RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2559, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏԸ ՊԱՀԵԼ ՈՒ ՄԻԱԿԱՄ ԼԻՆԵԼ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Պատմությունն իսկապես որ կրկնվելու բնույթ ունի: Շուրջ մեկ դար առաջ Սիմոն Վրացյանը Հայաստանի Առաջին հանրապետության մասին հուշագրում էր. «Բնակչությունը բաժանված էր երկու անհավասար մասի. բոլշեւիկներ (կամ բոլշեւիկ ձեւացողներ), որոնց տրված էին բոլոր իրավունքները, եւ ոչ բոլշեւիկներ (այսինքն` ահագին մեծամասնությունը), որոնց վրա դրված էին բոլոր պարտավորությունները: Եվ առաջին հերթին` բոլշեւիկներին կերակրելու, նրանց բոլոր կարիքները հոգալու պարտականությունը»: Այնքան էլ շատ բան չի փոխվել, բացի անվանումներից, եւ եթե հիշենք, թե ինչ վախճան ունեցավ Հայաստանի Առաջին հանրապետությունը, միայն այդ մտքից արյունը երակներումս սառչում է: Հավանաբար պատճառը պատմաբանիս իրականության ընկալումն է եւ այն, որ ինձ համար իսկապես պետականությունը բարձրագույն արժեք է, գաղափար, հանուն որի կերտման այնքա՜ն պայծառ դեմքեր են նահատակվել: Սակայն պետք չէ մոռանալ, որ ինչպես մի իմաստուն է ասել, կան բաներ, որոնք երբեք չեն վերադառնումՙ ժամանակը, ասված խոսքը, կան բաներ, որոնք երբեք չպետք է կորցնելՙ հանգստությունը, հույսը, պատիվը, կան առավել թանկ արժեքներՙ սերը, հարգանքը, ընկերությունը, եւ բաներ, որոնք կործանում են մարդունՙ գինին, գոռոզությունը, չարությունը, եւ միշտ հիշել, որ հաջողությունը, հարստությունը եւ իշխանությունը մնայուն չեն երբեք:

Միանգամայն բնական է, որ այս խառն ու դժվարին օրերում, այս համատարած անհասկանալիության շփոթում ավելի հաճախ ես մտածմունքների մեջ ընկնում, փորձում, ձգտում ես իրավիճակը փոխելու դեղատոմսեր գտնել: Այդ ծիրում քեզ հյուր են գալիս ինչպես մեր ապրած հակասական ժամանակները, այնպես էլ անցյալի արժեքները: Ակամա մտաբերում ես, որ մեր մտավորականներն ու մշակույթի նվիրյալներն անցյալի թեկուզ ամենադժվարին ժամանակներում երբեք չմոռացան մեր պատմության հերոսական էջերը եւ շարունակեցին հանրությանը մատուցել հենց այդ մոտիվներով բազում ստեղծագործություններՙ իրենց հայրենի եզերքի, հայրենաբաղձության, հայրենասիրության, հայրենիքը շեն ու հզոր դարձնելու մասին: Այնինչ, այսօր շարունակվում է արվել ամեն ինչ ազգը պառակտելու, սեւ ու սպիտակի միջեւ արհեստականորեն ստեղծված վիհը խորացնելու եւ անհաղթահարելի անդունդի վերածելու համար: Ավելին, հետեւողականորեն շարունակվում են ընդդիմադիր գործիչներին «ժանգոտած մեխերի հետ համեմատելու եւ մուրճով նրանց հանելու» սպառնալիքները եւ այս համատեքստում հասարակությունը բաժանվել է մի քանի հիմնական խմբերի.

1. Խելացի, գրագետ, կատարված ու շարունակվող իրադարձությունները խորությամբ ընկալողներ, որոնք հասարակության իներտությունից զայրացած ու զարմացածՙ փնտրտուքի մեջ են: Նրանք ելք են որոնում իրավիճակը հօգուտ ազգի ու պետականության պահպանման լուծելու ուղղությամբ, սակայն ամեն անգամ բախվելով խուլ ու պինդ պատնեշների, անզորությունից մոլորվել են, կարկամել, սակայն հանուն լուսավոր ապագայի պայքարելու հույսը չեն կորցրել:

2. Դարձյալ խելացի, կարդացած ու գրագետ, տարատեսակ դիպլոմներով ու օտար լեզուների տիրապետողներ, որոնք սակայն այնքան էլ պայքարելու ցանկություն չունեն եւ ամենայն հավանականությամբ թողնելու են ու գնան երկրից, այսինքնՙ հերթական անգամ մեծ թվով արտագաղթ է լինելու, սպիտակ գենոցիդ: Մի բան, որը դարեր շարունակ մեր տարածաշրջան ներթափանցած բոլոր նվաճողների գերխնդիրն է ու գլխավոր նպատակն է եղել եւ, բնականաբար, նրանք ամեն ինչ արել ու անում են այդ գործընթացին բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու համար:

3. Ոչ այնքան գրագետ, ոչ այնքան կարդացած, գուցե նաեւ դիպլոմավորներ, որոնք ապրում են օրվա խնդիրներով ու հանապազօրյա պահանջները բավարարելով, որոնց համար հայրենիք, պետականություն եւ նման հասկացություններն ընդամենը դասագրքային բառաձեւեր են եւ դրանց համար պայքարելն էլՙ գրագետների պարտականությունը: Այստեղ տարիքային ու սեռային հատկանիշները էական էլ չեն, քանի որ նրանք ավելի շատ սոցցանցերում են, այնտեղի ցնցող նորություններով են «ապրում» ու հաճախ կորցնելով իրականության իրական զգացումը, դրանց ավելի են հավատում, քանՙ կատարվող ու տեսանելի ամնեօրյա ցավալի իրադարձություններին:

4. Հասարակ, աշխատավոր, պատվարժան ու հիմնականումՙ գյուղաբնակ օրինապաշտներ, որոնց համար թանկ են պատիվը, ընտանիքն ու հայրենիքը, որոնք պատրաստ են ամեն ինչ զոհել հանուն իրենց զավակների, կրել ամեն մի դժվարություն ու զրկանք, նույնիսկ կյանքը մատաղել հանուն հավատի ու հայրենի հողի (իրապես էլ ճնշող մեծամասնությամբ նրանց որդիները նահատակվեցին մարտի դաշտում), սակայն արդեն սրանք էլ են սկսել տեղի տալ, բռնել գաղթի ցուպը, արտագաղթել հիմնականում Ռուսաստան, քանի որ հասկացել են պարզ մի ճշմարտություն. կռվեցին ու նահատակվեցին իրենց որդիները, իսկ կյանքի բարիքներից օգտվում են հիմնականում բանակում չծառայածներն ու հարուստ-պաշտոնյաների զավակները:

Ոչ գրագետ, ոչ կարդացած, ոչ խելացի, սակայն ամեն ինչից հասկացող, ամեն ինչից խոսող, բոլոր հարցերի պատասխաններն իմացող, նույնիսկ բայդենների ու պուտինների առօրյայի բոլոր մանրամասներից ու սիրուհիներից տեղյակներ, որոնց համար աշխարհը դմակ է ու անհրաժեշտ է միայն դանակ ունենալ դրանից կտրելու եւ օգտվելու համար: Այս անդեմ, անգույն ու անհամների բանակը մակաբույծի նման միշտ ապրել ու ապրում է հասարակության հաշվին, չի աշխատում, բարիք չի ստեղծում, սակայն ամենաշատն է ճամարտակում դրանից, ամենամեծ պահանջները ներկայացնում ու միշտ դժգոհ է, չի հավանում հասարակությանը: Սրանք էլ են երբեմն արտագաղթում, սակայն կա՛մ հայտնվում են մեկնած երկրի բանտերում, կա՛մ բոլորին վատաբանելով ու հայհոյելով վերադառնում են ու շարունակում պահանջներ ներկայացնել հասարակությանը:

Իհարկե, մեր հասարակությունն ունի նաեւ այլ շերտեր ու ենթաշերտեր, որոնց նախկինում դասակարգեր կամ խավեր էին անվանում: Սակայն մեր օրերում եւ մեր հասարակության համար այդտեսակ անվանումներն այնքան էլ քննություն չեն բռնում, քանի որ դրանք իրենց դասական սահմանումներում չեն տեղավորվում. մեծահարուստը մեկ օրում կարող է ունեզրկվել, իսկ որ ավելի հաճախ է լինումՙ կիսամերկը օրերի ընթացքում կարող է վերածվել օլիգարխի, քանի որ մեզանում ինչպես օրենքները, այնպես էլ օրինաչափությունները կա՛մ չեն գործում, կա՛մ վերջին հաշվով իշխանատեր մեկի կամարտահայտության արդյունք են:

Հաճախ են ինձ հարցնում. իսկ հույս կա՞, որ ամեն ինչ լավ է լինելու: Իհարկե կա, եւ այն պետք է քննարկել առանց էմոցիաների: Հայաստանն ունեցել է եւ առաջիկայում փաստաթղթերով ամրագրվելու են առկա եւ նոր կորուստները: Ցավոք, հունիսի 20-ից հետո դա կասեցնելու ռեսուրսը դեռ չի երեւում: Կարծում եմ, որ հետո գալու է համազգային ֆրուստրացիայի (իրական կյանքում կամ երեւակայության մեջ նպատակադրումների չիրականացման կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ, frusiration) փուլը եւ երկրին պետք է լինելու նոր քաղաքական հոսանք (հոսանքներ), դա էլ լինելու է հասարակության իներտությունից զայրացած ու զարմացած, փնտրտուքի մեջ գտնվող ու խեղդվող զանգվածի համար օդանցքը: Հենց այդ նոր հոսանքներն էլ ծանր իրողություններից ելնելով պետք է փորձեն կազմել վերելքի ճանապարհային քարտեզը: Հուսահատ եւ մաշկի վրա ամեն ինչ տեսած ժողովուրդն այլեւս չի դիմադրելու: Լուռ համաձայնելու է, որ լինի փոփոխություն, որ լինի հրաշք, որ իրենց փրկեն: Հրաշք չի՛ լինելու, բայց որակական փոփոխությունների հնարավորություն կլինի:

Ինչպես «NEWS.am»-ի թղթակցի հետ մի հարցազրույցում ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովն է ասելՙ Փաշինյանը հնարավորություն ուներ ավելի քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից, սակայն նա դա չարեց: Փորձագետը նշել է, որ այժմ Փաշինյանը կառչել է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն ասում է, որ անհրաժեշտ է որոշել Ղարաբաղի կարգավիճակը: Ինչպե՞ս է նա որոշելու կարգավիճակը: Նրան պահել են, որպեսզի ստորագրի նոյեմբերի 9-ի պարտության եւ այլ համանմնան ակտեր: Ալիեւն էլ հետաքրքրված է դրանով: Մոսկվան զգուշությամբ հետեւում է, սակայն մենք «չենք կարող հակադրվել հայ ժողովրդի կամքին»: Այժմ թող լուծվի ղարաբաղյան խնդիրը: Հետաքրքրական է, նշում է ռուս քաղաքագետը, ինչպես է դա արվելու, երբ հայերը չեն ցանկանում պահպանել Ղարաբաղը: Երբ երեւանահայերը որոշեցին դեն նետել ղարաբաղյան խնդիրը, գործ չունենալ Ղարաբաղի հետ, հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին: Հայաստանում իշխող վարչակարգն էլ կարծում է, որ առանց Ղարաբաղի Հայաստանումՙ դրա աշխարհագրական սահմաններում կկարողանա դրախտ, ժողովրդավարություն, կապիտալիզմ ստեղծել: Իրականում նա ոչ մի բան չի ստեղծելու, այլ միայն ոչնչացնելու է պետության մնացորդները: Հայաստանն առանց Ղարաբաղի երբեք գոյություն չի ունենա որպես պետություն, քանի որ «առանց Ղարաբաղի Հայաստանըՙ որպես պետության, ոչ ոքի պետք չէ: Ոչ ոքի»:

Առանձնապես պետք էլ չի զարմանալ, որ «դրսից» բոլորը շնորհավորեցին վարչախմբին ու դրական գնահատականներ տվեցին ընտրությունների ու պաշտոնների համար: Քանի որ դրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր, Հայաստանում իրավիճակը կայունացնելու եւ գոլորշին բաց թողնելու համար: Այսինքնՙ մեխանիզմը հետեւյալ պատկերն ուներ. դրսից որոշել էին ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են: Այնպես որ, ամեն ինչ շատ պարզ էր եւ կանխատեսելի: Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող առաջնորդի, քան ազգային, իսկական հայրենասեր ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում: Ներկա վարչակարգը ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից: Սակայն հարկավոր է խիզախություն ունենալ, ընդունել ու խոստովանել նաեւ, որ այս ամենում կային բոլորիս մեղքն եւ սխալները: Այնպես որ, Հայաստանն այլեւս գեոպոլիտիկ մանրադրամ է եւ վերջ: Նաեւ ընդունել այն, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեիՙ ressentiment իմաստով)ՙ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Ընդ որում, կարեւոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարեւորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա: Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է: Հարկավոր է հիշել, որ հայրենասիրության եւ մարդասիրության վրա հիմնված լուսավորությունը եւ ինտելեկտը ցանկացած ժամանակաշրջանի Մեծ հաղթանակների հավերժական սուբստանցիան է: Ուղղակի հարկավոր է մշտապես ինքնակրթվել, այնուհետեւՙ համբերատար լուսավորել կողքի խավարամիտ էդվարդականներին, եւ հաղթանակները չեն ուշանա: Չեն ուշանա նաեւ, որովհետեւ կեղծիքներով ընտրություններ կարելի է անել, բայց կեղծ ընտրությունների արդյունքներով երկար մնալՙ ոչ:

Միանգամայն իրավացի է քաղաքագիտության դոկտոր Վիտալի Ավերյանովը , երբ գրում է. «Հայերը միշտ սիրում են կրկնել, որ այս կամ այն հարցում նրանք աշխարհում առաջինն են եղել: Հիմա եւս, նրանք աշխարհում առաջինն են, որ պարտված ղեկավարին` լեգիտիմացրին եւ հնարավորություն տվեցիմ ձեւավորելու կառավարություն: Հայերը դուրս են եկել պատմական օրենքների դեմ եւ դա Հայաստանի վրա, ցավոք, նոր, գուցեեւ` ավելի թանկ գին է արժենալու»: Մեզ վրա շատ թանկ է նստելու նաեւ այն, որ մեզանում աստիճանաբար մեծանում է այն մարդկանց թվաքանակը, որոնք կոչ են անում անհապաղ բանակցել թուրքերի հետ, ովքեր համատեղ գրքեր ու հակահայ չափորոշիչներ են գրել թուրքերի հետ, ովքեր փորձել են թուրքի թշնամական կերպարը տրանսֆորմացիայի ենթարկել, ովքեր դեռ հույս ունեն, որ թուրքը կարող է հայի հետ խաղաղ գոյակցել եւ վերջապեսՙ ովքեր պատմություն չգիտեն կամ դասեր չեն քաղում դրանից:

Վերջին շրջանում ինքս էլ եմ նկատում, որ գրիչիս գույները շատ են մգացել, որ նախկին անուղղելի լավատեսությունս տեղի է տալիս, որ անուշ-մեղուշ ժպիտս այլայլվել է: Գիտեմ, դա հազարավոր անմեղ նահատակների, խեղվածների, տարածքային կորստի ու պարտության ցավից է: Գիտեմ սակայն նաեւ, որ Հայոց պատմությունն ավելի դժվարին խորխորատներով է անցել, որ հայրենիքս սեղմվել է, կծկվել, բայց նորից փյունիկի նման հառնել է, հաղթականորեն պարզել թեւերն ու կրկին հզորացած ներկայացել աշխարհին: Սա էլ կանցնի, սրանից էլ հաղթանակած դուրս կգանք, միայն թե հավատը պահենք ու միակամ լինենք:

10-31.08.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ