RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3198, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՍԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

Օգոստոսի 15-ի թալիբների հաղթական մուտքը Քաբուլ հավակնում է դառնալ տարածաշրջանի վերջին տասնամյակի գլխավոր աշխարհաքաղաքական իրադարձություններից մեկը: Հավանական է, որ ժամանակը մոռացության կմատնի թալիբների կայծակնային հաղթարշավի մասին պատմող բացահայտված ու չբացահատված էջերը, ԱՄՆ-ի եւ նրան աջակցած դաշնակիցների նկատմամբ թալիբների վրեժխնդրությունների դաժան տեսարանները, փանջշերյան դիմադրության շարժման առաջնորդ, Աֆղանստանի ազգային հերոս Ահմադշահ Մասուդի որդու սխրանքները, միջազգային հանրության վերաբերոմունքն ու գործադրած քայլերը: Բայց սերունդները չեն մոռանա Քաբուլի օդանավակայանից երկինք բարձրացած ամերիկյան ինքնաթիռից մի քանի աֆղան երիտասարդների վայր ընկնելու սահմռկեցուցիչ տեսարանները:

Հավանաբար տեղի ունեցածը կհիշվի որպես մեր տարածաշրջանում մի տարաբախտ ժողովրդի «ազգակերտման» կամ Աֆղանստանում «ժողովրդավարության» հաստատմանն ուղղված ԱՄՆ գործադրած ջանքների ձախողում:

Երբ Խորհրդային Միությունն Աֆղանստանում իր «ինտերնացիոնալ պարտքը» կատարելիս անփառունակ պարտությունից հետո ետ էր քաշվում, Սպիտակ տունը ցնծության մեջ էր: Այժմ, երբ ամերիկացիներն են շատերի համար անհասկանալի եղանակով նահանջում, հավանաբար կրեմլաբնակներն են բերկրանքի պահեր ապրում:

Այո, պատմությունն անակնկալներ մատուցելու հարցում մրցակից չունի: Եվ հայտնի չէ, թե մի քանի տարի անց ո՞վ, ո՞ւմ պարտության համար է ցնծալու կամ ողբալու: Առայժմ միայն կարող ենք փաստագրել բազում հետեւանքներով հղի ԱՄՆ խայտառակ պարտությունը, որից, ամենայն հավանականությամբ, անմասն չեն մնալու ո՛չ միայն Աֆղանստանի հետ սահմանակից ու այդ երկրի հետ ընդհանուր շահեր ունեցող պետությունները, այլ նաեւՙ Հայաստանը:

Եթե Երեւանը ճշգրիտ հաշվարկներով ամրագրված քայլեր չձեռնարկի, հավանական է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների թվին կավելանա նաեւ Պակիստանի քաղաքական ազդեցությունը կրող եւ Թուրքիայի հետ հատուկ հարաբերությունների հաստատման եզրին կանգնած թալիբների ապագա պետությունը:

Անկախ մեր հարեւան Իրանի հետ թալիբների ապագա հարաբերություններից, Թեհրանն ունենալու է քաղաքակրթական այլ կերտվածքով օժտված Երեւանի հետ հարաբերությունները հավասարակշռելու հարցում նոր կարգավիճակով քաղաքական ասպարեզ իջնող Քաբուլի կամայականությունների հետ հաշվի նստելու հրամայականը, ինչը հարեւան Իրանի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նոր ասպարեզ է բացում Երեւանի առջեւ:

Անկախ Աֆղանստանի հարցում ԱՄՆ պարտության պատճառով Հայաստանի դաշնակից ՌԴ խանդավառությունից, անհնար է անտեսել Ռուսաստանի առանցքայնությամբ ձեւավորված ՀԱՊԿ-ին անդամակցող Տաջիկստանի համար Աֆղանստանում ընթացող դրամատիկ իրադարձությունները եւ վերջիններիս սպառնացող վտանգներին Հայաստանիՙ որպես կազմակերպության ռոտացիոն կարգով ապագա նախագահողի անհաղորդ լինելը:

Այո, հրատապ լուծումներ պահանջող բազում հիմնահարցերից բացի, այսօր Հայաստանը պետք է կողմնորոշվի նաեւ աշխարհին միջազգային ճանաչման հայցով ներկայացած Աֆղանստանի հետ հարաբերակցվելու բարդ ու պատասխանատու հարցում:

Եվ ամենակարեւորըՙ Հայաստանը պետք է դասեր քաղի դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու նախադեպերից ու կարեւորի ոչ թե ուրիշների ձեռքին գործիք դառնալու, այլ ճկուն դիվանագիտության շնորհիվ գործոն դառնալու եւ սեփական ուժին ապավինելու ֆենոմենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ