RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2743, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՐՆ Է ԻՐԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Դիվանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

44-օրյա պատերազմի գրեթե ողջ ընթացքում հայկական կողմի հայացքն ուղղված է եղել բոլոր այն երկրներին, որոնց հետ պաշտոնական Երեւանն ունեցել է դաշնակցային, երկկողմ տնտեսական շահերի վրա հիմնված փոխշահավետ ու բարիդրացիական հարաբերություններ: Բնականաբար, հայկական կողմի սպասելիքները բարեկամ երկրներից եղել են դիվանագիտական աջակցությունից սկսած մինչեւ զենքի մատակարարումն ու անհրաժեշտ ապրանքների տարանցման համար տարածքների տրամադրումը, լոգիստիկ աջակցությունից սկսած մինչեւ բարոյահոգեբանական օժանդակություն:

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները մեր անկախացումից ի վեր եղել են բարեկամական ու բարիդրացիական: Հետեւաբար, Երեւանն ակնկալում էր նաեւ Թեհրանի համերաշխ մոտեցումն ու բարեկամին բնորոշ վերաբերմունքը իր համար ծանր ու ճակատագրական պահին:

Սակայն, այդ ժամանակահատվածումՙ հայ-ադրբեջանական առճակատմանը զուգահեռ, Բաքվում ավելի էին սրվում հակաիրանական տրամադրությունները: Միաժամանակ, Իրանում ավելի սուր բնույթ էր ստանում հարցի կարգավորմանը միտված լուծումների շուրջ տեսակետների բախումը: Հայաստանի համար այդ վճռորոշ շրջանում Իրանում շրջանառվում էր Ադրբեջանի Հանրապետությանն անվերապահ աջակցություն ցուցաբերելու մասին տեսակետը, որի հակադիր կողմում դիրքավորվել էին հարցի կարգավորմանն ուղղված պաշտոնական Թեհրանի դրական չեզոքություն պահպանելու պահանջով կողմնակիցները:

Ադրբեջանի Հանրապետությանն անվերապահ աջակցելու պահանջով հանդես եկող իրանցիները հավատացած էին, որ հաշվի առնելով Իրանի ու Ադրբեջանի միջեւ առկա կրոնադավանական ու էթնիկ ընդհանրությունները, ինչպես նաեւ առեւտրատնտեսական շահերից բխող հետաքրքրությունները, Իրանը պետք է պաշտպանի շիա Ադրբեջանին:

Ի հակադրություն դրա, չեզոքության կողմնակիցներն Իրանում հավատացած էին, որ ռազմական գործողությունները, երկու հարեւան երկրներում զոհեր ու ավերածություններ պատճառելուց բացի, սպառնալիք են հանդիսանում նաեւ Իրանի սահմանամերձ շրջաններում բնակվող իրանցիների համար: Բացի այդ, պատերազմն այն հարմար առիթն էր, որ Իսրայելը կարող էր օգտագործել Իրանի սահմանների մոտ դիրքավորվելու համար: Հետեւաբար, Իրանը պետք է ջանքեր գործադրեր կանխելու ռազմական գործողությունների ծավալումն ու նպաստեր երկու ժողովուրդների միջեւ արդար խաղաղություն հաստատելու գործին:

2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածումՙ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, պաշտոնական Թեհրանը շնորհակալություն հայտնեց Ռուսատանինՙ միջնորդական առաքելությամբ պատերազմը կանխելու համար, շնորհավորեց Ադրբեջանինՙ իր տարածքներն «ազատագրելու» կապակցությամբ եւ, արտահայտելով ԻԻՀ ազգային անվտանգության շահերը, հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է:

Ի դեպ, Բաքվում Իրանի նախկին եւ ներկայիս դեսպաններ Մոհսեն Փաքաինն ու Սեյյեդ Աբբաս Մուսավին տարբեր առիթներով հայտարարել են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտինՙ Ադրբեջանի անվտանգության խնդիրը համարելով Իրանի կարմիր գիծը:

Երբ օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, Երեւանում Իրանի դեսպանության ամբիոնն օգտագործելով, պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ «Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում եւ հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման եւ ապաշրջափակման նպատակի իրագործումը» :

Կարդալով հայտարարությունը, Հայաստանում շատերը նկատեցին, որ դիվանագիտական ձեւակերպումներով եւ չեզոքության պահանջների հաշվառմամբ կազմված ԻԻՀ դեսպանության տեքստում բացակայում էր Իրանի կարմիր գծերի մասին մտահոգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ