհան Յալչինի դանակահարության պատճառով: Երիտասարդը սպանվել էր սիրիացիների միջեւ ծագած վեճի ընթացքում:

Փախստականները կազմում են մոտ 83 միլիոն բնակչության հինգ տոկոսը: Գործազրկությունն ու փողի արժեզրկումը խթանում են փախստականների հոսքի հանդեպ թուրքերի ատելությունը: Նրանց կարծիքով փախստականները, որոնց երկրում առկա թվին ավելացել են վերջերս Իրանի ճամբով Թուրքիա տեղափոխված աֆղանները, «գրավել են» Թուրքիան, 500-ից 1,500 աֆղանցիներ օրական մուտք են գործում Թուրքիա: Իրականում Թուրքիան ինքն է տարածքներ գրավել Սիրիայում եւ չնայած կառավարական հաշվարկներով 50 միլիարդ դոլար է ծախսվել փախստականների վրա, պետք է նշել, որ եվրոպական երկրներից միլիարդավոր դոլարների հոսքը Թուրքիա չի դադարում:

Թալիբների ճիրաններից փախչողների մուտքը Թուրքիա արգելելու նպատակով Անկարան 295 կիլոմետր երկարությամբ պատ է կառուցում Իրանի հետ սահմանին:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիջդարօղլուն խոստացել է իշխանության ղեկն ստանձնելու դեպքում փախստականներին, հատկապես սիրիացնիերին, երկու տարվա ընթացքում ետ իրենց երկրները ուղարկել: Պատասխանելով նրանՙ նախագահական խոսնակ Օմեր Չելիկն ասել է, որ մրցակցությունը, ճիշտ է, անհրաժեշտ է քաղաքականության մեջ, բայց անջատողական եւ բեւեռականացման կամ ատելության հռետորաբանությունները երբեք էլ որպես մրցակցության գործելաոճի բաղադրիչ մաս չեն մեկնաբանվել: Իսկ Անկարայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների մեջ են այն անձինք, որոնք հրահրել են վայրագությունները սիրիացիների դեմ:

Ժողովրդից ոմանք ամոթանք են տվել հրահրողներին, բայց նշել են, որ իրենք ոչ թե դեմ են ընդհանրապես փախստականներին, այլ «անվերահսկելի միգրացիային», որ վախ է սփռում ինչպես ժողովրդի, այնպես էլ սիրիացիների շրջանում, գրում է Ամբերին Զամանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ