RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3066, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱՇՆԱԿԻՑԴ Է...

«Ազգ»

Շատեր ճիշտ են նկատել. Սփյուռքում կան մարդիկ, որոնք մեզնիցՙ հայաստանաբնակներիցս ավելի աչալուրջ հետաքրքությամբ են հետեւում հայաստանյան ներքին իրադարձություններին, անգամՙ տարբեր առիթներով արտասանված խոսքերի մանրամասնություններին: Եվ դա լավ է, մանավանդ եթե տվյալ անձը ասպարեզով լրագրող է, այս պարագայումՙ խմբագիր:

Իրադարձություններին ուշադիր հետեւելու նման օրինակ է ցույց տվել Բեյրութում հրատարակվող ՌԱԿ 84-ամյա պաշտոնաթերթ «Զարթօնքի» պատասխանատու խմբագիր Սեւակ Հակոբյանը, որը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության խոսնակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանին եւ նրա ուշադրությանը հանձնել վերջերս Հայոց խորհրդարանում ի պաշտպանություն իր թիմակից պրն Իշխան Սաղաթելյանի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի առաջադրման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում թույլ տված պատմագիտական կոպիտ սխալը, որը չի արդարանում, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է դաշնակից կուսակցությանը...

Վերոհիշյալ ելույթում գեներալ Ս. Օհանյանը, ինչպես կարդում ենք «Զարթօնքի» օգոստոսի 9-ի համարում, ՀՅԴաշնակցությանը որակել է իբր «մեր պատմության ամենահին ավանդական քաղաքական ուժ», որը «Զարթօնքի» խմբագիրը առաջարկել է սրբագրել:

Մեր հերթին, որեւէ տեղ չհանդիպելով նման սրբագրմանը, հարգարժան գեներալի ուշադրությանն ենք հանձնում պատմական փաստը, որ ՀՅԴաշնակցություն կուսակցությունից առաջ մեր ժողովրդի ազգային-քաղաքական կյանքում ծնունդ են առել ու գործել երկու կուսակցությունՙ Արմենական կուսակցությունը 1885 թ.ինՙ Արեւմտահայաստանի մայրաքաղաքը համարվող Վանում, Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը 1887 թ.ինՙ Ժնեւում, իսկ ՀՅԴաշնակցությունը 1890 թ.ինՙ Թիֆլիսում: Իսկ ինչ վերաբերում է ավանդական մեր մյուսՙ Ռամկավար Ազատական կուսակցությանը, այն պաշտոնապես հիմնադրվել է 1921 թ.ինՙ Կ. Պոլսում, Արմենական կուսակցության վերապրող անդամների, Վերակազմյալ Հնչակյան, Ազատական-Ազգայնական եւ Սահմանադիր Ռամկավար Կուսակցությունների համաձուլումից:

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Արմենական կուսակցությունն է եղել կազմակերպիչը 1896 թ.ի Վանի հերոսական առաջին ինքնապաշտպանությանը, իսկ երկրորդիՙ 1915-ի ինքնապաշտպանության ժամանակ Զինվորական խորհրդի (մերօրյա հասկացողությամբՙ ԶՈՒ գլխավոր շտաբի) ղեկավարը եղել է արմենական նշանավոր հայդուկ Արմենակ Եկարյանը:

«Ազգ»ի խմբագրությունը պատրաստ է ցանկության դեպքում հարգարժան գեներալին տրամադրել համապատասխան գրականություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ