RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-03 20:32:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 936, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՀԱՑԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ

2021 թվականի սեպտեմբերի 3-ին Երեւանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հորեղբայրը)։

Նա ծնվել է 1939 թ սեպտեմբերի 7-ին, Երեւանում, ՀՀ գրողների միության անդամ է 1970 թվականից։ Սովորել է Երեւանի Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1962-1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963-1965 թվականներինՙ «Հայաստան» հրատարակչությունում, 1966-1975 թվականներինՙ «Գարուն» ամսագրում, 1975-1988 թվականներինՙ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-1989 թվականներինՙ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, որպես Գրական բաժնի վարիչ, 1991-1995 թվականներինՙ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ 1960-1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի եւ միութենական տարբեր հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։ Իր գրական գործունեության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Հեղինակ է բազում թարգմանությունների ֆրանսերենից եւ ռուսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեւերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի եւ այլոց գործերը։ Հրատարակել է 500-ից ավելի գրականագիտական հոդված մամուլումՙ նվիրված արդի գրականության հարցերին։ Ալեքսանդր Թոփչյանի խմբագրական եւ հրատարակչական գործունեության շնորհիվ լույս են տեսել Ռուբեն Սեւակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի եւ այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաեւ հայ գրողների ժողովածուներ եւ անթոլոգիաներ այլ լեզուներով։

Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է նաեւ մի շարք գեղարվեստական երկերի, որոնք լույս են տեսել հայերեն եւ օտար լեզուներով։ Դրանց թվում են «Կիրկե կղզին» (Երեւան, 1996), «Եվ անգամ մահից հետո» (Ռուբեն Սեւակի մասին, Երեւան, 2005) եւ «Բանկ Օտոման» (Երեւան, 2008, ռուսերենՙ Մոսկվա, 2012 թ., եւ ֆրանսերենՙ Փարիզ, 2012 թ) վեպերը։

Ալեքսանդր Թոփչյանը բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել «Ազգ» օրաթերթում եւ ապաՙ շաբաթաթերթում։

«Ազգ»ի խմբագրությունը խորապես վշտակցում է տիկնոջը, դստերը, եղբորը եւ մյուս բոլոր հարազատներին ու ընկերներին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ