RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2670, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Աֆղանստանի կառավարության անկումն ու երկրի գրավումը թալիբների կողմից, որ բազմաթիվ երկրներ ահաբեկչական կազմակերպություն են համարում, շարունակում է մնալ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ահաբեկչական գործողություններն ու մարդկանց հուսահատ էվակուացիան էլ ավելի են սրել իրավիճակը: Աշխարհը տագնապով հետեւում է, թե զարգացումները ուր են առաջնորդելու: Հայերս մտահոգվելու հավելյալ պատճառ ունենք, քանի որ Թուրքիան է մասնակից այդ զարգացումներին, որոնք հավելյալ դիվիդենտներ կարող են բերել Թուրքիային:

Համաշխարհային Առեւտրի կենտրոնի վրա 2001 թվի սեպտեմբերի 11-ին կատարված հարձակումից հետո, Մ. Նահանգները որոշեց պատերազմ մղել ահաբեկչության դեմ եւ տապալել թալիբների իշխանությունը Աֆղանստանում, որտեղ ահաբեկչական գործողություններն էին մշակվում եւ որտեղ դրանց կազմակերպիչներն էին ապաստանել:

Թալիբներին իշխանությունից հեռացնելուց եւ 9/11-ի գլխավոր մեղսակից Օսամա Բեն Լադենին սպանելուց հետո Մ. Նահանգները չհայտարարեց, որ իր առաքելությունն ավարտված է: Ի դեպ, Բեն Լադենը ապահով ապաստան էր գտել Պակիստանում, որ նույնպես համարվում է ահաբեկչության օրրան: Եվ հակառակ որ Մ.Նահանգները Պակիստանին հեռավոր դաշնակցի կարգավիճակում էր պահում, Պակիստանի հետախուզությունն էլ ֆինանսավորեց, զինեց եւ ուղղորդեց թալիբների գործողություններն ընդդեմ Աֆղանստանում տեղակայված ամերիկամետ կառավարության:

Վաշինգտոնը բոլորովին էլ բավարարված չէր ահաբեկիչներին սանձելու եւ երկրի ենթակառուցվածքները ապամոնտաժելու իր գործողություններով: Նա սկսեց պետություն կառուցելու մի գործընթաց, առաջնորդվելով արեւմտյան ոճի ժողովրդավարություն պարտադրելով երկրին, որտեղ ժողովուրդը բոլորովին տարբեր իրականության մեջ է ապրում եւ ունի տարբեր զգացողություններ:

«Outlook» պարբերականի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Արյուն ավազի վրա» խորագրով հոդվածում Ջեֆրի Սաչսը գրում է. «Աֆղանստանում Մ. Նահանգների առաքելության ձախողումը ահավոր է: Դա դեմոկրատների կամ հանրապետականների ձախողումը չէ, այլ ամբողջ ամերիկյան քաղաքական եւ դիվանագիտական մշակույթի ձախողումը, որ արտացոլում է քաղաքականությունը կերտողների անտարբերությունը հանդեպ այլ հասարակությունների եւ այլ մտածողության տեր մարդկանց: Եվ դա շատ տիպիկ է: Աշխարհում կատարված ամերիկյան բոլոր ռազմական ներխուժումները ձախողվել են»:

Եթե ժողովրդավարական իշխանություն ունենալը բխում է ժողովրդի կամքից, նշանակում է այդ ժողովուրդը բավական հասուն է հասկանալու եւ գործադրելու ժողովրդավարական ընթացակարգերը: Չկա այնպիսի ձեւաչափ, որ հարմար լինի բոլորին: Այդ պատճառով էլ Քաբուլում իշխող արհեստական կառավարությունը փլուզվեց, անմիջապես որ նախագահ Բայդենը հայտարարեց, որ մտադիր է վերջ դնել այնտեղ ընթացող հարատեւ պատերազմներին եւ ետ քաշվել, նույնիսկ մինչեւ թալիբների կցկտուր բանակը կհասցներ բեռնատարների վրա տեղակայված գնդացիրներով առաջ շարժվել: Այդտեղից էլ սկսվեց երկրից խուճապահար փախչելու գործընթացը: Ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել ամերիկացի հարկատուների վճարած մեկ տրիլիոն դոլարն իզուր վատնելու համար:

Նախագահ Բայդենի որոշման ճիշտ կամ սխալ լինելը կորոշվի միջանկյալ ընտրությունների արդյունքով:

Առանձնապես թալիբների նկատմամբ հակակրանք չկար Ռուսաստանում եւ Չինաստանում, երբ նրանք գրավեցին Քաբուլը, քանի որ այդ երկրները չեզոք դիրք էին բռնել Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմների հանդեպ: Ընդհակառակըՙ երբեմն նույնիսկ քաղաքական օժանդակություն էին առաջարկել թալիբների առաջնորդներին: Սակայն շատ վաղ է ուրախանալ ամերիկյան քաղաքականության ձախողման առիթով, որովհետեւ նորընթաց սցենարը հավանական է նոր մտահոգությունների պատճառ դառնաՙ հաշվի առնելով Թուրքիայի ազդեցության ընդարձակումը տարածաշրջանում:

Հենց նման զարգացումն էլ ազդելու է նաեւ Հայաստանի վրա:

Նույնիսկ նախքան Աֆղանստանում Թուրքիայի ներկայության հետեւանքները քննարկելը, Ղարաբաղում լուրջ ահազանգեր հնչեցին: Արտգործնախարար Դավիթ Բաբայանը «news.am»ին հաղորդեց, որ իշխանությունը թալիբների ձեռքն ացնելուց հետո, «Ալ-Ղաիդայի» մարտիկների մի մասը շտապ տեղակայվում է Ադրբեջանի կողմից գրավված Արցախի Հանրապետության տարածքներում: Դրանով Թուրքիան ցանկանում է պահպանել մարտիկների որոշակի քանակ, որ նա կարողանա օգտագործել աշխարհի տարբեր շրջաններում, ինչպես Միջին Արեւելքում եւ այլուր: Ղարաբաղի գրավյալ տարածքներում արդեն իսկ «բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ կան, որոնք Ադրբեջանի վերահսկողությունից դուրս են: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան իր դիրքերն է ամրապնդում Ադրբեջանում»:

Ակներեւ է, որ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին հաղթանակ պարգեւելուց հետո Թուրքիան, փոխարենը, ձեռք է բերել Ադրբեջանի ամբողջական վերահսկողությունը:

Նախագահ Ալիեւը շարունակում է սպառնալ Հայաստանին, չգիտակցելով, որ իր երկրի ինքնիշխանությունն է վտանգված: Նման զարգացման նշաններ կարելի է տեսնել Բալկաններ կատարած այցից հետո տուն վերադառնալիս Էրդողանի հայտարարության մեջ, որտեղ Ալիեւի գլխի վերեւից թռնելով Հայաստանի հետ խաղաղության պայմաններն էր ուրվագծում:

Ադրբեջանում աֆղան ահաբեկիչների կուտակումը մտահոգիչ լուրջ վտանգ է Հայաստանի համար: Սակայն իսկական վտանգը, իր սաղմնական վիճակում, թերեւս գտնվում է հենց Աֆղանստանում:

Իր օսմանական ծրագրերը իրականացնելու համար Էրդողանը երկսայր քաղաքականություն է վարում, իսլամական կամ թուրքական ինքնությունը որպես զենք օգտագործելով: Կենտրոնական Ասիայում «մադրասաներ» (երիտասարդ սերնդի համար ծայրահեղ մահմեդական կրթօջախներ) հիմնելը շոշափելի արդյունք չտվեց, քանի որ այդ երկրների ժողովուրդները մեծացել եւ կրթվել էին խորհրդային իշխանության աթեիստական մթնոլորտում: Այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահը գերադասեց ապավինել այդ երկրների ռասսայական եւ լեզվական ընդհանրություններին, որը կարծես արձագանք գտնում է այդ տարածաշրջանում: Էրդողանի «Մեկ ազգ-երկու պետություն» բանաձեւը շուտով ներառելու է նաեւ Կենտրոնական Ասիան:

Աֆղանստանում Թուրքիան կարիք չունի «մադրասաներ» հիմնելու, որպեսզի կրոնը որպես զենք օգտագործի: Թալիբները Էրդողանի հետ նույն հարթության վրա են: Վերջինս խոստովանել է. «Մենք միեւնույն հավատն ենք դավանում»: Ստամբուլի «Այա (Հաջիա) Սոֆյա» մզկիթի նախկին գլխավոր իմամՙ Մեհմետ Բոյնուկալինը գովաբանելով թալիբներին ասել է. «Թող Ալլահը օգնի նրանց եւ հնարավորություն ընձեռի երկիրը ճշմարտությամբ եւ արդարությամբ իշխելու»: Այդ արդարությունը, իհարկե, գործադրվելու է Շարիայի օրենքներով, որտեղ գլխատումները, անդամահատությունները, կանանց ստրկացումները, սեռական խեղումներն ու քարկոծելով մահվան դատապարտումները արդարացված են:

Թուրքիան առաջին երկիրն էր, որ նախաձեռնեց բանակցել թալիբների հետ: Նախագահ Էրդողանը գովեց թալիբների «ռեֆորմիստական մոտեցումը»:

Աֆղանստանի իշխանության տապալումից առաջ Վաշինգտոնը Թուրքիային էր հանձնարարել ստանձնել «Քաբուլի օդակայանի օպերացիան»: Բայց Թուրքիան, ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ զուգահեռ, ետ քաշեց իր զորքերը եւ այժմ ավելի շահավետ գործարք է ցանկանում կնքել թալիբների հետ, հույս ունենալով «բեռը կիսել» ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:

Քաթարում թալիբների քաղաքական բյուրոյի խոսնակ Մոհամմադ Նայիմ Ուորդաքը հայտարարել է. «Թուրքիան կարեւոր երկիր է: Թուրքերը մահմեդական են եւ եղբայրական ժողովուրդ, եւ մենք պատմական ու մշակութային հարաբերություններ ունենք նրանց հետ: Մեր հարաբերություններում գլխավորում են երկու գործոններ: Առաջինը իսլամական կրոնի սկզբունքներն են, երկրորդըՙ երկրի եւ ժողովրդի բարօրությունը ապահովելը»:

Այնպես որ, նախագահ Էրդողանը այնտեղ գտել է բարեբեր հող սերմանելու համար իր իսլամական ծայրահեղությունը եւ բոլորովին կարիք չունի մոլեռանդության հավելյալ ջանքեր գործադրելու: «Թալիբների հետ մեր առաջին բանակցությունները արդեն տեղի են ունեցել: Դրանք տեւել են երեքուկես ժամ եւ անհրաժեշտության դեպքում մենք դարձյալ կբանակցենք», ասել է նա:

Ակներեւ է, որ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ Թուրքիան հանձն է առել օգնել Աֆղանստանին խթանելու երկրի տնտեսությունը եւ ռեսուրսները, պայմանով, որ ճանաչի թալիբներին որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, այն դեպքում, երբ ՄԱԿ-ն ու աշխարհի գլխավոր պետությունները ահաբեկչական խմբավորում են բնութագրում այդ կազմակերպությանը:

Թալիբների առաջնորդները համաձայնել էին, որ Թուրքիան ստանձնի Քաբուլի «օդակայանի օպերացիան», բայց Թուրքիան պնդում է, որ նրանք պետք է ապահովեին անվտանգությունը: Անկարան պատճառներ է որոնում, որպեսզի կարողանա իր զորքերը մտցնել Աֆղանստան: Վերջերս իրագործված ինքնասպանական հարձակումները ձեռնտու են Թուրքիային, ինչպես Ռաջիփ Սոյլուն գրում է «Middle East Eye» լրատվամիջոցում: «Թուրքիան հավատացած է, որ Քաբուլի օդակայանի մոտակայքում իրականացված մահաբեր ռմբակոծումը ամրապնդում է այն տեսակետը, որ զգալի քանակությամբ թուրքական զորքեր են անհրաժեշտ տեղակայել, որպեսզի ապահովեն օդակայանի անխափան աշխատանքը»:

Հենց Թուրքիան իր զորքերը մտցնի Աֆղանստան, իրավիճակը Կիպրոսից եւ Ադրբեջանից տարբեր չի լինելու: Դրանք լինելու են «օկուպացիոն զորքեր»: Սակայն աշխարհառազմավարական հետեւանքները առավել վտանգավոր են լինելու տարածաշրջանի երկրների համար: Թուրքիան ռազմականորեն շրջափակելու է Հայաստանին ու Իրանին եւ քաղաքական տեսակետից ավելի է մոտիկանալու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, սպառնալով Չինաստանի եւ Ռուսաստանի շահերին եւ անվտանգությանը:

Աֆղանստանն արդեն անկայունություն առաջացրել է Կենտրոնական Ասիայում, հատկապես Տաջիկստանում, որ Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այժմ այդ սպառնալիքը ավելի է ուժեղանալու, երբ Թուրքիան ամրապնդի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում:

Հայաստանը շուտով ստանձնելու է ՀԱՊԿ-ի ղեկավարումը, որ փոփոխակիորեն է իրականացվում, եւ առաջինն է լինելու Կենտրոնական Ասիայում թուրքական նկրտումների բեռը կրողը:

Մինչ Թուրքիան որոշակի համաձայնությունների է գալիս Ռուսաստանի հետ թեժ կետերի հարցերը լուծելուց, այն չի թաքցնում, որ կարող է Ռուսաստանը պայթեցնի ներսիցՙ գործի դնելով 25 միլիոն մահմեդականներին: Միաժամանակ նա զինում է Ուկրաինային բայրաքթար ԱԹՍ-երով, որպեսզի Ղրիմը հետ վերցնի:

Արեւմուտքին ինտեգրվելու եւ իր կարեւոր դերակատարությունը ապացուցելու համար նա չի խուսափելու անկայունություններ առաջացնելուց նաեւ Ռուսաստանի հարավային սահմաններում: Դրանց ի պատասխան Ռուսաստանը կարող է իր ռազմական ուժերը կենտրոնացնել այդ շրջաններումՙ անպաշտպան թողնելով Կովկասը, որտեղ Հայաստանն արդեն գտնվում է օրհասական վիճակում:

Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումները նախ Պակիստանի եւ Մալայզիայի հետ «կամուրջներ կապեց»: Այդ էր պատճառը, որ Պակիստանի օդուժը միացավ Թուրքիային եւ անկախ ջիհադիստներին Ղարաբաղի դեմ մղված 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ պատերազմը պնդացրեց Թուրքիայի հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ իր ներկայությունըՙ Կովկասում: Հաջորդ «ընդարձակումը» լինելու է Աֆղանստանը, Մալայզիան եւ Ադրբեջանը իր հովանու տակ վերցնելը: Այդպիսով հեռավոր շատ երկրներ, որոնք բոլորովին կապ չունեն Հայաստանի հետ, դառնալու են, ինքնաբերաբար, Հայաստանի թշնամիները: Անկարան առաջնորդն է դառնալու իսլամական մի դաշնության, որի կազմում լինելու են Պակիստանը, Քաթարը, Աֆղանստանը, Մալայզիան եւ Ադրբեջանը: Դրանք մարտահրավեր են նետելու միաժամանակ ե՛ւ ՆԱՏՕ-ին, ե՛ւ ՀԱՊԿ-ին, իսկ արանքում «քամելու» են Հայաստանին: Մեզանից ոմանք, ովքեր հավատացած էին, թե Աֆղանստանը հեռավոր մի երկիր է, եւ այնտեղի դեպքերը մեզ չեն վերաբերում, շուտով գիտակցելու են, թե ինչքան մոտ է այդ երկիրը Հայաստանին:

Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ