RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1818, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՆՐԵԱԼԱԲՆԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Հովիկ Պողոսյան, Մոնրեալ

Ֆիզգորոդոկի նախագիծը պիտի արտահայտի բնակիչների տեսլականը

Երեւանի քաղաքապետարանին հասցեագրված սույն բաց նամակի հեղինակը մոնրեալաբնակ ճարտարապետ Հովիկ Պողոսյանն է, որն իր գիրը տրամադրել է «Ազգ»ինՙ հուսալով, թե այն առավել արագ տեղ կհասնի: Ճարտարապետի մտահոգությունը օրեր առաջՙ օգոստոսի 21-ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6-1 հասցեում բազմաբնակարանի կառուցման խնդիրներն են:

«Մեծ հիասթափությամբ եւ վրդովումով կհետեւեի Ֆիզիկայի գոռոդոկում բարձրահարկ շենքի կառուցման շուրջ ծագած իրադարձություններին: Հետ հեղափոխական Հայաստանում, որտեղ ժողովրդավարությունը ընդունված է որպես պետական քաղաքականության ճանապարհ, նման իրավիճակի ստեղծումը անընդունելի կգտնեմ: Նույն հարցով մեկ տարի առաջ, օգոստոսի 2-ին թվագրված իմ նամակով, ուղղված այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ պրն Արթուր Մեսչյանին, վրդովմունքս եմ հայտնել քաղաքապետարանի նման գործելակերպի հանդեպ:

Ալիխանյան եղբայրների 6-1 հասցեում նման բազմաբնակարանի կառուցմամբ ոտնահարվում են թե՛ ժողովրդավարական, թե՛ քաղաքաշինական, թե՛ ճարտարապետական մի շարք սկզբունքներ, որոնք կարելի է ամփոփել հետեւյալ կետերումՙ

ա) Ժողովրդավարական զարգացած հասարակություններում կառուցապատման ծրագիրները չեն կարող իրականացվել առանց նկատի առնելու տեղի բնակչության կարծիքը, կամՙ նրանց կամքից անկախ: Բռնանալ բնակիչների կամքինՙ անընդունելի է: Սա մի սկզբունք է, որ կիրառվում է օրինակՙ Կանադայում:

բ) Քաղաքաշինական տեսակետիցՙ սա շարունակությունն է այն վատ սովորույթի, որը սկիզբ է արել հետխորհրդային Հայաստանում, որտեղ քաղաքի գլխավոր հատակագիծն անտեսվում է: Հետեւաբար կառուցապատումն իրականացվում է կարկատանի նման, կամայական, որը հղի է անցանկալի հետեւանքներովՙ քաղաքները գերհագենում են, այլանդակվում, ծագում են բազմաթիվ խնդիրներ, ինչպես տրանսպորտի, կայանատեղերի, օդի ապականման, աղմուկի բարձր մակարդակի եւ սպասարկման հարցերը:

գ) Ճարտարապետական տեսակետից նման նախագծերը շարունակում են Հայաստանի ճարտարապետական ավանդույթների կոպիտ ոտնահարումը: Այդ ավանդույթները, գեղեցիկ եւ բարձր մշակույթ ունեցող հասարակություններին հատուկ, կազմավորվել են խորհրդային տարիներինՙ հիմք ունենալով եվրոպական ճարտարապետության եւ քաղաքաշինության ամենավերջին նվաճումները: Գեղեցիկ Երեւանն արտահայտում է այդ ավանդույթների եւ սկզբունքների պահպանումը: Իսկ մերօրյա նախագծերն ամբողջությամբ անտեսում են դրանք Այսպիսովՙ ոչ մի կերպ նկատի չեն առնվում տեղի քաղաքաշինական կամ բնական միջավայրը, «վայրի հոգին», քաղաքի դիմագիծը, ազգային ճարտարապետական ձեւերը, տեղական շինանյութը: Մեկ խոսքովՙ ոչ մի ճարտարապետական խնդիր լուծված չէ այստեղ, ո՛չ դասականի, ո՛չ էլ մոդեռնիզմի տեսակետից:

Կարելի է անվերապահորեն հաստատել, թե այսպիսի մոտեցումները համահունչ չեն նաեւ կայուն զարգացման ժամանակակից պահանջներին:

Վերջին 30 տարիներին ճարտարապետական նախագծերի մեծամասնությունը հաստատում է նույն արատավոր մոտեցումները, գումարածՙ ճարտարապետական ցածր որակ, առնվազնՙ գեղագիտական տեսակետից: Այսպիսի մոտեցման հետեւանքով մեծապես տուժել են մեր հայրենիքի քաղաքների ճարտարապետական որակն ու դեմքը, այլանդակվել նրանց երբեմնի ճարտարապետական եւ քաղաքաշինական միասնականությունն ու ներդաշնակությունը: Հետաքրքրականն այն է, թե նման նախագծերի հեղինակները ճկունություն ցույց չեն տալիս, պնդում են իրենց լուծումներըՙ նկատի չառնելով ո՛չ հասարակության, ո՛չ մասնագիտական կարծիքները: Գոռոդոկի նախագծի հեղինակները նմանապեսՙ անցած տարվա բողոքներին գիտակ, նախագծում որեւէ բարելավում չեն բերել:

Կարեւոր է այստեղ ուշադրություն դարձնել ուրիշ մի հանգամանքի վրա եւս: Համարյա համատարածՙ սուրբ սկզբունք է դարձել նման նախագծերն արդարացնել ներդրումներ եւ աշխատատեղեր ստեղծելու հանգամանքով: Միայն ստեղծագործական ունակությունից զուրկ մարդիկ կարող են նման արդարացումներ գտնել: Լավ ճարտարապետը պետք է կարողանա համապատասխան լուծումներ գտնել, որոնք բավարարեն թե՛ ներդնողին, թե՛ հասարակության պահանջները: Եթե ներդնողը չի ուզում ականջալուր լինել հասարակության պահանջներին, նրան լսել են տալիս օրենքների միջոցով:

Վերոհիշյալ բոլոր սկզբունքների տեսանկյունիցՙ բնակիչներիՙ նման նախագծի մերժումն ամբողջությամբ արդարացված է: Նրանք իրավունք ունեն պաշտպանելու իրենց միջավայրի հարմարավետությունը, ինչպես նաեւ ճարտարապետական ոգին: Պետք է դադարեցնել ճնշումները բնակիչների նկատմամբ, չպարտադրել նրանց անորակ ճարտարապետություն:

Առաջարկում եմ հայտարարել ճարտարապետական մրցույթ, որտեղ առնվազն մեկ ճարտարապետ կնախագծի բնակիչների տեսլականով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ