RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2528, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՈՒ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ Արցախի Հանրապետության 30-ամյակը գլխիկոր ու ցավը սրտներումս կտոնենք: «Տոնել» բառը, չնայած, չափազանց ճոխ ու խրոխտ է հնչումՙ 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու տնից-տեղից զրկված արցախահայության ֆոնին:

1991-ի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն էր հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախահայության ազատ կամարտահայտումը սակայն խաթարվեց մի քանի օր անցՙ սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: 4-ամյա պատերազմի հաղթական դափնին հայկական կողմինն էրՙ պետական հստակ սահմաններ ու պաշտպանական բանակ ունեցող Արցախի Հանրապետության ձեւավորմամբ:

Բոլորովին այլՙ սեւսիրտ ու գլխիկոր Արցախ եւ մտորումներ ունենք 44-օրյա պատերազմից հետո: Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պաշտոնական արարողություններից հետո, որին պարտադիր մասնակցում էին ՀՀ եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունը, արցախահայությունն օրն ամփոփում էր ուրախ տոնակատարություններով: Այսօր, սակայն, ո՛չ տոնակատարության սիրտ կա, ո՛չ էլ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն է Արցախ մեկնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «զարմանալի» զուգադիպությամբ, հենց այս օրերին կարճատեւ արձակուրդի մեջ է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որեւէ անգամ Արցախ չի այցելել:

Արցախյան երրորդ պատերազմից հետո հանուն հայրենիքի ընկած հազարավոր քաջորդիների հիշատակը հարգելու պահանջովՙ պարտավոր ենք վերլուծել պատերազմը, դասեր քաղել դրանից ու արդար գնահատականներ տալ մի շարք չափազանց կարեւոր հիմնախնդիրների, որոնց լուծման գործում ազգային քաղաքական միտքը սխալվելու ո՛չ իրավունք, ո՛չ էլ հնարավորություն ունի: Պարտություններից, անխոս, որեւէ մեկը ապահովագրված չէ, սարսափելին ու պետության համար վտանգ ներկայացնողը դրանից դասեր չքաղելն է: Արցախը եղել է ու պետք է շարունակի մնալ համայն հայության ազգային գաղափարն ու երազանքը, իսկ այդ երազանքը նյութականացնելու համար պետք է դադարել միմյանց մեղադրելու քայքայիչ մոլուցքից ու մեծագույն նվիրումովՙ փոքրից մինչեւ մեծ, լծվել Արցախը հզորացնելու կենսական նշանակության գործին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ